ՌԴ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Կոսաչեւը` մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը, երեկ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է ոչ թե վերջնագրեր ներկայացնելու, այլ փոխզիջումների գնալու ճանապարհով: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենաբարդերից է: Կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշման օգտին ուժեղ փաստարկներ է ներկայացնում»,- ասել է նա` հավելելով, թե հակամարտության կողմերի վստահությունը եւ աջակցությունը վայելող երկրներից մեկը ՌԴ-ն է: «Կան երկրներ, որոնք ադրբեջանամետ կամ հայամետ դիրքորոշում ունեն: ՌԴ-ի դիրքորոշումը միշտ եղել է այնպիսի փոխզիջման հասնելը, որը կբավարարի հակամարտող երկու կողմերին էլ: Դրա վրա են կենտրոնացած ռուսական ղեկավարության եւ դիվանագետների ջանքերը: Ակնկալվող հանդիպման իմաստը դա պետք է լինի»,- ընդգծել է Կոսաչեւը: Նրա դիտարկմամբ` դեռեւս վաղ է կանխատեսել, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն, ըստ նրա` դրանք դեռ պետք է մշակվեն, համաձայնեցվեն եւ ընդունվեն Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ` ԼՂՀ բնակիչների կողմից: