Մինչ Հայաստանում քննարկում են, թե ով` ում հետ է ընտրությունների գնալու, մինչ կամաց-կամաց սկսում են նախընտրական քարոզարշավն ու քննադատություններ հնչեցնում մեկը մյուսի հասցեին, աշխարհում հասունանում են իրադարձություններ, որոնք կարող են խառնել բոլորի խաղաքարտերը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցներին, այլ գլոբալ տնտեսությանը։
Համաշխարհային բանկը երեկ հրապարակել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ իր հերթական զեկույցը, որի վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է. «Գլոբալ տնտեսական հեռանկարներ. անորոշություններ եւ խոցելիություններ» (Global Economic Prospects 2012a: Uncertainties and Vulnerabilities)։
Համաշխարհային բանկը (ՀԲ) նվազեցրել է իր կանխատեսումները 2012թ. տնտեսական աճի վերաբերյալ. եվրագոտու համար այն կրճատվել է կրկնակի, համաշխարհային տնտեսության համար` 1 կետով: Մասնավորապես, համաշխարհային տնտեսության աճը կազմելու է 2.5 տոկոս (6 ամիս առաջ կանխատեսումը 3,6 տոկոս էր։ Իսկ Եվրագոտու տնտեսությունը կարող է կրճատվել 0,3 տոկոսով` նախապես ենթադրվող 1,8 տոկոսի աճի փոխարեն:
Եթե անուղղելի լավատեսներին կրկին կարող է թվալ, որ մենք «գլոբուսից դուրս» ենք, մեր ֆինանսական համակարգը կայուն է, եւ մեզ ոչինչ չի սպառնում, ապա ՀԲ-ն հատուկ լավատեսների համար առանձին ենթավերնագրով հիշեցնում է՝ ֆինանսական ցնցումները կազդեն զարգացող երկրների վրա։ Ավելի ճիշտ՝ արդեն իսկ ազդել են։ Նախ՝ զարգացող երկրների ֆոնդային բորսաները անկում են ապրել 8.5%-ով (2011թ. հուլիսի համեմատ)։ Բացի այդ, ըստ ՀԲ փորձագետների, կրճատվել է կապիտալի զուտ ներհոսքը զարգացող երկրներ, քանի որ նախորդ տարվա երկրորդ կեսից ներդրողները դուրս են բերել իրենց միջոցների մեծ մասը զարգացող շուկաներից։ Սակայն, ըստ երեւույթին, վատագույնը դեռ առջեւում է։ Նշելով, որ դժվար է կանխագուշակել 2012թ. կոնկրետ արդյունքները, ՀԲ-ն, այդուհանդերձ, մի քանի հարցում համոզված է։ Իսկ այդ կետերից մեկն այն է, որ զարգացող երկրների տնտեսությունը այժմ ավելի խոցելի է, քան 2008 թվականին։ «Եթե բարձր եկամուտ ունեցող երկրներում պայմանները վատթարանան, եւ համաշխարհային նոր ճգնաժամը իրականություն դառնա, ապա զարգացող երկրները ստիպված կլինեն դիմակայել դրան՝ ունենալով շատ ավելի քիչ կապիտալ, ավելի քիչ առեւտրային հնարավորություններ եւ ավելի քիչ ռեսուրսներ՝ մասնավոր եւ պետական հատվածում տնտեսական ակտիվությունը խթանելու համար։ Այս պայմաններում տնտեսական աճի այն հեռանկարներն ու տեմպերը, որոնք նախորդ տասնամյակում համեմատաբար առավել հասանելի էին թվում, այժմ ավելի խնդրահարույց են դարձել։ Իսկ տնտեսական աճի ընթացքում չլուծված խնդիրները մերկացել են եւ պահանջում են համապատասխան միջոցառումներ։ Նման անորոշ պայմաններում զարգացող երկրները պետք է գնահատեն իրենց խոցելի կողմերը եւ պատրաստեն պահեստային պլաններ՝ տնտեսական անկման դեպքում»,- գրված է ՀԲ զեկույցում։
Կարճ ասած, մեր պաշտոնյաների այն պնդումները, թե նախորդ ճգնաժամի ժամանակ անփորձ էինք, հիմա ավելի շատ գիտելիքներ ունենք եւ կարող ենք ավելի լավ դիմակայել ճգնաժամին՝ այնքան էլ հիմնավոր չեն թվում։ Երկրորդ, բազմիցս նշվել է, որ 2008-2009թթ. համաշխարհային ճգնաժամը, բացասական հետեւանքներից բացի, դրական ազդեցություն էլ ունեցավ։ Այն առումով, որ ակներեւ դարձրեց տնտեսության թերի, խոցելի կողմերն ու բացթողումները։ Ընթերցողներից շատերը երեւի արդեն անգիր հիշում են «ճգնաժամի դասերը», որը վարչապետ Տիգրան Սարգսյանը պարբերաբար կրկնում էր՝ օլիգոպոլիկ համակարգ, ոչ դիվերսիֆիկացված տնտեսական կառուցվածք, որը կախված է հիմնականում շինարարության ոլորտից, արտահանման կախվածություն հանքահումքային արտադրանքից, եւ այլն։ Սրանք հենց այն խնդիրներն են, որոնց մասին ՀԲ-ն նշում է՝ «մերկացած», սակայն լուծում չստացած։ Ճիշտ է, ՀՆԱ-ի կառուցվածքը մի փոքր փոխվել է, սակայն դա եղել է ոչ թե արդյունաբերության եւ այլ ոլորտների իրական աճի, այլ շինարարության շարունակվող անկման արդյունքում։ Արտահանման հիմնական հոդվածները շարունակում են մնալ հանքահումքային ապրանքատեսակները։ Դե, իսկ օլիգոպոլիկ համակարգի մասին խոսելն արդեն ավելորդ է. այստեղ գործ ունենք միայն գեղեցիկ ելույթների հետ։
Իսկ թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամը մեր տիպի տնտեսության համար, ՀԲ-ն մանրամասնում է. «Բարձր եկամուտ ունեցող երկրներում լուրջ ճգնաժամը կարող է ճնշում գործադրել այն երկրների վճարային հաշվեկշիռների եւ պետական հաշիվների վրա, որոնք զգալիորեն կախված են հանքահումքային ապրանքների արտահանումից եւ դրամական միջոցների ներհոսքից»։ Սա տիպիկ Հայաստանի մասին է։ ՀԲ-ն այս մասին չի նշում, սակայն պարզաբանում է, որ բացասական ազդեցությունը առավել ուժգին կլինի այն երկրներում, որտեղ դրամական միջոցների ներհոսքը (տրանսֆերտները) կազմում են ՀՆԱ-ի 10%-ը կամ ավելին։ Հայաստանում այդ ցուցանիշը 11%-ից էլ բարձր է։ Օրինակ, 2010թ. այդ ցուցանիշը կազմել է 11.3% (տրանսֆերտները՝ 1.07 մլրդ դոլար, ՀՆԱ-ն՝ 9.4 մլրդ դոլար)։
Հետաքրքիրն այն է, որ ՀԲ-ի նշած այս ռիսկերը կառավարության համար նորություն չեն։ 2012թ. բյուջետային ուղերձում կառավարությունը հստակ նշել էր հնարավոր ռիսկերը։ «Եթե նավթի ու գազի գները ներդրողների վատատեսական սպասումներով եւ վառելիքի նկատմամբ ավելի թույլ պահանջարկով պայմանավորված շարունակեն անկում ապրել, ապա դա իր ազդեցությունը կթողնի Ռուսաստանի տնտեսության վրա: Իսկ դրա արդյունքում դեպի Հայաստան ներհոսող տրանսֆերտները, գործոնային եկամուտները եւ կապիտալ ներդրումները կկճատվեն` հանգեցնելով նաեւ ՀՆԱ աճի կանխատեսվածից ավելի ցածր մակարդակի ձեւավորմանը… Եթե մետաղների գները 2012թ.-ի ընթացքում միջին հաշվով ավելի ցածր մակարդակ գրանցեն, քան կանխատեսվում է (կապված թե Ասիական երկրների սպասվածից ավելի քիչ տնտեսական աճով, թե Եվրոպայի ու ԱՄՆ-ի տնտեսությունների սպասվածից ավելի թույլ պահանջարկի ձեւավորումով), ապա վերջինս կհանգեցնի Հայաստանի մետաղների արտահանման թուլացման` հետեւաբար եւ ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղման»: Այս նախադասությունները վերցված են կառավարության 2012թ. բյուջետային ուղերձի՝ արտաքին ռիսկերի բաժնից։ ՀԲ կանխատեսումները, որոնց համաձայն` հաջորդ տարի հանքահումքային ապրանքների միջազգային գները կնվազեն 9.3%-ով (2011-ին դրանք աճել էին 20.7%-ով), իսկ նավթի մեկ բարելի գինը 2011թ. 104 դոլարից կիջնի 98.2 դոլարի։ Դատելով այս թվերից՝ հայրենական կառավարության նշած «ռիսկերը» արդեն ոչ թե ռիսկեր են, այլ զարգացման ամենահավանական սցենարներ։ Իսկ այդ սցենարների դեպքում կասկածի տակ են դրվում մի շարք ցուցանիշներ, եւ առաջին հերթին՝ հարկային մուտքերի ավելացումը 101 միլիարդ դրամով։