Նյու Յորքի ակադեմիայի փորձագետները կին պրոֆեսոր Ֆոքսի գլխավորությամբ տվել են փոքր պետության սահմանումը: Ֆոքսի խումբը գտնում է, որ փոքր են համարվում այն երկրները, որոնք չեն տիրապետում բավարար զինված միջոցների` երկար ժամանակ դիմադրելու համար ավելի մեծ տերության ռազմական հարձակմանը: Ստացվում է, որ փոքր երկրների ճակատագիրը XXI լուսավոր դարում կախված է հզորների քմահաճույքի՞ց, որոնք ցանկության դեպքում նրանց կարող են ջնջե՞լ երկրագնդի երեսից, զրկե՞լ ապրելու իրավունքից:
Ամենեւին: Եթե պետությունը չունի բավարար զենք ու զինված ուժեր, նա գտնում է այլ միջոցներ: Այդ միջոցներից առաջնայինը դիվանագիտությունն է: Վաղ ժամանակներից մարդկությունն այն համարել է գոյատեւելու եւ միջազգային կոնֆլիկտներին դիմակայելու փրկարար միջոց: Միջին դարերում Նիկոլո Մաքիավելին իր գաճաճ պետության շահերից ելնելով` խորհուրդ էր տալիս նմանվել ծուղակից խուսափող աղվեսին, իսկ գայլերին վերացնելու համար` դառնալ առյուծ, ինչը, սակայն, բավարար չէ հակառակորդին հաղթելու համար: Մեծ մտածողի այլաբանորեն արտահայտած միտքը, թե պետության շահերի համար առաջնայինը դիվանագիտությունն է (աղվեսը), այլ ոչ թե ուժը (առյուծը), հարյուրամյակներ շարունակ արդարացրել է իրեն` առ այսօր: Այն, որ դիվանագիտությունը հզոր զենք է հատկապես փոքր երկրների ազգային-պետական շահերի, նրա սահմանների, տարածքային ամբողջականության պահպանման եւ ներքին խնդիրների հաջող լուծման համար` աքսիոմատիկ ճշմարտություն է: Ես մի առիթով փորձել եմ ապացուցել, որ երկրի դիվանագիտական համակարգի ճկունությունն ու հմտությունը հակադարձ համեմատական են նրա ռազմատնտեսական ներուժին: Այսինքն, որքան հզոր է երկիրը, այնքան թույլ է նրա դիվանագիտությունը: Եվ հակառակը: Կարծում եմ` այս գաղափարը, համենայն դեպս, գոյության իրավունք ունի: ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը, օրինակ, հասնում են իրենց նպատակին ոչ այնքան դիվանագիտական արվեստի նրբության կամ մեթոդների ճկունության շնորհիվ: Նրանց գործելակերպի մեջ, գաղտնիք չէ, որ հաճախ գերակշռում են «մկանային դիվանագիտությունը» եւ ուժի անթաքույց ցուցադրումը: Իսկ եթե փոքր պետությունը կարողանում է դիվանագիտական հմտությանը եւ պրոֆեսիոնալիզմին (եթե դրանց տիրապետում է) հաղորդակցել այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկրի աշխարհագրական դիրքը, օգտակար հանածոները, տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական բարձր ցուցանիշները (եթե դրանք կան), ապա կարելի է վստահաբար ասել, որ արտաքին գործերում նրա հաջողությունն ապահովված է: Դիվանագիտական միջոցների ճիշտ եւ խելամիտ օգտագործումը միանգամայն բարձրացնում է փոքր պետությունների դերը միջազգային հարաբերություններում: Ավելին` կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ փոքր պետությունը ոչ միայն պաշտպանի իրեն, այլեւ օգուտ քաղի հզոր պետությունների բախումից, ինչպես որ եղավ Սերբիայի պարագային` Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եւ Լեհաստանի դեպքում` Երկրորդ համաշխարհայինից առաջ:
Մենք, որքան թույլ են տալիս թերթի սահմանները, հպանցիկ խոսեցինք փոքր երկրի դիվանագիտության ընդամենը մի վեկտորի մասին, որը զուտ վերաբերում է տվյալ երկրի` լինի արտաքին, լինի ներքին, հետաքրքրություններին: Սակայն այդ արվեստը, որը նույնքան եւ գիտություն է, ունի մի մեծ, շատ մեծ հնարավորություն եւս: Խոսքը վերաբերում է փոքր պետության միջնորդական դիվանագիտությանը երկու այլ երկրների կամ երկրների խմբի միջեւ: Դիվանագիտության այս ուղղությունը զգալի զարգացում ապրեց անցյալ դարի երկրորդ կեսերին, երբ գաղութատիրության վերացումը նկատելիորեն վերաձեւեց աշխարհի քարտեզը, երբ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ազատագրված երկրները դարձան ակտիվ, անգամ առանցքային խաղացողներ միջազգային գետնի վրա: Միջուկային զենքի փորձարկումներ, բնապահպանություն, Հյուսիս-Հարավ երկխոսություն, Չմիացած երկրների շարժում` սա ամենեւին էլ լրիվ ցանկը չէ այն միջազգային միջոցառումների եւ կազմակերպությունների, որոնց լիիրավ մասնակիցներ դարձան փոքր պետությունները: Հետո, փոքր երկրների դիվանագիտությունն աստիճանաբար հնարավորություն ընձեռեց նրանց ներգրավելու մեծ երկրների եւ գերտերությունների բանակցային գործընթացների մեջ, որոնք հաճախ կրում են նուրբ ու գաղտնապահական (կոնֆիդենցիալ) բնույթ: Հնարավորություն` ոչ միայն ներգրավվելու, այլեւ մասնակցելու մեծ տերությունների միջեւ վիճահարույց հարցերի կարգավորմանը, որոնք ամենեւին էլ չեն շոշափում փոքր-միջնորդ պետությունների շահերը: Սա դիվանագիտության, ինչպես ասում են, «բարձր պիլոտաժ» է, որը պահանջում է մեծ փորձառություն, վարպետություն, քաղաքական կուլտուրայի պահանջվող մակարդակ: Փոքր-միջնորդ պետությունն այն ժամանակ է հաջողակ, երբ տանը նրա մոտ ամեն ինչ կարգին է, եւ երկրի ղեկավարն ունի միջազգային համարում: Ժողովրդավարության, խոսքի ազատության, լեգիտիմության, արդարության, համամարդկային այլ նորմերի ամենափոքր խախտումն իսկ ի չիք է դարձնում միջնորդի ամենաազնիվ մտադրությունն անգամ: Միջնորդ պետությունը պետք է ունենա անբասիր, անգամ ավելի բարձր միջազգային կշիռ, քան միջնորդվող պետությունը: Եվ պատահական չէ, որ միջնորդ պետությունների առաջին շարքերում են Շվեյցարիան, Շվեդիան, Ավստրիան, Նիդեռլանդները: Ի դեպ, այս վերջինս մեծ ավանդ ունի «միջազգային երկխոսությունների» անցկացման եւ կոնֆլիկտների կարգավորման ուղղությամբ: Իսկ Շվեյցարիայի դիվանագիտական կոդեքսում կա հատուկ կետ, որը պարտավորեցնում է շվեյցարացի դիվանագետներին` այլ երկրների դիվանագետներին օգնել բանակցելու գործում: Սա դառնում է նախանձի օբյեկտ, դրդիչ մոդել: Իսկ ինչո՞ւ` ոչ մենքգ
Արդ, Իրանի շուրջ ստեղծված գերլարված իրադրությունը շանս է ստեղծում հայկական դիվանագիտության համար` որպես փոքր-միջնորդ պետություն մտնելու Թեհրան-Վաշինգտոն-Մոսկվա-Եվրամիություն քաղաքական մեծ խաղի մեջ, եթե, իհարկե, մեզ ընդունեն: Նախադրյալներ, բոլոր դեպքերում, կան: Աշխարհագրական բարենպաստ դիրք, շահագրգիռ կողմերի հետ` նորմալ, իսկ դրանցից ոմանց հետ` բարեկամական-ռազմավարական հարաբերություններ: Այս առումով ամենամոտ առիթներից մեկը, թերեւս, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների երկու օր հետո կայանալիք հանդիպումն է Սոչիում: Անշուշտ, նրանք պետք է որ օգտվեն դրանից: Մնում է մի «փոքր» դետալ: Ապահովել մեծ քաղաքական խնդրի, որը բխում է հանրապետության ազգային-պետական շահերից, դիվանագիտական կողմը: Դրա համար, որքան ես եմ պատկերացնում, հարկ կլինի մոբիլիզացնել ԱԳՆ-ի կենտրոնական ապարատը, Հայաստանի դեսպաններին Իրանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, այդ երկրներում ծագումով հայ պետական եւ քաղաքական գործիչներին: Փորձը փորձանք չէ` ասել է խելոքներից մեկըգ
Իսկ դատելով մեր արտգործնախարարի վերջին ելույթից, հայկական դիվանագիտական ծառայությունն ի զորու է հեշտությամբ իրագործելու նման առաքելություն նույնպես` ելնելով այն փայլուն նվաճումներից, որոնք նախարարությունը ձեռք է բերել հաշվետու տարում: