Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որտեղ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում երկուշաբթի օրը քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որը հարուցել է Էրդողանի կառավարության դժգոհությունը, կոչ է արել Թուրքիային` «խոհեմություն» դրսեւորել: «Ֆրանսպրեսի» հաղորդմամբ` Ն. Սարկոզին իր նամակում գրել է. «Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք պահպանել մեր երկխոսությունը, ինչպես վայել է գործընկեր եւ բարեկամ պետություններին»,- ասված է Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան կողմից հրապարակված նամակում, որտեղ նաեւ ընդգծվել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից արդեն իսկ ընդունված օրինագիծը «ուղղված չէ որեւէ կոնկրետ երկրի կամ ժողովրդի դեմ»:
Արձագանքելով Սարկոզիի նամակին, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ի պատասխան` երեկ հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Նիկոլա Սարկոզին, նրա կուսակցությունը եւ Ֆրանսիայի Սենատը «ամենից առաջ կհարգեն եվրոպական արժեքները»: «Պատմությունը շահարկողները իրենք կտուժեն այդ շահարկումից»,- ասել է Դավութօղլուն: