ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կքննարկի եւ, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա ՀՀ կառավարության եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) միջեւ համագործակցության համաձայնագրի կնքմանը: Ծրագրի համար ՄՖԿ-ն կհատկացնի 1.8 մլն դոլար կանխիկով, իսկ կառավարությունը կծախսի 181.8 հազար դոլար (բնական տեսքով):
ՄՖԿ-ն 2009թ. հունվարից մինչեւ 2011թ. սեպտեմբեր ամիսները Հայաստանում իրականացրել է «Գործարարությամբ զբաղվելու միջավայրի (Doing business) բարեփոխումներ եւ կանոնակարգման ոլորտի պարզեցում» խորհրդատվական ծրագիրը։ 2011 թ. սեպտեմբերից սկսել է իրականացնել նաեւ «Ներդրումային միջավայրի բարեփոխումներ» խորհրդատվական ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել 2014 թ. սեպտեմբերին։ Նոր ծրագրի նպատակն է` աջակցել կառավարությանը բարելավելու Հայաստանի ներդրումային միջավայրը` գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ժամանակի եւ ծախսերի կրճատման եւ հետեւյալ 4 ոլորտներում արդյունավետության բարձրացման միջոցով` հարկային ընթացակարգերի պարզեցում, արտահանում եւ ներմուծում, տեսչական ստուգումներ, սննդամթերքի անվտանգություն:
Իրականացվող բարեփոխումների համար ՀՀ կառավարությանը տեխնիկական աջակցություն է ցույց տալու Միջազգային ֆինանսական կորպորացիան հետեւյալ ոլորտներում` հարկման, արտահանման ու ներմուծման, սննդամթերքի անվտանգության ու տեսչական ստուգումների ոլորտներում վարչարարական բեռի եւ կանոնակարգման արգելքների կրճատման միջոցով Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաեւ մասնավոր հատվածի զարգացման խթանմանը աջակցելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ շեշտվում է, որ իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը եւ արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ: