«Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում որեւէ փոփոխություն չի արձանագրում ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների ուղղությամբ. տպավորություն է, կարծես Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է «Freedom House»-ի վերլուծաբան Քեթրին Մաչալեքը: Նաեւ հավելել է. «Հիմնական տպավորությունն այնպիսին է, կարծես այժմ Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է, փոփոխությունները աննշան են երկու ուղղություններով էլ` թե՛ բացասական, թե՛ դրական: 2011-ի միակ փոքրիկ բարելավումն այն էր, որ իշխանությունը վերացրեց Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վրա դրված արգելքը եւ երկխոսության մեջ մտավ ընդդիմության հետ` բանտերում մնացած ընդդիմադիրներին ազատ արձակելու, մարտի 1-ի 10 սպանությունները բացահայտելու շուրջ»: Չնայած այդ քայլերին` միջազգային կազմակերպությունը նախօրեին հրապարակված զեկույցում կրկին` արդեն տասներորդ տարին անընդմեջ, Հայաստանը դասել է «մասամբ ազատ» համարվող երկրների շարքում, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու թեեւ բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն: «Այո, մենք դրական ենք գնահատում 2011-ին Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսությունը, սակայն թերահավատ ենք դրա տված արդյունքների հարցում: Մենք հակված ենք առավել թերահավատորեն նայել այդ երկխոսությանը, տպավորություն էր, կարծես ամեն անգամ, երբ այդ երկխոսությունն ընթանում էր իշխանությունների համար անցանկալի ուղղությամբ, նրանք փորձում էին դուրս գալ դրանից: Այնպես որ, չէի ասի, թե իշխանությունը լիովին բաց էր եւ իսկապես ուզում էր փոփոխությունների գնալ»,- ասել է ամերիկացի վերլուծաբանը եւ որպես ապացույց` հիշատակելով Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումները: Նրա խոսքով` այդ գործընթացում ընդդիմության պահանջներն այդպես էլ չընդգրկվեցին, ինչը դժվար թե նպաստի ընտրությունների ավելի լավ անցկացմանը ապագայում: Ընդ որում, միջազգային իրավապաշտպանների համոզմամբ, պաշտոնական Երեւանը կատարված թեկուզ չնչին, այդուամենայնիվ` բարեփոխումներին, գնացել է ոչ թե համակարգային փոփոխությունների նպատակով, այլ ներքին լարվածությունը ցրելու համար` աչքի առջեւ ունենալով Մերձավոր Արեւելքում սկիզբ առած բողոքի ցույցերն ու հեղափոխությունները։ «Չէի ասի, որ այդ բարեփոխումները կատարվել են երկրի ներսում առկա քաղաքական կամքի պատճառով, ավելի շատ դրանք դրսում` տարածաշրջանում ու դրա սահմաններից հեռու` արաբական աշխարհում ծավալվող զարգացումների արդյունք էին: Մտավախության, որ նույն բանը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում»,- հայտարարել է «Freedom House»-ի վերլուծաբանը: Նաեւ ընդգծել է. «Դրանք, իմ համոզմամբ, ավելի շուտ վարչակազմը կործանումից փրկելու նպատակ ունեին, քան` իրական առաջընթացի»:
Անդրադառնալով առաջիկայում Հայաստանի պատմության մեջ ամենաազատ եւ թափանցիկ ընտրություններն անցկացնելու` իշխանության խոստումներին, միջազգային կազմակերպությունը փաստում է. առայժմ դրանց համար անհրաժեշտ նախադրյալները տեսանելի չեն: «Կարծում եմ` այդ հարցի պատասխանն առավել ակնհայտ կդառնա հաջորդ տարի, եթե շարունակվեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները` ընդդիմության հետ երկխոսության միջոցով, եթե իսկապես իրականացվեն Ընտրական օրենսգրքի դրույթները, որովհետեւ այն փաստը, որ օրենքը բարելավվել է, դեռեւս անպայմանորեն չի երաշխավորում, որ իրականում էլ ինչ-ինչ դրական փոփոխություններ կլինեն»,- ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Քեթրին Մաչալեքը: