ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 2012թ. համար նախատեսված հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը` 17.4%։ Նա նշել է, որ հնարավոր է` այն չապահովվի, քանի որ դա բացարձակ ցուցանիշ չէ: Այսինքն՝ ցուցանիշը կախված է ոչ միայն հարկերի հավաքագրման ապահովման մակարդակից, այլեւ` ՀՆԱ-ի աճից։ Ա. Ալավերդյանը հիշեցրել է, որ մեր ՀՆԱ-ում կան արտոնյալ ոլորտներ` գյուղատնտեսություն, միջազգային կառույցների հետ կապված համատեղ ծրագրեր, եւ հնարավոր է ՀՆԱ-ում աճեն նման ճյուղերը, որոնք հարկեր չեն բերում։ Արդյունքում` հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը չի աճի: Միեւնույն ժամանակ, ըստ ՊԵԿ փոխնախագահի, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի ցածր լինելը պայմանավորված է նաեւ տեխնիկական գործոններով։ Մասնավորապես, այդ 17.4%-ում ներառված չեն պարտադիր սոցվճարները, որոնք 2013թ.-ից կներառվեն, եւ դրա հաշվարկմամբ միանշանակ կգերազանցենք 20%-ը:
Ա. Ալավերդյանը երեկ անդրադարձել է նաեւ խոշոր հարկատուների ցուցանիշներին։ Նա համաձայն չէ այն պնդումների հետ, որ խոշորների հասույթի 20% եւ հարկերի 10% ավելացումը դաշտի կենտրոնացման արդյունք է: Նրա տվյալներով` 3 տարի առաջ խոշորների մասնաբաժինն ընդհանուր հարկերի մեջ կազմել է 35-40%, 2010թ.` 54%, 2011թ.` 60%: «Հնարավոր է, որ հասույթներն ավելի աճեն, քան հարկերը, որովհետեւ հարկն այդ պահին չի վճարվում: Օրինակ` շահութահարկը շատերը կտան տարվա արդյունքներով` մինչեւ ապրիլի 15-ը: Կան 462 խոշոր հարկ վճարողներ, ու հարկերի ապահովման խնդիրը լուծում ենք խոշոր հարկ վճարողների հաշվին»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը:
Խոսելով ՀԴՄ կտրոններով խաղարկության մասին՝ Ա. Ալավերդյանը վստահեցրել է, որ այն իրեն չի սպառել, սակայն նշել է, որ անհրաժեշտության դեպքում կփոխեն ձեւը: Այն դիտարկմանը, թե «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում համառորեն չեն տալիս ՀԴՄ կտրոն, Ա. Ալավերդյանը պատասխանել է` ոչ միայն «Մոսկվիչկա»-ում. ունենք խանութների մեծ ցանցեր, եւ Հայաստանում չկա տնտեսվարող սուբյեկտ, որ ինչ-որ մի խախտում տարվա ընթացքում չունենա: Նա նաեւ նշել է, որ հատկապես երեկոյան ժամերին կտրոն չեն տրամադրում, եւ ահազանգ ստանալիս իրենք աշխատողին ուղարկում են ստուգման: Ի դեպ, ըստ Ա. Ալավերդյանի, այս տարի մեծ ցանցերը պետք է ավելի զգույշ լինեն, քանի որ տուգանքի չափը զգալիորեն մեծացել է եւ կազմում է հաշվետու ժամանակաշրջանի ամբողջ հասույթի 2%-ը, շատ ավելի, քան ՓՄՁ-ների դեպքում: