ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է խոշոր հարկ վճարողների՝ նոյեմբեր ամսվա ցուցանիշները։ Ինչպես հայտնի է, ՊԵԿ-ն ամեն ամիս մշակում եւ վերլուծության է ենթարկում խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա ամսական տվյալների ամփոփ ցուցանիշները։
Վերլուծությունն իրականացվել է 2010 եւ 2011 թվականների նոյեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: Այսինքն՝ ցուցանիշները համադրելի են։ Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի խոշոր հարկատուների գործերը նոյեմբերին վատ չեն եղել. իրացումից հասույթը 2011թ. նոյեմբեր ամսին կազմել է 231.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 10.4 %-ով: Նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 216 կազմակերպությունների մոտ` 47.0 մլրդ դրամով, եւ նվազել 217-ի մոտ` 29.0 մլրդ դրամով: Ավելացել են նաեւ խոշոր հարկ վճարողների կողմից արտաքին առեւտրաշրջանառության ծավալները. ներմուծման ծավալները 2011թ. նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 19.2 %-ով եւ կազմել 77.3 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 142 կազմակերպությունների մոտ շուրջ 36.0 մլրդ դրամով եւ նվազել` 165-ի մոտ` համապատասխանաբար 23.3 մլրդ դրամով: Արտահանման ծավալները 2011թ.-ի նոյեմբերին կազմել է 32.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ամսվա 22.4 մլրդ դրամի փոխարեն կամ ավելի 4.5 մլրդ դրամով: Ինչ վերաբերում է պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշին, ապա 2011թ.-ի նոյեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.1 մլրդ. դրամ՝ հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 59.1 %-ը: Ընդ որում, ՊԵԿ-ում այդ ցուցանիշով չեն բավարարվել եւ խոշոր հարկատուների մոտ 2011թ. նոյեմբերին կատարել են 86 հարկային ստուգումներ։ Արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 1747.7 մլն դրամի չափով: Ավելացնենք նաեւ, որ ՊԵԿ հրապարակման համաձայն, 01.12.2011թ. դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 98.4 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 58.1 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 18.5 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ. նոյեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձեւակերպում է կատարվել 1584.4 մլն դրամի չափով:
Սրանք նոյեմբեր ամսվա ցուցանիշներն էին։ Դեկտեմբեր ամսվա եւ ընդհանուր 2012թ. մանրամասն ցուցանիշները դեռ հայտնի չեն։ Սակայն օրեր առաջ ՊԵԿ-ի եւ խոշոր հարկատուների հանդիպման ժամանակ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը մի քանի տվյալներ հնչեցրեց։ Նրա խոսքով, «Հաջողվել է խոշոր հարկ վճարողների կողմից ապահովել բյուջեով ծրագրավորված հարկային եկամուտների եւ պարտադիր սոցվճարների անհրաժեշտ մուտքերը: 2011 թվականին խոշոր բիզնեսը բյուջե է վճարել շուրջ 204,0 մլրդ դրամի հարկեր եւ 40,0 մլրդ դրամ պարտադիր սոցվճարներ: Նախորդ տարվա համեմատ` հարկերի գծով մուտքերի աճը կազմել է 19% կամ 32,0 մլրդ դրամ, իսկ պարտադիր սոցվճարների գծով` 43% կամ 12,0 մլրդ դրամ: Նշված հարկային եկամուտներում աճել է ուղղակի հարկերի (շահութահարկի եւ եկամտահարկի) տեսակարար կշիռը: Բյուջետային եկամուտների մեջ դրանք կազմել են 59,3%` նախորդ տարվա 97.0 մլրդ դրամի դիմաց կազմելով 121,0 մլրդ դրամ»: Ա. Արզումանյանը նաեւ ավելացրել էր, որ պետական բյուջեի հարկային եկամուտների կազմում աճել է խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը՝ նախորդ տարվա 54.5%-ից հասնելով 60%-ի։
Ի դեպ, հունվարի 17-ի հանդիպումը խոշորների հետ ինչ-որ տեղ նաեւ դիվանագիտական քայլ էր ՊԵԿ-ի կողմից։ Նման հանդիպումներ բազմիցս եղել են, սակայն այս տարի շեշտադրումները մի քիչ ավելի դրական էին. պատահական չէր, որ նշվում էր խոշոր հարկատուների վճարած հարկերի տեսակարար կշռի աճի մասին։ Ընդհանրապես, եթե ավելի գլոբալ նայենք, ավելի շատ պետք է ուրախանալ այն դեպքում, երբ ավելանում է փոքր ու միջին բիզնեսի վճարած հարկերի ծավալը։ Դա անուղղակիորեն վկայում է, որ փոքր բիզնեսը մրցունակ է, խեղդված վիճակում չի, կարեւոր դեր է խաղում պետբյուջեի ապահովման գործում, եւ այդ կարեւորությունը գնալով աճում է։ Հայաստանում, սակայն, բոլորն առաջնորդվում են այլ տրամաբանությամբ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Եթե հարկային վիճակագրությունը վկայեր փոքր բիզնեսի տեսակարար կշռի մեծացման մասին, ապա անմիջապես քննադատություններ կհնչեին, որ հարկային բեռը ծանրացել է փոքրերի ուսերին։ Մինչդեռ ավելի խորը նայելու դեպքում՝ խոշորների հարկերի ավելացումը պետք է որ ավելի խորը մտահոգությունների տեղիք տար, քանի որ վկայում է բիզնեսի եւ կապիտալի կենտրոնացման մասին։ Ճիշտ է, ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը 2 օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհամաձայնություն էր հայտնել այդ տեսակետին, սակայն այդ պնդումները հիմքից զուրկ չեն։
Վերադառնանք, սակայն, խոշորների հետ ՊԵԿ-ի հանդիպմանը։ Նույն հանդիպման ժամանակ ՊԵԿ ղեկավարությունը եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ այս տարվա բյուջեով նախատեսված լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի բեռը հիմնականում ընկնելու է հենց խոշոր բիզնեսի ուսերին։ Սակայն «կացնային» եղանակով անհնար կլինի հարկերը ապահովել, դրա համար հարկավոր են ավելի նուրբ մոտեցումներ։ Հարկային մարմինն ինքն է անմիջականորեն առնչվում հարկատուների հետ, եւ «վատամարդ» դուրս գալու ցանկություն չունի։ Մանավանդ որ, դա կարող է կասկածի տակ դնել բյուջեի կատարումը։ Դրա համար էլ, լրիվ հասկանալի է, երբ խոշոր բիզնեսը ներկայացվում է որպես տնտեսության սյուն, որի վրա պետք չէ հարձակվել, եւ որին պետք է վերաբերվել հարգանքով։
Այս քայլերը հասկանալի են, սակայն, անգամ այն դեպքում, եթե Հայաստանի բոլոր բիզնեսմենները՝ մեծ ու փոքր, մեծագույն պատասխանատվության զգացումով լցվեն պետության նկատմամբ, վտանգները դարձյալ չեն վերանում։ Եթե, Աստված ոչ անի, համաշխարհային ճգնաժամն այնուամենայնիվ իրեն զգացնել տա, ապա չեն օգնի ոչ ամենահմուտ դիվանագիտությունը, ոչ էլ ամենակոշտ վարչարարությունը։