«Խնդիրը պայքարն է անարդարության դեմ»,- ասում է Նարեկ Հարթունյանը

19/01/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 Ժամի» նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Հարթունյանի եւ նշյալ ընկերության նախկին գլխավոր տնօրեն, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունու միջեւ առկա տարաձայնություններին: Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 9-ին կալանավորվել, ապա մի քանի օր անց ստորագրությամբ ազատ էր արձակվել Ն. Հարթունյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու եւ փողերի լվացման պատճառաբանությամբ, ինչի համար` որպես հիմք, մեջբերեցին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի կողմից «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունում իրականացված հարկային ստուգումները: Ն. Հարթունյանը, սակայն, այդ ամենի մեջ մեղադրել էր ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սեւակ Արծրունուն: Վերջինս, ի դեպ, մեր թերթին տված հարցազրույցում անդրադառնալով իր եւ Ն. Հարթունյանի միջեւ եղած կոնֆլիկտին, ասել էր. «Ոմանք Նարեկին ասում են, որ նա խնդիր չունի, եւ կարող են Սեւակին այս կամ այն անել: Այդ մարդիկ ուղղակի սնվում են մեր միջեւ եղած կոնֆլիկտից, այլ կերպ ասած` «զարկերակ» են մտել` փող աշխատելու համար, եւ ամեն կերպ սրում են մեր փոխհարաբերությունները»:

Հարցազրույց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Հարթունյանի հետ:

– Առաջին անգամ ե՞րբ հանդիպեցիք «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունու հետ:

– Սեւակ Արծրունու հետ առաջին անգամ հանդիպեցինք Լիբանանում` մեր ընդհանուր ընկերների միջոցով, ապա 2002թ. դեկտեմբերի վերջին Երեւանում` մեր ընկերներից մեկի հարսանյաց արարողության ժամանակ: Այդ ժամանակ ընտանիքով փափագ ունեինք մայրիկիս հիշատակին ինչ-որ բան կառուցել, եւ քանի որ ընկերներս արդեն պատմել էին Սեւակի մասին` նշելով, որ ինքն ազատագրված տարածքներում շինարարությամբ է զբաղվում, մենք դիմեցինք նրան: 2003թ. սկսվեց Քելբաջարի շրջանի Քնարավան գյուղի կառուցումը: Ի դեպ, այդ տարածքը մեզ առաջարկեց Սեւակը, ով համոզելու բավական լավ հատկություն ունի: Այդ ժամանակ էլ սկսվեց մեր մտերմությունը, եւ մենք շինարարության ամբողջ գործը վստահեցինք նրան, այլ կերպ ասած` մենք պարզապես ֆինանսավորում էինք սուրբ գաղափարի իրականացման համար: Մենք կուրորեն վստահեցինք Սեւակին: Քնարավանի կառուցման համար նախատեսել էինք 250.000 դոլարից ավելի, սակայն շինարարության ընթացքում այդ թիվը կտրուկ աճեց` կազմելով 500.000 դոլար: Մինչ 2010թ. սեպտեմբերի 25-ը մենք որեւէ կասկած չունեինք Սեւակի գործունեության հարցում, բայց այդ օրը նա իր 5 թիկնապահներով մտավ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերություն` սպառնալով մեզ, մայրիկիս լուսանկարները ջարդելով եւ այլն: Ի դեպ, այդ 5 թիկնապահները շրջում էին իր հետ, եւ բոլորի համար մեր ընկերությունն էր վճարում: Սեպտեմբերի 25-ից հետո հասկացա, որ Սեւակը ֆաշիստական ռեժիմ էր սահմանել ընկերությունում: Դրան հաջորդեց մեկ այլ դեպք. Սեւակի գլխավոր թիկնապահը` Էդգար Ղարիբյանը, 30 հոգու հետ գնացել եւ ծեծել էր մեր հաշվապահի` Արթուր Գալստյանի հորը: Արթուրին միշտ ճնշել էին:

– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Սեւակ Արծրունուն վստահեցիք նաեւ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության տնօրենի պատասխանատվությունը:

– 2003թ. Քնարավան գյուղի կառուցմամբ Սեւակը մտավ, այսպես ասած` մեր կյանք: Այն ժամանակ սկսել էի նաեւ «Նարեկացի» արվեստի միության շինարարությունը, եւ նա առաջարկեց իր հետ գործարք կնքել: Ընդունեցի նրա առաջարկը` հայրս վճարում էր Քնարավանի, ես` «Նարեկացի» արվեստի միության շինարարության համար: Ի դեպ, նշեմ նաեւ, որ այդ ժամանակ ես հիմնականում բնակվում էի ԱՄՆ-ում, եւ գործը բացառապես վստահել էի Սեւակին:

– Իսկ ե՞րբ երեւան եկան անվստահության, այսպես ասած` նշույլները:

– Շատ ուշ` 2009թ.: Մինչ այդ նշեմ, որ 2004թ. սեպտեմբերին տեղի ունեցան Քնարավանի եւ Երեւանի «Նարեկացի» արվեստի միության բացման արարողությունները: Այնուհետ Սեւակին վստահեցի նաեւ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության շինարարությունը: Հայրս բիզնեսի աշխարհի մարդ էր, եւ միշտ ցանկանում էր բիզնես ունենալ հայրենիքում: Եվ քանի որ հայրս բավական վատառողջ էր, ուզում էինք, որ Հայաստանը դառնա նրա վերջին կայարանը: Սեւակին ընդունում էինք իբրեւ հարազատ:

– Սեւակ Արծրունին իր կատարած աշխատանքի համար վճարվո՞ւմ էր: Մեզ հետ հարցազրույցի ժամանակ նա նշեց, որ Հարթունյաններն իրեն աշխատավարձի պարտք ունեն, եւ, որ այն կազմում է բավական մեծ գումար:

– Դա անգամ ծիծաղելի է: Երբ 2002թ, հանդիպեցի Սեւակին, վերջինս ապրում էր վարձով, իսկ այսօր նա Երեւանի Զաքյան փողոցում մեծ տուն ունի, զանազան անշարժ գույք, ավտոմեքենա եւ այլն: Մեզ հետ աշխատելու ժամանակ ինքը ոչ միայն աշխատավարձ էր ստանում, այլեւ ընկերության անունից վարկեր էր վերցնում` որոշ մասն` առանց մեր իմացության: Նա իր ամբողջ բոլոր ծախսերը կատարում էր մեր բիզնեսի հաշվին: Ընդ որում` որպեսզի ինքն անմիջապես իր անունով չաներ այդ գործարքները, տնօրեն էր նշանակել Արտյոմ Մարտիրոսյանին, մինչդեռ իրականում ամբողջ գործը ինքն էր անում: Անվստահության նշույլները բավական ուշ նկատեցի, երբ բազմաթիվ մարդիկ ասում էին, թե Սեւակն իրենց «քցել» է: Մեր ընկերությունը երբեւէ շահույթ չէր ստացել: Այսօր հասկանում ենք, որ Սեւակի եւ Արտյոմի ներկայացրած թվերն ուղղակի նկարված էին: 2010թ. սեպտեմբերին մեր կասկածներն ավելի սրվեցին, քանի որ օր օրի ավելանում էր Սեւակի կողմից «քցվածների» թիվը, եւ ես անմիջապես կասեցրեցի Մաշտոցի փողոցում շենքի հարկաբաժինների առքուվաճառքի լիազորագրերը: Դրանից օրեր անց նա իր թիկնապահներով ներխուժեց մեր հիմնարկ` սպառնալիքներով, ջարդուփշուր անելով մորս, Քնարավանի բացման լուսանկարները, այսինքն` բավական սուրբ իրեր, ասելով, թե` կսպանի, կխփի, ես ով եմ, որ կասեցրեցի իր լիազորագիրը, եւ իբր իր անունի հետ եմ խաղացել: Այս դեպքից հետո ընկերություն աուդիտ հրավիրեցի, եւ պարզվեց, որ շուրջ 120 մլրդ դրամ պետք է մուտք լիներ ընկերության հաշիվներին, որոնք չէին արվել, ավելին` մինչ օրս նա հաշիվ չի ներկայացրել մեզ: Հակառակ դեպքում պարզ կլիներ, որ ինքն է մեզ պարտք: Ինչ վերաբերում է չվարձատրվելուն, ապա կարող եմ ասել, որ դա Արտյոմ Մարտիրոսյանի 1-2 ամիսների աշխատավարձն էր: Իսկ վերջինս 35.000 դոլար էր վերցրել մեր բիզնեսից: Ընդ որում` նրա վրա բավական լուրջ մեղադրանքներ կան` 120 մլն դրամի պակասը, կես միլիոն դոլարի չափ վարկերը եւ այլն: 1 տարի է` տնօրեն եմ, միայն ներդրումներ ենք արել, որ վնասները փակենք:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ Ս. Արծրունին հրաժարական տվեց:

– Նա շատ խորամանկ է, եւ ամեն բան նախապես ծրագրել էր: Նրա նպատակն ինձ բանտ նստեցնելն էր: Ի դեպ, նշեմ նաեւ Սեւակի 25%-ի պարտավորագրերի մասին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ստորագրեցինք դրանք: Սեւակն ուներ Արմեն Ազիզյանի պես մի օգնական, ով ամեն կերպ մասնակից էր իր գործարքներին: 2009թ. սկզբին Ա. Ազիզյանը զանգահարել էր եղբորս` Սարոյին` ասելով, որ եթե ուզում ենք, որ հայրս առողջ ապրի, ուրեմն` պետք է թղթեր ստորագրենք: Հիմա արդեն հասկանում ենք ու կամաց-կամաց տեղեկանում ենք, որ Արմենն ուղղակի հարցեր լուծողն էր: Այսօր Սեւակն իր ամբողջ յուրացրած փողերը, անշարժ գույքը բացատրում է մաքուր շահույթի 25%-ի իր բաժնով, մինչդեռ մենք երբեք շահույթ չենք տեսել: Հեռանալուց հետո Սեւակն իր հետ տարավ կարեւոր փաստաթղթեր, որոնց մի մասը վերադարձրեց, իսկ մյուս մասը` ոչ: Դա էր պատճառը, որ դիմեցինք դատարան` այդ փաստաթղթերը պահանջելու համար: Դատարանը Սեւակի կողմից ներկայացված հայցով մեր ամբողջ գույքը կալանքի տակ դրեց, մինչդեռ հայցագին չկա: Սա աբսուրդ է, երբ հայցը գին չունի, իսկ շահույթն իրականում չենք ստացել: Վճիռը` հայցի ապահովման որոշումը, բողոքարկման ենթակա չէր: Ինչեւէ, հունվարից սկսեցինք զիջումների գնալ, ինչն առավել բարդ խնդիրների տեղիք տվեց:

– Դրանք ի՞նչ զիջումներ էին:

– Մեր պարտքերը մարելու համար ստիպված էինք բաժնետոմսերն ավելի մատչելի գնով վաճառել: Զիջումներից հետո որոշ մարդկանց ախորժակը բացվեց: Ոստիկանության 6-րդ վարչությունը սկսեց մեզ քաշքշել, կեղծ ցուցմունքներ տալ մեր դեմ, եւ այլն:

– Այսինքն` ՊԵԿ-ի ստուգումները պատահական չէի՞ն:

– Ապրիլից սկսեցին կեղծ ցուցմունքներ տալ մեր դեմ: Օրինակ, կեղծ ցուցմունք տվողներից մեկը Սեւակի աներձագն էր` Գարիկը: Այդ ժամանակ էլ սկսվեց մեր դեմ արշավը: Ոստիկանության 6-րդ վարչությունից, այսպես ասած` պաս տվեցին ՊԵԿ Քննչական, որտեղից օպերներ ներխուժեցին հիմնարկ` իրենց հետ տանելով ընկերության համակարգիչները: Մինչ օրս այդ գույքը չեն վերադարձրել, թեեւ ասել էին, թե 3 օրից ետ կբերեն: Այսպիսին է քննիչ Ռաֆայել Մկրտչյանի աշխատաոճը, ով մինչ օրս շարունակում է զանազան անարդար ձեւերով ճնշել ինձ: Քննիչներ Ռ. Մկրտչյանն ու Ռոման Պետրոսյան, ինչպես նաեւ դատախազ Բ. Պետրոսյանը, միասնաբար տարբեր դավադրություններ են մտածել մեր դեմ, նույնիսկ մերժել են իմ բացակայությունը երկրից` Ֆրանսիա գնալու եւ հորս տապանագիրը դնելու նպատակով, ինչպես նաեւ ԱՄՆ` առողջական խնդիրներս լուծելու համար: Բայց իմ երկու դիմումներն էլ մերժել են, եւ մինչ օրս շարունակում են իրենց ճնշումները զանազան ձեւերով: Ընդ որում` 2011թ. հունիսի 20-ին քրեական գործ հարուցեցին մեր դեմ` 2,5 մլն դրամ հարկային չարաշահումներ կատարելու փաստով: Սա` այն դեպքում, երբ մենք 20մլն դրամի գերավճար ենք ունեցել: Իսկ այդ հանգամանքը նկատի չէին ունեցել, եւ 2 օր հետո արշավեցին մեր դեմ: Այս ամեն ինչի հիմքում կա պատվեր: Դա հենց այդ ժամանակաշրջանն էր, երբ Սեւակի մարդիկ ստիպել էին Արթուրին ստորագրել 2400 եվրոյի պարտքի փաստաթուղթ: Դրան հաջորդեց Արթուրի հոր ծեծելը, ավելի ուշ ծեծել էին մեր հիմնարկի աշխատակիցներից մեկին: Իսկ 2011թ. սեպտեմբերին Հարկային տեսչությունն է սկսել անցկացնել ստուգումներ, եւ նախապես մեզ ասել էին, թե` գոնե 100-120 մլն դրամ պետք է գրենք ձեզ վրա:

– Ո՞վ էր ասել:

– Հարկային ծառայությունից էին ասել, ինչպես նաեւ սպառնացել էին: Խախտումներ չգտնելով` ստուգման ժամկետը երկարաձգեցին, ապա կիրառեցին 22 հոդվածը` Հարկերի մասին ՀՀ օրենքը, որի բովանդակությունը գիտեն շատերը: Դա կամայական հոդված է, որը հիմնվում է ոչ թե փաստաթղթի, այլ երրորդ անձանց տեղեկատվության վրա: Նշյալ հոդվածի հիման վրա 111 մլն դրամի ակտ գրեցին ընկերության վրա, այնինչ իրենց բուն նպատակն ինձ եւ իմ երկու աշխատակիցներին բանտ նստեցնելն էր: Ավելին` ինձ կալանավորելն անգամ ծրագրված էր: 2011թ. դեկտեմբերի 8-ին «Նարեկացի»-ում ժողովրդական նվագարանների համույթի գլխավոր համերգն էր, որին մենք պատրաստվել էինք երկար ժամանակ: Իրենք ընտրեցին հենց այդ օրը: Իմ փաստաբանը` Անի Թորոսյանը, զանգահարել էր քննիչին, եւ հայտնել, որ չեմ կարող ներկայանալ այդ օրը, բացի դա` նաեւ դիմում էր ներկայացրել, սակայն դա անտեսվեց: Հաջորդ օրն ինձ բերման ենթարկեցին, ընդ որում` այդ օրը հորս մահվան 40-րդ օրն էր: Արդեն դուրս էի եկել տնից, երբ բակում տեսա ՊԵԿ-ի քննչականի աշխատակիցներին: Մինչ տեղ հասնելը զրուցեցի օպերների հետ: Վերջիններս զարմացել էին` հայտնելով, որ իրենց մեկ օր առաջ կանչել էին եւ ասել, թե իբր ես ահաբեկիչ եմ: Այս ամբողջ պատմությունը շարունակվում է 1,5 տարի, իսկ դատական ամբողջ գործընթացներն ուղղակի բեմականացումներ են: Ինձ ծիծաղելի մեղադրանք առաջադրեցին` իբր ես փող եմ լվանում, այն էլ` Շուշիում մի քանդված տան մեջ: Այդ տունը եւս Սեւակին էր պատկանում:

– Այս ամբողջ պատմությունը կապեցին Երեւանի ժամացույցի գործարանի Ձեր բաժնետոմսերի հետ: Ժամացույցի գործարանի տնօրենը հերքեց տեղեկությունը, թե Դուք 34%-ի բաժնետեր եք: Դուք ունե՞ք բաժնետոմսեր այդտեղ:

– Երեւանի ժամացույցի գործարանի բաժնետոմսերն իմ հոր անվամբ էին, որոնք փոխանցվել են մեծ եղբորս, այսինքն` դրանք իմ անվամբ չեն: Բիզնեսն ուղղակի ձեւ էր ինձ եւ ընտանիքիս ճնշելու համար: Այս ամենը բարոյական տեսանկյունից բնութագրելու դեպքում անգամ սրբապղծություն բառն է ոչ տեղին:

– Այսինքն` Ձեր դեմ կազմակերպված այս ամբողջ արշավի ետեւում միայն փո՞ղն է ընկած:

– Միանշանակ, այո՛:

– Դուք հայտարարել էիք, որ Ձեր դեմ ուղղված պայքարի ետեւում կոնկրետ մարդիկ կան կանգնած: Ովքե՞ր են այդ մարդիկ:

– Այս պահին անուններ չեմ նշի, բայց եթե լավ թղթակից եք, կարող եք ինքներդ պարզել: Գիտեք` ամենատխուր երեւույթներից մեկը սփյուռքահայության արձագանքն էր: Այս ամբողջ պատմությունը մեծ անդրադարձ ունեցավ սփյուռքահության վրա: Մինչ օրս քրեական գործը դեռ քննիչի վարույթում է, ու դեռ շարունակվում են խարդավանքները: Ընկերության ամբողջ գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք է դրվել, եւ ընկերությունը չի կարողանում բնականոն աշխատել, կատարել իր պարտականությունները գործընկերների նկատմամբ: Խնդիրը պայքարն է անարդարության դեմ: Նախապես մեզ առաջարկել էին` վճարել` ակտը չգրելու համար: Ես միայն իմ ընտանիքի կամ իմ մասին չէ, որ մտածում եմ: Սա մեր երկրի պատկերն է, որ այսօր ամբողջ աշխարհը տեսնում է:

– Հիասթափվե՞լ եք:

– Հիասթափվել եմ այն մարդկանցից, ովքեր ունեն պաշտոններ եւ չարաշահում են իրենց դիրքերը:

– Իսկ կհեռանա՞ք Հայաստանից:

– Կհեռանամ, եթե ինձ թաղեն: Իսկ ո՞ւր պիտի թաղվեմ… Կուզեի թաղվել Քնարավանում (լռում է, ապա մի տեսակ հուզված նայում է անորոշ կետերի.- Մ.Մ.): Հայաստանից գնալու բազմաթիվ հնարավորություններ ունեմ: Ի վերջո, ԱՄՆ քաղաքացի եմ, եւ Հայաստանում ԱՄՆ լիազոր եւ արտակարգ դեսպանը հետեւում է այս պատմությանը: Ամեն դեպքում սա ամոթալի է մեզ համար: Միայն Շուշիում շուրջ 150 երեխա ենք դաստիարակում: Հեռանալու դեպքում ո՞վ կհոգա նրանց համար: Եթե ես գնամ, մյուսը գնա, ո՞վ պետք է մնա հայրենիքում, ինչպե՞ս եք պայքարելու մեր երկրի համար: Մեր թշնամիներն ուրախանում են, երբ տեսնում են, որ ներսում մենք ուտում ենք իրար:

– Ո՞րն է ելքը:

– Որպես քրիստոնյա` հավատքը, որն ամենաուժեղ բանն է: Աղոթքը մեծ ուժ ունի, եւ մենք` իբրեւ հավատացյալ ժողովուրդ, պետք է հետեւենք դրան: Ի վերջո, Աստված սեր է, եւ պետք է նախեւառաջ պահպանենք հոգեւոր արժեքները: Երբ մարդ բարին է գործում, Աստված միանշանակ նրան բարին է տալիս: Առաջնորդվենք բարությամբ ու հավատքով:

Հ.Գ.
Հարցազրույցի ժամանակ մի շարք կարեւոր հանգամանքների մասին խոսեց նաեւ Ն. Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, որը կներկայացնենք մեր հաջորդ համարում: