ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ արձագանքել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ֆ. Տոդուան հայտարարել էր, թե Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են: Ըստ Շարմազանովի` վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ: «Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբեւէ հանդես չի եկել: Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: Աշխատության մեջ հիշատակված են թե հայերը, թե վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա: Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարեւան ժողովրդից»,- ասել է նա: