103 երեխա դուրս է մնացել պարտադիր կրթությունից

21/01/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Հանրակրթության մասին» օրենքը սահմանում է ՀՀ հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի, պարտադիր հիմնական ընդհանուր կրթության եւ անվճար միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը: Թվում է, թե այս օրենքի կիրառությունը ենթադրում է, որ Հայաստանի քաղաքացի համարվող յուրաքանչյուր դպրոցական տարիքի երեխա պարտադիր կրթություն ստանալու համար պաշտպանված է ինչպես օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ սահմանադրությամբ: Սակայն իրականությունն այլ է: Մեր երկրում բազմաթիվ անչափահասներ լքում են դպրոցը` նախընտրելով աշխատել եւ ինչ-որ կերպ աջակցել օրվա հացի խնդիր ունեցող ծնողներին: Միայն 2010թ. Հայաստանում 5480 աշակերտ դուրս է մնացել հանրակրթական դպրոցներից: Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնապահպանական բաժնի տվյալներով` 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի դպրոցներից դուրս մնացած 5480 աշակերտների տարիքային խմբերը հետեւյալն են` մինչեւ 6 տարեկան` 15 աշակերտ, մինչեւ 7 տարեկան` 369, մինչեւ 8` 364, մինչեւ 9` 264, մինչեւ 10` 381 եւ այլն: Ի դեպ, մասնագետների գնահատմամբ` դպրոցներից դուրս մնացած աշակերտների թիվը ոչ թե նվազում է, այլ կտրուկ ավելանում է: Որպես օրինակ` նշենք, որ 2008-2009 ուսումնական տարվա սկզբին դուրս է մնացել 5876 աշակերտ, իսկ 2007-2008 ուս.տարվա սկզբին դուրս մնացած աշակերտների թիվը 3206 է: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնապահպանական բաժնի տվյալների` 2009-2010 ուստարվա ընթացքում դպրոցներից դուրս մնացած 5480 աշակերտների պատճառաբանությունները եղել են սոցիալական վատ պայմանները, կրթություն ստանալու ցանկության բացակայությունը եւ այլ հանգամանքներ: Ամեն դեպքում, մեր թերթի էջերում պարբերաբար ներկայացնում ենք այնպիսի ընտանիքների պատմություններ, որտեղ ծնողները մեկնաբանում են երեխային դպրոց չուղարկելու դրդապատճառները: 2011թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի 9 մարզերի 55 համայնքներում, ինչպես նաեւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ մոնիտորինգ է իրականացրել: Ուսումնասիրելով այդ տվյալները` հարկ է նշել, որ պատկերն իսկապես տխուր է: Պարզվում է` մայրաքաղաքի միայն մեկ վարչական շրջանի եւ 9 մարզերի 55 համայնքների շրջանում ընդհանուր առմամբ 103 երեխա դուրս է մնացել պարտադիր կրթությունից, ընդ որում` ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում` 42 երեխա:

Հելսինկյան կոմիտեի Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգող Հասմիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում կհրապարակվի իրենց պատրաստած զեկույցը: «Քանի որ կրթությունը Հայաստանում պարտադիր է, եւ մենք երեխաների իրավունքների հետ կապված տարբեր ուսումնասիրություններ ունեինք` արձանագրել էինք, որ մեր երկրում առկա է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիր: Նշեմ նաեւ, որ այս խնդրի հետ կապված հստակ վիճակագրություն չկա: Պաշտոնական ինչ տվյալներ էլ հրապարակվում են` չեն համապատասխանում իրար, դրա համար մենք փորձեցինք ուսումնասիրություն կատարել եւ բացահայտել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրի լրջությունը»,- ասում է նա: Հիշեցնենք, որ թեեւ Հայաստանում կրթությունը 12-ամյա է, այդուհանդերձ, պարտադիր համարվում է հիմնական` 1-9-րդ դասարանի երեխաների կրթությունը: Մենք հետաքրքրվեցինք, թե Հայաստանում առկա մոտ 900 համայնքներից մասնավորապես ի՞նչ սկզբունքով են ընտրվել ուսումնասիրության թիրախ հանդիսացող 55 համայնքները. «Ունենալով որոշակի նախնական տեղեկություններ եւ ահազանգեր, որոնց միջոցով տեղեկացել ենք պարտադիր կրթությունից դուրս մնացող երեխաների առկայության մասին` ընտրվել են վայրերը: Բացի այդ, ընտրվել են այն համայնքները, որտեղ դպրոց չկա կամ այն տարածքում է, որը հասանելի չէ երեխաների համար, եւ այլն: Օրինակ` Վայոց ձորի մեկ համայնքում դպրոց չկա, բայց մարզպետարանը մեքենա է տրամադրում երեխաներին հարակից գյուղ տեղափոխելու համար: Մարզերից մեկի մի համայնքում կա տարրական դպրոց, իսկ մյուսում` հիմնական: ՏԻՄ մարմինների աջակցության շնորհիվ նորից երեխաներին հարակից գյուղ տեղափոխելու տրանսպորտային միջոցի խնդիրը լուծվում է»,- ասում է Հ. Հովհաննիսյանը` վստահեցնելով, որ կան գյուղական համայնքներ, որտեղ փողոցների անանցանելիությունը նույնպես պատճառ է դառնում կրթությունից դուրս մնալու համար: Մասնավորապես գարնանային եղանակին շատ չքավոր ընտանիքների երեխաներ դպրոց չեն հաճախում, որովհետեւ «դպրոցը գտնվում է համայնքի ծայրամասում, որը մի քանի կիլոմետրի տարբերությամբ է: Եթե երեխան պետք է քայլելով գնա եւ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, չի ունենում համապատասխան կոշիկ, ապա նա նախընտրում է դպրոց չգնալ»:

Անդրադառնալով թափառաշրջիկ երեխաների խնդրին` Հ. Հովհաննիսյանը փաստում է, որ գյուղական համայնքներում այդ երեւույթը տարածված չէ, քանի որ գյուղերում բոլորն իրար ճանաչում են եւ, ամոթի զգացումից ելնելով, երեխաներն այդ քայլին չեն գնում: Ուսումնասիրության արդյունքում Շիրակի մարզում հայտնաբերվել է թափառող մեկ երեխա, որի անձը, սակայն, Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները չեն կարողացել պարզել: «Դիտարկումներ կատարվել են քաղաքների, ինչպես նաեւ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աղբանոցների շրջաններում, եկեղեցիների տարածքում, որտեղ մուրացկանության երեւույթ կա, եւ հնարավորինս էժան վարձատրվող այն աշխատանքների հնարավոր տարբերակները, որտեղ հնարավոր է երեխային որպես աշխատուժ օգտագործելը: Օրինակ` Գյումրիում արձանագրվեց տրանսպորտային փոխադրամիջոցների մեջ երեխայի աշխատանքի ներգրավվածություն»,- նշում է Հելսինկյան կոմիտեի Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգող Հ. Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ` պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ դպրոցը լքելու հիմնական դրդապատճառը սոցիալական վատ պայմաններն են. «Եթե ընտանիքում հացի խնդիր կա` ծնողը նախընտրում է մտածել երեխայի հացը հայթայթելու մասին, քան, օրինակ` գրենական պիտույքներ գնելու: Արդյունքում, եթե անգամ վատ պայմաններում ապրող երեխան գնում է դպրոց` այնտեղ արժանանում է խտրական վերաբերմունքի: Սոցիալական խնդիրը շատ կարեւոր է այս ոլորտում, բայց նաեւ կարեւոր է ծնողի կրթական ցենզը»: Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների երկրորդ խնդիրը ծնողների վերաբերմունքն է կրթության հանդեպ: Այսինքն` թե որքանով է ծնողը կարեւորում իր երեխայի կրթությունը: Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները գրանցել են դեպք, երբ ծնողն ինքն է երեխային ուղարկել աշխատանքի` հարեւանի անասնագոմը մաքրելու կամ ցախ կտրելու: Ընդ որում, երբ Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները գործատուի հետ զրուցել եւ հարցրել են, թե ինչո՞ւ է նա դպրոցահասակ երեխային աշխատեցնում` վերջինս պատասխանել է, որ պայմանավորվածություն ունի երեխայի մոր հետ, այլ կերպ ասած` այդ աշխատանքը նախատեսված է մոր համար, իսկ թե ով է կատարողը` իրեն չի հուզում: Հիշեցնենք, որ ըստ օրենքի` երեխաները գործունակ համարվում են 16 տարեկանից, իսկ 14 տարեկանից ստանում են մասնակի գործունակության կարգավիճակ, որի դեպքում պետք է լինի ծնողի ստորագրությունը, այն էլ` ոչ բոլոր աշխատանքների պարագայում: Արգելվում է մինչեւ 14 տարեկան հասակում որեւէ աշխատանք կատարելը:

Ինչեւէ, անդրադառնալով մայրաքաղաքում բնակվող պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին` նշենք, որ միայն Շենգավիթ վարչական շրջանում նման յոթ երեխա է գրանցվել: Չնայած դրան, Հ. Հովհաննիսյանը ենթադրում է, որ այդ թիվն ավելի մեծ է, պարզապես իրենք կարողացել են բացահայտել յոթին: Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաները հիմնականում հանրակացարանների բնակիչներ են: Պատկերը բավականին տխուր է Արարատի մարզի Խարբերդ համայնքում, որտեղ նույնիսկ առանց գրանցման ընտանիքներ են բնակվում. «Հիմնականում ապրում են տնակներում, նրանց մասին ոչ ոք չգիտի, համայնքապետարանում տեղեկություն չունեն այդ ընտանիքների մասին, եւ, բնականաբար, նրանց երեխաները դպրոց չեն հաճախում: Կա շատ կարեւոր մի խնդիր` չկա այն կարեւոր հիմնական օղակը, որը պետք է վերահսկի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ճակատագիրը: Ներկայումս այդ վերահսկողությունը դրված է Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների վրա: Այսօր այդ մարմինը համայնքապետն է: Պետք է ստեղծվեն հանձնաժողովներ, որը, սակայն, չվարձատրվող աշխատանք է, եւ շատ դեպքերում հանձնաժողովների գործունեությունը ձեւական բնույթ է կրում»: Որքան էլ տարօրինակ է, ըստ Հ. Հովհաննիսյանի` գյուղական շատ համայնքներում առհասարակ գոյություն չունի Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ինստիտուտը, որոշ համայնքներում համայնքապետն է ներկայացնում այդ մարմինը, որն էլ, մեղմ ասած, «մատների արանքով» է նայում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերահսկողությանը: Այնուամենայնիվ, Հելսինկյան կոմիտեի ուսումնասիրության արդյունքներով` Տավուշի մարզում գրանցվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած 11 երեխա, Կոտայքի մարզում` 20, Լոռիում` 42, Արարատում` 8, Գեղարքունիքում` 4, Սյունիքում` 7, Շիրակում` 5 պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներ: Սա` այն դեպքում, երբ ուսումնասիրության թիրախը Հայաստանի տարածքի կեսն էլ չի կազմում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը հայտարարեց, որ 2011թ. հունիս ամսվա դրությամբ Ոստիկանությունում հաշվառման մեջ է եղել 20 մուրացիկ երեխա եւ մարմնավաճառությամբ զբաղվող չորս աղջիկ: Նա շեշտել էր, որ մուրացկանությամբ եւ մարմնավաճառությամբ զբաղվում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները: Առաջիկայում մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համապատասխան վարչությունից, թե արդյոք նախարարությունը կամ համայնքները ի՞նչ աշխատանք են կատարում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին դպրոցներ վերադարձնելու ուղղությամբ: