«Սեւակը մեծ հովանավորներ ունի»

21/01/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ասում է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Հարթունյանի փաստաբանը

Մեր թերթի նախորդ համարում ներկայացրել էինք «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Հարթունյանի հետ հարցազրույցը: Զրույցին մասնակցում էր նաեւ Ն. Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին 9-ին` կալանավորվել, ապա մի քանի օր անց ստորագրությամբ ազատ է արձակվել Ն. Հարթունյանը: Նա մեղադրվում է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու եւ փողերի լվացման մեջ, ինչի համար որպես հիմք` ընդունվել է «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունում իրականացված հարկային ստուգումը: Ն. Հարթունյանը, սակայն, այդ ամենի մեջ մեղադրել էր ընկերության նախկին գլխավոր տնօրեն, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունուն: Հենց վերջինիս գործունեության որոշ մանրամասներին անդրադարձավ Ն. Հարթունյանի փաստաբան Լ. Հովհաննիսյանը: «Միգուցե Սեւակի երկրից գնալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ իր կողքի՞ն չէին իր թիկնապահները, որովհետեւ, ըստ էության, նրանք նաեւ ընկերներ էին, միգուցե, ինչպես ինքն էր ասել, վտանգված է իր անվտանգությո՞ւնը, քանի որ գումարներ չկան, ինչպես ինքն էր ասել` անձնական աշխատանք չկա, եւ ըստ էության` տարիներ շարունակ իր սնվելու աղբյուրը եղել է Հարթունյանների գումարը: Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ երբ 2002թ. նա ծանոթացավ Նարեկի հետ, նա ոչ միայն պարտքերի մեջ էր, ոչ միայն վարձով էր բնակվում, այլեւ Ղարաբաղում քրեական գործ էր հարուցվել նրա դեմ: Նա իր պարտքերը չէր կարողանում փակել, այդ իսկ պատճառով նաեւ հետախուզման մեջ էր»,- ասաց Լ. Հովհաննիսյանը: Փաստաբանի խոսքով` 2006թ. Ս. Արծրունին Ն. Հարթունյանի եղբորը` Սարո Հարթունյանին, առաջարկել է շահեկան գներով անշարժ գույք ձեռք բերել Երեւանի Մաշտոցի 33 ա հասցեում` շենքի ամբողջ 8-րդ հարկը: Ս. Հարթունյանն ընդունել էր այդ առաջարկը, ապա պայմանագիր էին կնքել: «Սարոն համաձայնեց, որովհետեւ առնվազն 4 նորմալ բնակարան կլիներ այդ հարկում իրենց ընտանիքի անդամների համար: Նոտարական կարգով պայմանագիր կնքեցին Վլադիսլավ Մանգասարյանի հետ, վճարվում է գումարը, որ կազմում է 1մլն 260 հազար դոլար, բայց շինարարությունը չկար, տների մասին խոսակցությունները ձգձգվում էին»,- նշեց Ն. Հարթունյանի փաստաբանը` նկատելով, որ 2010թ. Սարո Հարթունյանը տեղեկացել էր, որ վերոգրյալ հասցեում տարածքներ էր վաճառվում: Փաստաբանի կարծիքով` հենց այդ ժամանակից էլ անվստահություն ձեւավորվեց Սեւակի գործունեության նկատմամբ, քանի որ փաստացի չկային ոչ գումարը, ոչ էլ տարածքը: «Այնուհետ գալիս են երկրորդ խարդախ գործարքին, երկրորդ խարդախ առաջարկին: Առաջարկում են այդ տարածքի փոխարեն տալ Երեւանի Դավիթաշեն թաղամասում նորակառույց շենքում ոչ թե 800քմ, այլ 2800 քմ տարածք: Բնականաբար, շահավետ առաջարկ է անում, բայց Սարոյի մտավախությունն իր գումարները հետ բերելն էր կամ ինչ-որ երաշխավորագիր ստանալը: Այնուհետ կնքվում է համաձայնագիր, որը ստորագրում են «VMG» ընկերության տնօրեն Վլադ Մանգասարյանը, Սեւակ եւ Սարո Հարթունյանները: Համաձայն այդ համաձայնագրի` Սեւակին պետք է անցներ Դավթաշենի 2800քմ-ը` 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ հարկերից, եթե դա վտանգվի, ապա դրա փոխարեն պետք է անցներ Մաշտոցի 33ա հասցեի 5 հարկանի շենքը` 1708քմ-ով, իսկ որպես երաշխիք` Սեւակը պայմանագիր է կնքում այդ շենքի համար: Այդ ժամանակ վերականգնվում է Սարոյի վստահությունը»,- իրավիճակը հանգամանորեն ներկայացրեց Լ. Հովհաննիսյանը` նշելով, որ որպես կանոն` շինարարության մեջ գումար «ուտելը» ամենահեշտն է: Փաստաբանի կարծիքով` խոշոր գումարներով կառուցված Քնարավան գյուղում առ այսօր կան խնդիրներ, եւ այն գումարով, որ տրամադրվել էր այդ գյուղի կառուցման համար, կարելի էր կառուցել մի քանի գյուղ: «Սեւակն ունի մեծ հովանավորներ, հակառակ դեպքում դատարաններն օրենքի սահմանում կլուծեին հարցերը»,- ասաց փաստաբան Հովհաննիսյանը` ընդգծելով այն հանգամանքը, որ Ս. Արծրունին «Եռանավ» ընկերություն հիմնադրելով` Մաշտոցի 33 ա հասցեի տարածքը փոխարինել էր Դավթաշենի նորակառույց շենքի տարածքով: «Այս մասին ոչ մի տեղ չի խոսվում: Այսօր այդ տարածքը պատկանում է նրան, մինչդեռ դա պետք է պատկաներ Հարթունյաններին: Սեւակը դա համարեց ավանս, իսկ ինչի՞ մասին է խոսքը, եթե ընկերությունը որեւէ շահույթ չի ստացել նրա գործունեության ժամանակ, այլ եղել է ուղղակի թալան»,- ասաց փաստաբանը` ավելացնելով, որ Հարթունյաններին պատկանող ամբողջ գույքն այսօր կալանքի տակ է: Կալանքի տակ է դրված նաեւ Հարթունյաններին պատկանող Երեւանի Ժամացույցի գործարանի 34% բաժնետոմսերը: «Սեւակի հաշվարկները շատ հստակ են` նա գիտի, որ այսօր Հարթունյանները միջոցներ չունեն: Նրանք հազիվ պահում են «Նարեկացի» արվեստի միությունը: Այսինքն` Սեւակը լավ տիրապետում էր Հարթունյանների ֆինանսական ամբողջ հոսքին»,- հավելեց Լ. Հովհաննիսյանը: