Ապարանի քաղաքապետի ընտրությունները վեր են ածվել յուրայինների ու ոչ յուրայինների պայքարի: Ապարանցիները դուրս են եկել երեւանաբնակ ապարանցիների` «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովեփյանի ու նրա թիմակիցների դեմ եւ թույլ չեն տալիս նրան` իր թեկնածուին նշանակել Ապարանի քաղաքապետ: Կիրակի օրվանից մինչեւ երեկ ուշ գիշեր Ապարանում, կարելի է ասել` «ռազմական» իրավիճակ էր. քաղաքը լցված էր կարմիր բերետավորներով (օմոն), ԱԱԾ աշխատակիցներով ու ոստիկաններով: Ապարանցիները ստորագրահավաք են սկսել (երեկ արդեն 2500 ստորագրություն կար), որով բողոքարկում են կիրակի օրվա ընտրությունների արդյունքները, որտեղ 188 ձայնի տարբերությամբ քաղաքապետ է «ընտրվել» Ա. Հովսեփյանի պաշտպանյալ Գոռ Աբրահամյանը:
Ընտրատեղամասերը փակելուց հետո Ապարանում իրավիճակն այլեւս անկառավարելի էր, եւ ակնհայտ դարձավ, թե ինչու էին Երեւանից այդքան ոստիկաններ ու կարմիր բերետավորներ տարվել Ապարան: Իսկ երբ ոստիկանների ուղեկցությամբ տեղամասերից քվեատուփերը տեղափոխում էին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ժողովուրդը փակել էր ճանապարհը: Ժողովրդին հեռացնելու համար գործի է դրվել կարմիր բերետավորների ու ոստիկանների ողջ խումբը, ինչից իրավիճակն էլ ավելի է սրվել, ու ապարանցիները քարերով հարձակվել են Գոռ Աբրահամյանի նախընտրական շտաբի մոտ շարված մեքենաների, ոստիկանների վրա: Մինչեւ լուսադեմ Ռ. Պետրոսյանի թիմակիցները Ապարանի հրապարակում` երկու շտաբների մեջտեղում, խարույկներ վառած բողոքի ակցիաներ էին իրականացնում:
Դեռ առավոտյան արդեն իրավիճակն Ապարանում լարված էր: Առաջին միջադեպը տեղի ունեցավ ժամը 15-ի սահմաններում: «Ժողովրդին դուք եք դարձնում Սարոյան եղբայրներ, մի՛ արեք, թողեք գնացեք, մի՛ խառնվեք մեր գործերին, մեզ մի հանեք իրար դեմ: Սաղ դուք եք մեղավոր»,- դիմելով Ապարանի ոստիկանապետ Գագիկ Խաչատրյանին ու Արագածոտնի միլպետին` բղավում էր ապարանցի Օնիկ պապիկը` հորդորելով նրանց Ապարանից հանել ոստիկանների «զորքը» եւ թույլ չտալ, որ այնտեղ արյունահեղություն լինի: Օնիկ պապիկը գրեթե աղերսում էր ոստիկաններին հեռանալ քաղաքից` իրենց քաղաքապետի ընտրությունը թողնելով իրենց, որպեսզի Ապարանի «ջահելությունը ոտքի չկանգնի»: Ապարանում երեք ընտրատեղամաս կար, եւ տեղամասերի մոտ հավաքված ոստիկանների, Երեւանից տեղափոխած հատուկ ջոկատների` կարմիր բերետավորների, Երեւանի համարանիշերով բազմաթիվ ավտոմեքենաների` «Ջիփ»-եր, «Մերսեդես»-ներ, եւ տարբեր տեսակի այլ արտասահմանյան մեքենաների անսահման քանակն արդեն բավական էր քաղաքում լարված մթնոլորտ ստեղծելու համար: «Էս մեքենաները խի՞ են լցրել ստեղ, հավաքեք դուրս եկեք մեր քաղաքից»,- բողոքում էին ապարանցիները, որոնք հավաքվել էին թիվ 1 ընտրատեղամասի մոտ: Այնտեղ էր նաեւ Արայիկ Հայրապետյանի աչք ծակող դեղին գույնի «Բրաբուս» ավտոմեքենան: «Թող ապարանցիները տեսնեն էլի էդ մեքենան, բա չիմանա՞ն, որ ըտենց մեքենա էլ կա»,- ապարանցիների դժգոհություններին ի պատասխան, թե` ընտրատեղամասի տարածքից հեռացրեք այդ մեքենան, ասաց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության թեկնածու Գոռ Աբրահամյանի վստահված անձանցից մեկը: «Այ սենց մեզ ձեռք են առնում, մենք տեսել ենք, դուք գնացեք տեսեք, չտեսներ, հանեք մեր քաղաքից էդ մեքենաները»,- բղավում էր գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռազմիկ Պետրոսյանի համախոհներից մեկը: Ընտրատեղասում էր նաեւ Ռազմիկ Պետրոսյանի շտաբի պետ, նախկին պատգամավոր, Ապարանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահ Մյասնիկ Մալխասյանը, որը նույնպես ոստիկաններին հորդորում էր տեղամասի տարածքից հեռացնել մրցակցի թիմակիցների մեքենաներն ու թույլ տալ ժողովրդին հանգիստ քվեարկել: Իսկ Օնիկ պապիկը դեռ Ապարանի Ոստիկանապետ Գագիկ Խաչատրյանին խնդրում էր ապարանցիներին «Սարոյան եղբայրներ չդարձնել»: «Կարամազով եղբայրներ եք, հըլը Սարոյան եղբայրները չեք: Լավ թատրոն եք սարքել ստեղ, 50 մետր հեռու գնացեք տեղամասի տարածքից: Մենք ստեղ ենք, որ չդառնաք Սարոյան եղբայրներ»,- ասում էր Գ. Խաչատրյանը: «Ուզում եք` հարյուր մետր հեռու գնամ, բայց դուք եք սաղ խառնում իրար: Մենք ձեր համար թատրոն չենք: Ես խորհրդային մարդ եմ, ընկեր Խաչատրյան: 60 տարի աշխատել եմ էս պետության համար»,- շարունակում էր Օնիկ պապիկը: «Էն պետության, էս չէ»,- հեգնեց Գ. Խաչատրյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ են այդքան շատ ոստիկաններ ու հատուկ ջոկատի ծառայողներ հավաքվել տեղամասի մոտ, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ, ոստիկանները շատ չեն, որովհետեւ կարող է մի փոքր կայծից մեծ բան բռնկվեր, իսկ դա կլիներ մասսայական անկարգությունների առիթ, ինչն առաջին հերթին մեզ` ոստիկաններիս ձեռնտու չէ: Իսկ կան ուժեր, որոնց դա ձեռնտու է, կարող են եւ պատրաստ էին հրահրել ժողովրդին»: Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը` նա չմասնավորեցրեց: Միայն թիվ 1 տեղամասի մոտ հարյուրից ավելի ոստիկաններ կային, սակայն մեր հարցին` քանի՞ կարմիր բերետավոր ու ոստիկան է բերվել Երեւանից, Գ. Խաչատրյանը պատասխանեց. «20 հոգի են, Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներն են ու հատուկ նշանակության ջոկատները, որոնք այստեղ են նախարարության հրամանով ու կարգադրությամբ: Նրանք բոլոր տեղերում են լինում` եւ՛ ստադիոններում, եւ՛ համերգների դահլիճներում, եւ՛ մարզային բոլոր մեծ մասշտաբի միջոցառումներին: Ի՞նչ կա դրա մեջ»:
Իրավիճակը երեկ Ապարանում դարձյալ լարված էր, ու «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն իր ղեկավարությամբ ամեն ինչ անում էր այն մեղմելու համար: «Մեր վրա թող մարդ չբերեն, թե չէ մեր դեմն առնել չի լինի: Ապարանցի ջահելներին թող չկատաղացնեն»,- կիրակի օրը գոռում էին հրապարակում հավաքված ապարանցիները:
Երեկ խոսակցություններ կային, թե Ռ. Պետրոսյանը պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները, սակայն երեկ մինչեւ ժամը 14:00-ը ԿԸՀ-ն նման դիմում-բողոք չէր ստացել:
Հ.Գ. Ի դեպ, Ռ. Պետրոսյանի նախընտրական շտաբը գտնվում էր Ապարանի քաղաքապետարանի շենքում, ինչը, ըստ ԸՕ-ի, արգելված է: Ռ. Պետրոսյանին սատարում էին հանրապետականներն ու ԵԿՄ վարչության նախագահ, ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանը: