Զեյթունն ու «Քեթրինը»

19/01/2012

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատգամավոր դառնալու ցանկություն չունի: Մեր տեղեկություններով, սակայն, նա մեկ այլ ծրագիր ունի` ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածուին: Եվ այս օրերին աշխատում է իր «Քեթրին» ընկերության ղեկավարներից Արթուր Ստեփանյանի առաջադրվելու համար ՀՀԿ-ից համաձայնություն ստանալ: Նա փորձում է իշխանություններին համոզել, որ այդ համայնքում իր «Քեթրին» բարեգործական հիմնադրամի գործունեության շնորհիվ կարող է բավական մեծ ընտրազանգված ապահովել ՀՀԿ-ի համար: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր դարձել ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտը), ով արդեն հայտարարել է, որ այս անգամ չի առաջադրվելու: Չի բացառվում, սակայն, որ ԲՀԿ-ն չցանկանա «հանձնել» այդ տարածքը եւ Ա. Տոնոյանի փոխարեն` այլ թեկնածու առաջադրի: