«Քեթրինի» Միհրանի» անհաջող բացատրությունները

19/01/2012

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը երեկվա ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել 2011թ. տեղի ունեցած միջադեպը, որի պատճառով պաշտոնանկ արվեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Հիշեցնենք, որ Մ. Պողոսյանն ապտակել էր իր աշխատակիցներից մեկին (ով, ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի ազգականն էր):

«Այդ հարցի շուրջ բավական բարձր մակարդակով եղել են բավական լուրջ հայտարարություններ: Գիտեք, ես այսօր չեմ գտնում, որ երկրի վարչապետի հայտարարությունից հետո պետական որեւիցե մի պաշտոնյա իրավունք ունի մեկնաբանի դա: Անգամ, եթե ես համաձայն չեմ: Ես ընդգծում եմ` անգամ, եթե ես համաձայն չեմ էն գնահատականին եւ էն հայտարարությանը, որն արվել է, ես ինձ թույլ չեմ տալիս մեկնաբանել դա, որովհետեւ գնահատականը եւ մեկնաբանությունը տրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից»,- երեկ ասել է Պողոսյանը: Լրագրողների դիտարկմանը, թե` արդյո՞ք դա նշանակում է, որ ինքը համաձայն չէ դեպքի առթիվ հնչեցված գնահատականներին, Պողոսյանը պատասխանել է. «Ես ասացի` եկեք մեկնաբանություններից զերծ մնանք ու բաց լինենք իրար հետ: Ես բոլորիդ հրավիրել եմ եւ ուզում եմ բաց լինենք, եկեք բաց զրուցենք»:

Անդրադառնալով վերջին ամիսների ընթացքում տարածված լուրերին, թե` Մ. Պողոսյանը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Մ. Պողոսյանն ասել է, որ ինքը նման մտադրություն չունի: Ի դեպ, նա հերքել է նաեւ այն լուրերը, թե ինքն է գլխավորելու ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախընտրական շտաբը: «Ես գիտեմ, որ Քոթանջյան Արայիկն է դա գլխավորում: Եվ քանի որ ես համայնքի հետ ունեմ որոշակի շփումներ, գիտեմ, որ թաղապետն իր գործն անում է շատ լավ»,- ասել է նա: Միհրան Պողոսյանը, ով բիզնես ոլորտում հայտնի է «Քեթրինի Միհրան» մականունով, երեկ հայտարարել է, թե ինքը 2007թ. որեւէ բիզնես չունի: Սակայն բավական է միայն նշել այն, որ հենց նա է զբաղվում Հայաստան ցիտրուսային մրգերի ներկրմամբ (իսկ նրան պատկանող մյուս բիզնեսներին մենք կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում): Մ. Պողոսյանը երեկ որպես հիմնավորում, թե ինչու են որոշ բիզնեսներ իրեն վերագրվում, բավականին ծիծաղելի պատասխան է տվել: Նրա խոսքով` այն բիզնեսներին, որոնց հետ կապվում է իր անունը, ինքն առնչություն ունի այնքանով, որ դրանք տեղակայված են այն շենքերում, որոնց սեփականատերն ինքն է: Այսինքն` ինքն իր սեփական տարածքները վարձակալության է տվել «Քեթրին» ընկերությանն ու «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցին, դրա համար էլ այդ բիզնեսները վերագրվում են իրեն: Իսկ թե ինչու է նա ստացել նաեւ «Քեթրինի» Միհրան» մականունը` նա չի պարզաբանել: Սակայն քիչ անց նա խոստովանել է, որ այդ բիզնեսներն իրեն են պատկանել: «Ժամանակին, ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ 1995 թվականից ես բիզնեսով զբաղվել եմ, հիմնադրել եմ «Քեթրին» ընկերությունը եւ բավականին լուրջ հաջողությունների հասել եմ: Բայց 2007 թվականից հետո, երբ ես նշանակվեցի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, ես բիզնեսները, այսպես ասած, վաճառել ասեմ, թողնել ասեմ, եւ ընդհանրապես բիզնեսի հետ կապ չունենալ…»,- անհաջող պարզաբանման փորձ է արել «Քեթրինի» Միհրանը»: