Վերջերս խմբագրություն դիմող բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են Հայաստանում գործող կլինիկաների` հետազոտության համար նախատեսված որոշ ծառայությունների սակագներից: Մասնավորապես սոցիալապես անապահով խավերի համար գրեթե անհասանելի են օրինակ` մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MTR, յամեր), համակարգչային տոմոգրաֆիայի (KT) կամ ռենտգենաբանական հետազոտությունները:
Հիշեցնենք, որ նշված սարքավորումներով հետազոտությունների ախտորոշումները համարվում են մոտ 100%-անոց ճշգրիտ եւ աշխարհի բոլոր երկրների բուժծառայություններն իրենց ախտորոշումներն իրականացնում են` հիմնվելով համակարգչային եզրակացության վրա: Օրինակ` մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան հնարավորություն է ընձեռում բարձր որակով տեսազննել գլխուղեղը, ողնուղեղը եւ ներքին օրգանները, հետազոտել օրգանների ֆունկցիան, որոշել արյան հոսքի արագությունը, ողնուղեղային հեղուկի հոսքի արագությունը, տեսնել գլխուղեղի կեղեւի ակտիվությունը` կոնկրետ օրգանների գործունեության ժամանակ: Գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք ախտորոշվում են միմիայն այս սարքավորման միջոցով: Համակարգչային տոմոգրաֆիան (KT) կիրառվում է ներքին օրգանների հիվանդությունների հետազոտման ժամանակ եւ համարվում է առաջատար մեթոդ գլխուղեղի, թոքերի, ողնաշարի, ողնուղեղի, միջընդերքի, լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի եւ այլ հիվանդությունների ախտորոշման համար: Ի դեպ, համակարգչային տոմոգրաֆիան կիրառվում է ախտորոշման ճշգրտման նպատակով, եթե մինչ այդ կատարված ռենտգենաբանական ուլտրաձայնային եւ այլ հետազոտության մեթոդներն արդյունավետ չեն եղել: Մենք փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել, թե մասնավորապես մայրաքաղաքի կլինիկաներում ինչ սակագներ են գործում այս սարքավորումներով հետազոտվելու համար: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից մեզ փոխանցեցին, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (MTR) հետազոտությունն արժե 65.000 դրամ, իսկ համակարգչային տոմոգրաֆիան (KT)` 60.000 դրամ: «Նաիրի» բուժկենտրոնում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով մարմնի միայն մեկ հատվածի հետազոտության արժեքը 70.000 դրամ է, իսկ համակարգչային տոմոգրաֆիան` 95.000 դրամ: «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնից մեզ փոխանցեցին, որ կլինիկայում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքավորում չկա, իսկ համակարգչային տոմոգրաֆիայի գինը` մինչեւ 18 տարեկանների համար 40.000 է, իսկ 18-ից բարձր տարիքի մարդկանց համար` 50.000: Հաշվի առնելով, որ հիվանդանոցը մանկական է, մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք մինչեւ 7 տարեկան երեխաների բուժումը պետպատվերի շրջանակներում չի՞ իրականացվում, եւ այդ բուժման մեջ չի՞ ներառվում նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունը: «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնից ի պատասխան նշեցին, որ ճիշտ է` բուժումն անվճար է, բայց դժվարամատչելի հետազոտությունները վճարովի են:
Հայաստանում պաշտոնապես նվազագույն աշխատավարձ է սահմանվել 30.000 դրամը, իսկ միջին աշխատավարձ` 110.000 դրամը: Թե որքանով առողջության պահպանման հետ խնդիր ունեցող հայ քաղաքացին կարող է օգտվել այս հետազոտություններից` դատեք ինքներդ: Նշենք նաեւ, որ բուժհիմնարկներն իրենք են որոշում այս հետազոտությունների սակագները, եւ այս դաշտում գործում են շուկայական պայմանները:
Բնակչությունն իր իրավունքների շրջանակից տեղյակ չէ՞
Այս խնդրի շուրջ մենք փորձեցինք որոշակի պարզաբանումներ ստանալ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանից, ով նախ շեշտեց, որ գոյություն ունեն սոցիալական հատուկ խմբեր, որոնց հետազոտությունը վերոնշյալ սարքավորումներով կատարվում է պետպատվերի շրջանակներում: «Նախ պետք է նշենք, որ այդ սարքավորումներն իրենք շատ թանկ են: Եթե մենք հիմա պատմական շրջայց կատարենք` կտեսնենք, որ նախկինում ամբողջ Հայաստանում գոյություն ուներ ընդամենը մեկ համակարգչային տոմոգրաֆիայի սարք` Աջափնյակի Ախտորոշիչ կենտրոնում: Հիմա մեր պետության առաջընթացին զուգահեռ` առողջապահության համակարգը հագեցել է այդ սարքավորումներով. բազմաթիվ մարզերում կան այդ սարքավորումներով հետազոտվելու հնարավորությունները` Գյումրիում, Վանաձորում, Կոտայքի մարզում: Երեւանի գրեթե բոլոր հիվանդանոցներն ունեն, բացի այդ` նաեւ ոչ հիվանդանոցային ծառայությունները` ախտորոշիչ կենտրոններն ունեն»,- վստահեցնում է Վ. Պողոսյանը` ավելացնելով, որ սարքերի մատչելիության համար ՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ) վաղուց համապատասխան քայլեր է ձեռնարկել: Ըստ նրա` մատչելիությունը գնալով ընդլայնվում է, քանի որ ՀՀ կառավարության 2004թ.-ի N 318 որոշմամբ` սահմանված է բուժօգնության սպասարկում պետական պատվերի շրջանակներում ստացողների ցանկ: Այս որոշմանը հաջորդել է ԱՆ կողմից հաստատված չափորոշիչները, համաձայն որոնց` կազմակերպվում է բուժօգնության ամբողջ դաշտը: Այդ չափորոշիչների մեջ ընդգրկված է նաեւ դժվարամատչելի հետազոտությունների ցանկը, որտեղ արձանագրված է սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերի պետպատվերի շրջանակներում հետազոտվելու իրավունք ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը. «Պետպատվերով, անվճար հետազոտվելու ցանկից օգտվում են նաեւ անհետաձգելի դեպքերում հիվանդանոցներ բերված այն անձինք, այն հիվանդությունների տեսակներով, որոնք սահմանել է նախարարությունը»: Համաձայն Վ. Պողոսյանի մատնանշած «Պետության կողմից երաշխավորված անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների եւ վիճակների»` չափորոշիչի հետազոտությունն անվճար է օրինակ` շոկային, կոմատոզ վիճակների, դիաբետիկ կոմայի, սուր շնչառական անբավարարություն, էկզոգեն հիվանդության, ինսուլտի, սրտամկանի սուր ինֆարկտի, սուր երիկամային անբավարարության, գլաուկոմայի սուր նոպայի եւ մի շարք այլ անհետաձգելի դեպքերում: Վ. Պողոսյանի հավաստմամբ` յուրաքանչյուր տարի այդ ցանկը վերանայվում եւ նորացվում է: «Մագնիսառեզոնանսային եւ համակարգչային տոմոգրաֆիաներից օգտվում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով հատուկ խմբերը: Մեխանիզմը հետեւյալն է. եթե ամբուլատոր պոլիկլինիկայի բժիշկները գտնում են, որ ախտորոշման համար անհրաժեշտ է այս հետազոտություններն անել, ապա նշանակումներ են կատարում, եւ մարդն իր ուղեգրով, կարգավիճակի մասին փաստաթղթերով գնում է այն կլինիկա, որտեղ տեղադրված է պետական պատվեր: Մյուս կոնտինգենտն, ինչպես նշեցի, անհետաձգելի վիճակում հիվանդանոց դիմող այն անձինք են, որոնց ախտորոշման համար անհրաժեշտ է այդ հետազոտությունները կատարել: Սոցիալապես ապահով խավի համար, բնականաբար, գործում է վճարովիի սկզբունքը»,- ասում է նախարարի տեղակալը` հավաստիացնելով, որ բնակչությանն իրազեկելու խնդիր կա, քանի որ շատ դեպքերում մեր քաղաքացիները տեղյակ չեն ծառայություններից անվճար օգտվելու իրենց իրավունքներից:
Վ. Պողոսյանի հավաստմամբ` բոլոր բուժհաստատությունների, պոլիկլինիկ ծառայությունների պատերին փակցված են անվճար ծառայությունների կարգի մասին տեղեկատվություններ, դրված են իրազեկման թերթիկներ, սակայն մեր քաղաքացիներից շատերը շրջանցելով տեղեկատվության աղբյուրները, դիմում են վերադասին: Մենք Վ. Պողոսյանին հակադարձելով` մատնանշեցինք փաստեր, ըստ որոնց` անձամբ բուժաշխատողները հատուկ խմբերում ընդգրկված որոշ մարդկանց անվճար հետազոտումը մերժել են, այն դեպքում, երբ գոյություն ունի կառավարության նույն N 318 որոշումը: «Ես կարծում եմ, որ այդ անձը ոչ թե մերժվել է, այլ նրա հետազոտությունը հետաձգվել է: Քանի որ այդ հետազոտությունները թանկարժեք են, պետությունը սահմանափակ գումարներ ունի: Երբ ամսվա կտրվածքով գումարները վերջանում են եւ բժշկական անհետաձգելի ցուցումներ չկան, պետք է պլանային կարգով հետազոտություն կատարել` մարդուն առաջարկվում է հետազոտությունը կատարել 15-20 օր հետո: Դա արվում է այն հաջորդ ամիս տեղափոխելու նպատակով, որի ժամանակ կլինի ֆինանսավորումը»,- պարզաբանում է Վ. Պողոսյանը` վստահեցնելով, որ նման դեպքերում մարդիկ կարծում են, թե իրենց մերժել են: Այդուհանդերձ, մենք հարցրեցինք` «Դուք բացառո՞ւմ եք, որ բուժհիմնարկներում կարող են լինել անբարեխիղճ մասնագետներ, որոնք կշրջանցեն թե՛ նախարարի հանձնարարականը, թե՛ կառավարության որոշումները»: «Իհարկե կարող են լինել, չեմ բացառում: Կարող են լինել ոչ թե անբարեխիղճ, այլ գործին չտիրապետող բուժաշխատողներ, որոնք չիմանալով` մարդուն ասում են` վճարովի է: Իհարկե, բոլորը չէ, որ պրոֆեսիոնալ են. կան անբարեխիղճ, իրավիճակին չտիրապետող բժիշկներ, որոնց պատճառով մեզ մոտ խնդիրներ են լինում: Բոլոր դեպքերում, ախտորոշիչ հետազոտությունների ամբողջ ոլորտը կարգավորվում է Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով եւ յուրաքանչյուր տարի թարմացվող չափորոշիչներով: Բնականաբար, նախարարությունում նույնպես բողոքներ են լինում, թեժ գիծ է գործում, ձեր` մամուլի միջոցով ենք իմանում, այնպես որ, այդ խնդիրները բացահայտվում, պարզվում եւ լուծվում են»,- պատասխանեց Վ. Պողոսյանը:
Ինչեւէ, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վստահեցնում է, որ ՀՀ քաղաքացիներից շատերն իրենց անվճար հետազոտվելու իրավունքների մասին իրազեկված չեն, դրա համար էլ դիմում են վերադասին կամ լրատվամիջոցներին: Ստորեւ ներկայացնում ենք այդ ցանկը, որպեսզի մեր քաղաքացիները խմբագրություն դիմելու փոխարեն` բուժաշխատողներին ոչ թե խնդրեն, այլ պահանջեն կատարել պետության պատվերը:
Սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկ
– Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
– 1-ին խմբի հաշմանդամներ
– 2-րդ խմբի հաշմանդամներ
– 3-րդ խմբի հաշմանդամներ
– Հաշմանդամ երեխաներ (մինչեւ 18 տարեկան)
– Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձինք
– Միածնող երեխաներ (մինչեւ 18 տարեկան)
– Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչեւ 18 տարեկան) եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)
– Բազմազավակ (մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
– Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ
– Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
– Բռնադատվածներ
– Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
– Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչեւ 18 տարեկան), մինչեւ 7 տարեկան երեխաներ
– Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաեւ հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաեւ խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր եւ հիվանդանոցային փորձաքննության մասով
– Զինծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամներ
– Ձերբակալվածներ, կալանավորված անձինք եւ ազատազրկման դատապարտվածներ
– Մանկատներում եւ ծերանոցներում խնամվողներ
– Մինչեւ 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ
– Մինչեւ 8 տարեկան, ինչպես նաեւ 12 տարեկան երեխաներ ու 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով)
– Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանում (ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով)
– Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձինք