Փետրվարի 12-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքապետերի` քաղաքապետերի եւ գյուղապետերի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքէջը տեղեկացնում է, որ դրանց գերակշիռ մասում առաջադրվել են իշխող` Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչները: Այսինքն` թեկնածուները շատ դեպքերում ունեն ձեւական մրցակիցներ:
Մրցակիցների մեծ մասն անկուսակցական են, իսկ հատուկենտ համայնքներում ՀՀԿ թեկնածուն մրցակիցներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ), այն էլ` հիմնականում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի «տարածքը» համարվող Կոտայքի մարզում: Մեկ-երկու համայնքներում էլ թեկնածուներ են առաջադրվել «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցություններից: Եվ ընդամենը երկու համայնքում` Հրազդան եւ Սպիտակ քաղաքներում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ունի առաջադրված թեկնածուներ: ՀԱԿ-ի կողմից, ինչպես հայտնի է, Հրազդանում առաջադրվել է նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ով մրցակցելու է գործող քաղաքապետի հետ: «Ժառանգություն» կուսակցությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պաշտպանելու է նրան: Իսկ երեկ ԶԼՄ-ներում լուրեր էին տպագրվել, թե Դաշնակցությունը (ՀՅԴ) որոշում է կայացրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին պաշտպանել ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Սակայն, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե դրանք ընդամենը ինֆորմացիոն խաղեր են. «Կուսակցական որոշում` ընտրությունների ժամանակ պաշտպանել Սասուն Միքայելյանին, այս պահի դրությամբ չկա: Մենք որեւէ թեկնածուի պաշտպանելու որոշում չունենք»:
Իսկ Սպիտակում գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ մրցակցելու է ՀՀՇ անդամ Անանիկ Նիկողոսյանը: Վերջինս ինքնառաջադրվել է: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, թե նրան պաշտպանելու կամ չպաշտպանելու մասին որոշում չեն կայացրել: Այնպես որ, առայժմ Ա.Նիկողոսյանին կարելի է վերապահումով համարել ՀԱԿ թեկնածու: Իսկ Գ. Սահակյանի համար, բնականաբար, աշխատելու է ՀՀԿ-ի այդ տարածքի վարչական ողջ ռեսուրսը: Հայտնի է, որ Սպիտակը` որպես 1988թ. երկրաշարժից առավել ավերված եւ մինչ օրս մասամբ վերականգնված քաղաք, Հայաստանի առավել աղքատ բնակավայրերից մեկն է: Երկրաշարժից 20 տարի հետո այդ քաղաքում դեռ կան բազմաթիվ անտուն-անօթեւան մարդիկ: Եվ այդ պայմաններում դժգոհությունն իշխանությունների նկատմամբ, բնականաբար, մեծ է: Իսկ այս շրջանում, երբ քաղաքական դաշտում կան ակտիվ ընդդիմադիր ուժեր, նաեւ մրցակից ընդդիմադիր թեկնածուներ, արդյո՞ք ՀՀԿ-ն մտավախություն չունի, որ Սպիտակում կարող է կրկնվել Իջեւանի տարբերակը, երբ գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց ԲՀԿ-ի թեկնածուին: Ի դեպ, Իջեւանում ՀՀԿ-ն պարտվեց ոչ թե այն պատճառով, որ ԲՀԿ թեկնածուի նկատմամբ համակրանքը մեծ էր, այլ` որովհետեւ ՀՀԿ-ի թեկնածու Վ. Ներսիսյանի գործունեությունից մարդիկ բառացիորեն զզված էին: Սակայն իշխանությունները, մասնավորապես` ՀՀԿ-ն, այս հանգամանքը հաշվի չառնելով` կրկին առաջադրեց նրա թեկնածությունը: Իսկ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին` փետրվարի 12-ին, ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ համայնքներում տեղի ունեցող համայնքապետերի ընտրությունները կարծես թե ուրվագծելու են, թե ինչպես են գարնանն ընթանալու համապետական ընտրությունները: Այս հանգամանքն ընդունում են նաեւ ՀՀԿ-ում: Սպիտակի քաղաքապետի ընտրությունների եւ կոնկրետ այդ քաղաքում Գ. Սահակյանի նկատմամբ եղած դժգոհությունների համար ՀՀԿ պատգամավոր, Սպիտակի կառույցի ղեկավար Հովհաննես Սահակյանի խոսքերով` աշխատող մարդուց դժգոհություններ միշտ էլ լինում են, բայց դա չի ստվերում այդ քաղաքում իրենց թեկնածուի կատարած ողջ աշխատանքը: Տեղեկացնենք նաեւ, որ Գ. Սահակյանը ՀՀԿ Սպիտակի կառույցի ղեկավարի տեղակալն է:
«Իմ կարծիքով` Սպիտակը կլինի ուժերը համախմբելու լավագույն տեղը, որտեղ կտեսնենք, թե մեր ընտրությունն ի՞նչ արդյունքներ ցույց կտա: Իսկ դա հետագայում` իմ խորին համոզմամբ, կարտացոլվի նաեւ խորհրդարանական ընտրությունների վրա: Այդ ակտիվությունը կփոխանցվի նաեւ ԱԺ ընտրություններին: Կլինի պայքար, այնուամենայնիվ, ես չեմ ուզում թերագնահատել որեւէ մեկին: Բայց վստահ եմ, որ մեր թիմն` ի դեմս ՀՀԿ-ի, կանգնած է մեր թեկնածուի կողքին, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք այն բարձր արդյունքը, որը միշտ ակնկալել ենք: Վերջին 2-3 տարիներին ունենք տնտեսական ճգնաժամ, բայց մեր իշխանությունների շնորհիվ այդ ընթացքում Սպիտակում աղետի հետեւանքով անօթեւան մարդկանց համար կառուցվեցին 220 բնակարաններ, ստեղծվեցին աշխատատեղեր»,- ասաց Հ. Սահակյանը:
Բայց չէ՞ որ դրանք ոչ թե ՀՀԿ-ի, այլ պետական միջոցներով են ստեղծվել եւ կառուցվել: Արդյոք սա չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ն այս դեպքում էլ վարչական ու պետական ռեսուրսները ծառայեցնում է իր կուսակցական շահերին: «Եթե իշխանություն ասելով` հասկանում ենք` ՀՀԿ, ապա տեղային իշխանությունը` Գագիկ Սահակյան` որպես քաղաքապետ: Իսկ նրա գործունեությունը ուղիղ կապվում է նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրի հետ, որովհետեւ նախագահի անմիջական հսկողության արդյունքում է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում կարողացանք ապահովել նաեւ որոշակի աշխատատեղ: Եվ դա էր պատճառը, որ ճգնաժամի ազդեցությունը Սպիտակում համեմատաբար թույլ էր»,- ասաց պատգամավորը:
Այնուամենայնիվ, ՀՀԿ-ում մտավախություն չկա՞, որ Սպիտակում կամ Հրազդանում կարող է կրկնվել Իջեւանի տարբերակը, եւ իրենց թեկնածուները պայքարից դուրս մնան: «Ընդունում եմ, ՀՀԿ-ն անպարտելի Ջոնը չի կամ նպատակ չի դրել ամեն գնով հաղթել ցանկացած տարածքում: Այն մեծաթիվ համայնքներում, որտեղ ՀՀԿ-ն ունի ղեկավարներ, կարող է նաեւ լինել մեկ-երկու դեպք, որտեղ պարտություն կրի: Դա նաեւ կլինի մեր կատարած աշխատանքների լակմուսի թուղթը: Եվ մենք կարողանանք վերլուծել, թե որտեղ ենք ունեցել թերացում, որ դրանք չկրկնենք այլ համայնքներում»,- եզրափակեց Հ. Սահակյանը: