«168 Ժամի» նախորդ համարում հրապարակված «Լիսկան հէկ է բացելու» վերնագրով լուրին արձագանքել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Հիշեցնենք, որ խոսքը Կապանի Ծավ գյուղում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից երկու հիդրոէլեկտրակայան բացելու մասին է: Այս մասին մեզ հետ զրույցում պատմել էին Ծավի բնակիչները` նշելով, թե այդ հէկ-երի կառուցման դեպքում բողոքի ալիք են բարձրացնելու: «168 Ժամ» թերթի ս/թ հունվարի 17-ի հրապարակած «Սյունիքի մարզպետը» հէկ է բացելու» վերնագրով նյութը, որն արտատպվել է այլ զանգվածային լրատվամիջոցներով եւս, հորինված է, իրականությանը չի համապատասխանում եւ զուրկ է որեւէ հիմքից: Ծավ գետի վրա «Էներգոցանցշին» ԲԲԸ-ի կողմից կառուցվել եւ ներկայումս գործում է մեկ փոքր հզորության հիդրոէլեկտրակայան: Նույն ընկերությունը նախատեսում է նույն գետի վրա կառուցել երկրորդ հիդրոէլեկտրակայանը: Թեեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ փոխվել է հողի նպատակային նշանակությունը, սակայն առ այսօր համայնքի կողմից հողամասի օտարում նշված կազմակերպությանը չի կատարվել: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված ընկերության հետ որեւէ կապ չունի»,- ասված է թերթին ուղղված նամակում: Ի դեպ, հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք նաեւ Սյունիքի մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրի աշխատակիցների աշխատավարձերի խնդրին, ինչին, սակայն, մարզպետարանը չի պատասխանել: Հիշեցնենք նաեւ, որ ոչ վաղ անցյալում մարզպետարանը «սուտ, հորինված» լուրեր համարեց Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպը, երբ մարզպետ Խաչատրյանը հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին: Այդ ժամանակ էլ Սյունիքի մարզպետարանը ջանք ու եռանդ չխնայեց` հայտարարելով, թե Ս. Խաչատրյանը «կնամեծար» մարդ է: