Թումանյանի տուն-թանգարանը չի վաճառվի

21/01/2012

«Հովհաննես Թումանյանի տունը չի վաճառվի»,- այս մասին tert.am-ին ասել է ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով այս օրերին գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Վերջին աղմուկները, կապված հայ դասական Հովհ. Թումանյանի տան վաճառվելուն, այնքան էլ իրական չեն: «Մենք հանդիպել ենք այդ տան սեփականատիրոջ հետ, շատ արդյունավետ բանակցություններ իրականացան, տան տերը` Լեժավան, շատ ստույգ մեզ ասաց, որ ինքը գիտի, որ դա հայ մեծանուն գրողի տունն է, եւ տասը տարի ոչ ոք չի մոտեցել ու չի ասել, թե ինչ է կատարվում այդտեղ, ու հիմա ուզում է ամուսնանալ, եւ այլ բնակարան չունի: Մեզ ասաց, որ եթե մեկ ամսվա ընթացքում նույն թաղամասում նրան տանք համարժեք բնակարան, նա հանուն Թումանյանի, հանուն հայ ժողովրդի, բնակարանը կազատի եւ կվերադարձնի հետ: Ահա այդքանն է»,- ասել է փաստահավաք խմբի ղեկավար Լ. Անանյանը: Հարցին ի պատասխան, թե ի՞նչ կլինի մեկ ամսվա ընթացքում, կտրվի՞ արդյոք Լեժավային այլ բնակարան, Գրողների միության նախագահն ասել է, որ ինքը կգա եւ կզեկուցի կառավարությանը։ «Ես լավատես եմ, եւ գալուց հետո կզեկուցեմ մեր կառավարությանը: Կարծում եմ` կլուծվի այդ հարցը»,- ասել է նա: