Նախընտրական տնտեսություն

19/01/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Տարվա առաջին օրերին դրամի արժեզրկումն ու կայունացումն արտառոց չէր: Այլ կերպ ասած` սպասումներն արդարացան: Նախատոնական օրերին դրամի քանակը շրջանառության մեջ աճել էր: Հիմա արդեն կկրճատվի ու «դրամի լողացող կուրս» կոչված գործընթացը նորից կդառնա խիստ վերահսկելի: Այնքան վերահսկելի, որ 2012թ. տնտեսական տարվա սպասումներն ու կանխատեսումները տնտեսության իրական գործընթացներից անկախ կընթանան: Ինչպես նախորդ տարիներին: Բայց 2012-ի տնտեսական սպասելիքները մի փոքր այլ են: Բնակչության համար ամենաէականը, թերեւս, այն է, որ այս տարի գազի սակագինը չի աճի: Նման ենթադրության հույս տալիս է այն, որ «ՀայՌուսգազարդն» առայժմ չի դիմել սակագների կարգավորմամբ զբաղվող հանձնաժողովին: «Ինչո՞ւ չի դիմել» հարցը հնարավոր երկու պատասխան ունի: Եվ դրանցից յուրաքանչյուրն առանձին կարելի է բավարար համարել: Նախ գործող սակագինը անհամատեղելի է սպառողների եկամուտների հետ: Սակագնի վերջին թանկացումից հետո գազի սպառման ծավալները կտրուկ նվազել են: Նույնիսկ քաղաքային բնակչության մի մասն այս ձմեռ հրաժարվեց գազի ժամանակակից համակարգերով (դրանց հիմնականում «Բաքսի» են անվանում) կացարանները ջեռուցել: Երկրորդ պատճառն ավելի ազդեցիկ կարելի է համարել՝ 2012-ը ընտրական տարի է: Այ, հենց խորհրդարանական ապագա ընտրություններն էլ ազդելու են մեր տնտեսական կյանքի վրա: Նախ՝ մեր իշխանությունները հնարավորինս ամբողջական պատկերացում ունեն բնակչության կենսամակարդակի մասին: Հետեւաբար գիտեն, ու աղքատության դեմ տարվող իրենց անձնուրաց պայքարն առայժմ հակառակ արդյունքներ է տալիս: Դրա ամենաօրիգինալ ապացույցն այն էր, որ հայաստանյան բանկերից մեկը սուպերմարկետների մի ցանցի միջոցով նախատոնական օրերին վարկավորեց Ամանորյա սեղանի ծախսերը: 2011թ. տնտեսական պաշտոնական ամփոփագրերն ընթերցելիս բավական հետաքրքիր դրվագներ կարելի է արձանագրել: Հարկային մարմինները հպարտությամբ հրապարակեցին, որ աննախադեպ աճ է արձանագրվել պարտադիր սոցվճարների գծով՝ 43 տոկոս (2011-ը` 2010-ի համեմատ): Ստվերային տնտեսության դեմ պայքարի այս հաջողությունը հիմնականում վարձու աշխատողների հաշվին էր: Որպես կանոն` բոլոր խոշոր ու միջին գործատուները թաքցրած աշխատողներին հարկային դաշտ տեղափոխեցին հենց նրանց վճարվող աշխատավարձերը կրճատելու հաշվին: Եզակի իրավիճակ՝ պետբյուջեն, որ մասամբ բնակչության սոցիալական վիճակը բարելավելու նպատակ ունի, հավաքագրվեց նույն սոցիալական վիճակը վատթարացնելու գնով: Եթե թվաբանությանը դիմենք` կարձանագրենք, որ աշխատողների մի ստվար հատվածի աշխատավարձը 10-20 հազար դրամով պակասեցնելուց հետո, նրանց կենսաթոշակառու ծնողին 2 հազար 500 դրամ ավելի թոշակ խոստացան: Նման իրավիճակում հարկային հետագա բարեփոխումները տնտեսական իմաստով համարյա անիմաստ են դառնում: Հատկապես նախընտրական շրջանում: Մեր նորօրյա փորձը ցույց է տալիս, որ հենց իրենք՝ ընտրություններն են ինչ-որ իմաստով տնտեսական գործընթաց: Լուրջ ծավալներ ու ազդեցություն ունեցող գործընթաց: Դրանք առաջին հերթին երկու-երեք ամսանոց ժամանակավոր աշխատատեղեր են՝ նախընտրական շտաբներում, դիտորդական խմբերում, ընտրական հանձնաժողովներում ընդգրկվող մարդկանց համար: Բնակչության սոցիալական վիճակի վատթարացումը հուշում է, որ այս տարի եւս էական գործոն կլինի ընտրակաշառք կոչվածը: Եթե մեր հասարակական կազմակերպությունների եվրոսլենգով արտահայտվենք՝ ընտրական գործընթացները մեկօրյա աշխատանքով կապահովեն բնակչության մի ստվար հատվածի՝ «մեկ քվե 5 հազար դրամի դիմաց» բանաձեւով: Կայացած ավանդույթի համաձայն` դրամով տրված ընտրակաշառքը լարում կծնի երկրի ֆինանսական շուկայում: Ու մինչեւ Կենտրոնական բանկը (ԿԲ) կհաջողի կրճատել շրջանառության մեջ ներդրված կանխիկ փողի ծավալը` երկրում լուրջ գնաճ կարձանագրվի: Բայց մակրոտնտեսական կայունության ապահովման ճանապարհին մեր ԿԲ-ն երբեք ոչնչի առջեւ կանգ չի առել: Անգամ՝ սոցիալական լուրջ դժգոհություն-խժդժոցների սպառնալիքի: Իսկ տնտեսական իրական հատվածի բոլոր մյուս գործընթացները մեզնից ու մեր տնտեսությունից կախված չեն: Համաշխարհային տնտեսությունը ճգնաժամը թեթեւ կտանի՝ երկրի հանքահումքային արդյունաբերությունը կաճի: Կաճի՝ առանց բնապահպանների կարծիքի ու երկրի իրական շահերի հաշվարկի: Պղինձ ու մոլիբդեն կարտահանենք: Մշակող արդյունաբերության ու որեւէ պատրաստի արտադրանքի արտահանման մասին հույսեր չկան: Կշարունակենք պոչամբարներով լցնել ձորերն ու դրանց պարունակած ծանր մետաղներով վարակել հողն ու ջուրը: Շինարարության ու առեւտրի հույսը Ռուսաստանի տնտեսությունն է: Բանաձեւը եւս նույնն է՝ դրամական փոխանցումներ (տրանսֆերներ) արտահանված աշխատուժի դիմաց: Մի բան լավ է: 2012-ին մանր ու միջին բիզնեսը խեղդող հարկային վարչարարությունն ավելի մեղմ կլինի: Ավելին, այս ոլորտները մոտ տարի ու կես շունչ քաշելու ժամանակ կունենան: Որովհետեւ մեր տնտեսությունն ուղիղ այդքան ժամանակ ընտրությունների համաստեղության տակ է հայտնվել: 2013-ի նախագահական ընտրություններից հետո արդեն միանգամից կպարզվի, որ տնտեսական զարգացումների ոչ մի ծրագիր չի իրականացվել: Ու հենց այդ ժամանակ էլ բոլորս կսկսենք վճարել այս՝ մեկ ու կես տարի ձգվող պոպուլիզմի համար: Կվճարենք՝ աշխատատեղերի կրճատումով, սակագների աճով ու սպառողական ապրանքների բարձր գնաճով: Արդարացում գտնելն, իհարկե, դժվար չի՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի վրա ամեն ինչ կարելի է բարդել: Անգամ սեփական անգործունակությունը: Նույնիսկ՝ անմեղսունակությունը: