Մալխասյանը կառաջադրվի

19/01/2012

ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Ապարանի թիվ 14 ընտրատարածքում: «Այս անգամ համոզված եմ ու եթե ինչ-որ տեղ մի քիչ էլ հավատանք իշխանությունների ասածներին, որ պետք է ազատ, արդար ընտրություններ լինեն, բնականաբար, իմ շանսերն այստեղ բավականին մեծ են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Մ. Մալխասյանը: Նրա խոսքով` ընտրվելով պատգամավոր` ինքն առաջնորդվել է իր ծրագրերով, «չի եղել իշխանությունների ձեռքին գործիք եւ չի ծառայել նրանց հլու-հնազանդ». «Եթե իմ շահերը հետապնդեի, ես էլ այդ պառլամենտում նստած պատգամավորներից մեկը կլինեի, որն իր ֆինանսական խնդիրները լուծած, իր գերդաստանի բոլոր պրոբլեմները լուծած, մականուն ձեռք բերած նստած այնտեղ ու կատարում է իշխանությունների ցանկացած հրահանգ»,- ասել է նա: Անդրադառնալով նույն ընտրատարածքում իրենց թեկնածություններն առաջադրելու մտադրություն ունեցող ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանին եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Վրեժ Մարկոսյանին, ՀԱԿ անդամն ասել է. «Ես չեմ տեսնում իրենց մոտ գաղափարական պայքար»: Միաժամանակ, ըստ նրա` որքան շատ լինեն առաջադրված թեկնածուները, այնքան «լավ» կանցնեն ընտրությունները: «Ես միշտ ողջունել եմ, որ շատ են առաջադրվում, շատի առաջադրման պարագայում բացառվում են կեղծիքները»,- ասել է Մ. Մալխասյանը: