«Ով ինձ կասի` խոտան է, կասեմ` նա ոչխար է»

21/01/2012

«Խոտան Ազգային ժողովը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել` բարելավելու երկրում ստեղծված ծայրահեղ լարված վիճակը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը` հավելելով, որ «խոտան է նաեւ խոտան խորհրդարանի Ընտրական օրենսգիրքը, որով պետք է երկիրը գնա համապետական ընտրությունների»: «Այս օրենսգիրքը ստեղծված է ընդամենը ՀՀԿ իշխանությունը շարունակելու համար եւ շատ անգրագետ է գրված: Բայց մենք փոփոխություններ կատարելու ժամանակ ունենք: Մեծամասնական ընտրակարգը ապօրինությունների որջ է, պատգամավորները տարիներով խորհրդարան չեն գալիս: Մեծամասնականով պատգամավորներն ընտրվում են սեփական բիզնեսի շահերը պաշտպանելու համար»,- ասել է Ֆ. Խաչատրյանը: Նրա խոսքով` «համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման ժամանակ պատասխանատվությունն ընկնում է կուսակցությունների վրա, իսկ վերջիններս, սեփական վարկանիշը պահելու համար, ամեն պատահական մարդու չեն ներառի իրենց ցուցակներում»: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր հերթին նշել է, որ երկու անգամ ընտրվել է` համամասնական, երկու անգամ էլ` մեծամասնական ընտրակարգով: «Ո՞րն է տարբերությունը: Այն մարդը, ով ինձ կասի` խոտան է, ես էլ կասեմ` նա ոչխար է: Ինչքան էլ հարգեմ մարդուն, թույլ չեմ տա ինձ վիրավորեն»,- ասել է նա: