Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը նախօրեին հրապարակված զեկույցում, արդեն տասներորդ տարին անընդմեջ, Հայաստանը դասել է «մասամբ ազատ» համարվող երկրների շարքում, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու թեեւ բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն: «Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում որեւէ փոփոխություն չի արձանագրվում ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների ուղղությամբ. տպավորություն է, կարծես Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով զեկույցը` ասել է «Freedom House»-ի վերլուծաբան Քեթրին Մաչալեքը: «Հիմնական տպավորությունն այնպիսին է, կարծես այժմ Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է, փոփոխությունները աննշան են երկու ուղղություններով էլ` թե՛ բացասական, թե՛ դրական,- նշել է նա` ավելացնելով,- 2011-ի միակ փոքրիկ բարելավումն այն էր, որ իշխանությունը վերացրեց Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վրա դրված արգելքը եւ երկխոսության մեջ մտավ ընդդիմության հետ` բանտերում մնացած ընդդիմադիրներին ազատ արձակելու, մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու շուրջ: Մենք դրական ենք գնահատում 2011-ին Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսությունը, սակայն թերահավատ ենք դրա տված արդյունքների հարցում»: Մեկնաբանելով երկխոսության նկատմամբ իրենց կողմից դրսեւորվող թերահավատությունը, վերլուծաբանն ասել է, որ ամեն անգամ, երբ այդ երկխոսությունը ընթանում էր իշխանությունների համար անցանկալի ուղղությամբ, նրանք փորձում էին դուրս գալ դրանից։ «Այնպես որ, չէի ասի, թե իշխանությունը լիովին բաց էր եւ իսկապես ուզում էր փոփոխությունների գնալ»,- նշել է «Freedom House»-ի ներկայացուցիչն ու որպես ասվածի ապացույց` ներկայացրել է Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումները: «Այդ գործընթացում ընդդիմության պահանջներն այդպես էլ չընդգրկվեցին, ինչը դժվար թե նպաստի ընտրությունների ավելի լավ անցկացմանը ապագայում»,- ասել է նա` շեշտելով, թե միջազգային իրավապաշտպանների համոզմամբ, պաշտոնական Երեւանը կատարված թեկուզ չնչին, այդուամենայնիվ` բարեփոխումներին, գնացել է ոչ թե համակարգային փոփոխությունների նպատակով, այլ ներքին լարվածությունը ցրելու համար` աչքի առջեւ ունենալով Մերձավոր Արեւելքում սկիզբ առած բողոքի ցույցերն ու հեղափոխությունները: «Չէի ասի, որ այդ բարեփոխումները կատարվել են երկրի ներսում առկա քաղաքական կամքի պատճառով, ավելի շատ դրանք դրսում` տարածաշրջանում, ու դրա սահմաններից հեռու` արաբական աշխարհում ծավալվող զարգացումների արդյունք էին: Մտավախության, որ նույն բանը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում,- հայտարարել է «Freedom House»-ի վերլուծաբանը` ավելացնելով,- Դրանք, իմ համոզմամբ, ավելի շուտ վարչակազմը կործանումից փրկելու նպատակ ունեին` քան իրական առաջընթացի»: