Դերասան Սերգեյ Դանիելյանը երեկ կոչ է արել արվեստագետներին` բոյկոտել առաջիկա ընտրություններն ու քարոզարշավներին չմասնակցել: Երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով նախորդ ընտրությունների ժամանակ սատարում էր ՀՅԴ-ին, ասել է, թե եղել է ոչ թե ՀՅԴ-ի կողքին, այլ` Վահան Հովհաննիսյանի, ով, ըստ նրա` «իր ինտելեկտով ավելի բարձր է», քան ՀՀ երեք նախագահները: Սակայն այս ընտրությունների ժամանակ Ռ. Հախվերդյանն այլեւս ՀՅԴ-ի քարոզարշավներին որոշել է չմասնակցել, քանի որ, եթե նախկինում ինքն իրեն համարում էր ՀՅԴ-ի գաղափարակիր, ապա այսօր նա արդեն հիասթափված է նաեւ ՀՅԴ-ից: Ռ. Հախվերդյանի խոսքով` իրեն դուր չի եկել այն, որ ՀՅԴ-ն անդամակցել է կոալիցիային: «Ես եթե երբեւէ կյանքումս դառնամ որեւէ կուսակցության անդամ, դա կլինի Կանաչների կուսակցությունը»,- ասել է երգահանը` կոչ անելով նախագահական ընտրությունների ժամանակ չընտրել ՀՀ երեք նախագահներին: «Հայաստանը ոնց որ ռուսների պալիգոնը լինի, իրենք իրենց զենքերը տնկել են ստեղ, եւ մեզ շատ սիրում են, իսկ սիրելուց հետո գիտեք ինչ է լինում, ինչ են անում մեր ոխերիմ բարեկամները»,- ասել է Ռ. Հախվերդյանը: Ս. Դանիելյանն էլ հավելել է. «Բայց որ բռնի են սիրում, հետո ուրոդներ են ծնվում»:
Անդրադառնալով Մշակույթի նախարարության գործունեությանը, Ռ. Հախվերդյանն ասել է, որ եթե ինքը դառնա նախարար, անմիջապես մեդալները կհավաքի եւ կվերադարձնի տվողին: «Կոռուպցիոն համակարգում եթե նույնիսկ ես նշանակվեմ մշակույթի նախարար, ես էլ պիտի լափեմ, որովհետեւ եթե ես գնամ ու չլափեմ, ինձ դուրս կհանեն: Ի՞նչ պարտադիր է` նախարարը կնիկ լինի, կարող է կին լինել»,- ասել է նա: Ռ. Հախվերդյանին զայրացրել է նաեւ Ալլա Պուգաչովային Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան պարգեւելու փաստը: «Մաշտոցը մեր սրբերի շարքում է դասվում, իսկ Ալլա Պուգաչովան ոչ միայն նողկալի երգչուհի է, պոպսայի հիմնադիրը, այլեւ բարոյապես շատ կայուն երեւույթ չէ, որ, ասենք, Մեսրոպ Մաշտոցի նման սուրբը կախվի նրա կրծքավանդակին: Եթե Մեսրոպ Մաշտոցը նրան տեսներ, բոլորովին ցանկություն չէր ունենա նրա հետ մերձենալու»,- ասել է նա: Նրանք անդրադաձրել են նաեւ Երեւանում տեղադրվող արձաններին: Ըստ Ռ. Հախվերդյանի` Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Կոմիտասի արձանները «միջակից ցածր» մակարդակ ունեն: Սերգեյ Դանիելյանի հարցին, թե ո՞վ է ձեւավորում Երեւան քաղաքի ճաշակը, Ռ.Հախվերդյանը պատասխանել է. «Օրինակ, «Շարմը»` «Իմ զենքն իմ երգն է» պաստառներով»: