Այս հոդվածիս գաղափարն արդեն մտմտում ու մի անկյունում առանձնացած հաստ ու բարակ, կարճ ու երկար գրքեր ու պարբերականներ էի թերթում, երբ հանկարծ ՖԵՅՍԲՈՒՔ ընկերային ցանցի մեջ եղած ընկերներիս թիվը մեկով պակասեց: Սկզբում նշանակություն չտվեցի, որովհետեւ գրեթե 1000-ի հասնող բարեկամներիս ցուցակի մեջ նաեւ պատահական մարդիկ կան, որ ժամանակի ընթացքին հասկանալով, որ իրենց խելքի բանը չեմ, բնականաբար հեռանում են: Բայց մեկ էլ անդրադարձա, որ արդեն երկար ժամանակ է, որ ուսանողական բարեկամիցս որեւէ լուր չեմ ստանում ո՛չ լրահոսով ու ո՛չ էլ անձամբ իրենից: Ու համարձակորեն ստեղնաշարով հավաքեցի անուն-ազգանունը… եւ ճիշտ դիմացի սյունակի մեջ կարդացի հայտնի «բարեկամության հրավեր» վահանակը, որ սովորաբար արդեն բարեկամ եղած անձի դիմապատին չի հայտնվում: Նախ շվարեցի, հետո անհանգստացա ու սկսեցի դիմապատով վար իջնել: Կարծես սիրտս մի բան վկայում էր: Բավականին իջել էի, երբ մի հայտարարություն հայտնվեց. «Հայոց բանակի հասցեին հոխորտալու համար ես Լիլիթ Սիմոնյանին հանեցի իմ ընկերների ցուցակից` առանց զգուշացնելու: Էլի ցանկացողներ կա՞ն»։ …Ցնցվեցի, տխրեցի, սրտնեղեցի ու ճիշտ երիտասարդ տարիներիս նման` նեղացա… Ինքս ինձնից նեղացա, գրեթե 30 տարվա բարեկամիցս նեղացա, այն իրականությունից նեղացա, որի մեջ հայտնվել ու դադարել ենք առաջնայինն ու երկրորդականը զատել իրարից: Հայրենիքը, այլեւս ոչ թե որպես հայրերի երկիր, որպես մեր սեփական կյանքի պատմություն, որպես երիտասարդության հիշողություն եւ այդ հիշողությունից հայտնված ամեն ծվեն սուրբ մասունքի նման եւ ամեն գնով պահպանելու ցանկություն է, ոչ թե բարեկամաբար զրուցելն ու խոսելն է` լսելու համար վաղեմի բարեկամիդ կարծիքն ու դիրքորոշումը, այլ «հայոց բանակի դեմ հոխորտացող» ամեն մի «սրիկայի» ջնջելն ու «հանելը»… Սա՛ է հայրենասիրությունը: Հայրենասիրություն է նաեւ հողը, պատն ու քարը սիրելը եւ նույնպիսի կրքով հայրենակիցներիդ հայրենական քարով քարկոծելը, հայրենական ծառի ճյուղով` գլուխը կոտրելը, հայրենական հողը նրա գլխին շաղ տալն է… Այս մտածողությամբ դեռեւս ամուր կապանքներով ու սավոկային մտածողության գրկի մեջ խեղդվում է մեզանում եղած ամենայն մարդկայինն ու անձնականը: Եվ եթե նույնիսկ հայոց բանակը լիներ իսկապես այն բանակը, որի ստեղծման ու կայացման համար ազգովին տարիներ շարունակ զրկանքների գնացինք, եթե լիներ այն, որի երազով ապրեց ու զոհվեց Մովսես Գորգիսյանն ու մեր մյուս արժանավոր տղամարդիկ, եթե լիներ երկիրը իսկապես թշնամուց պաշտպանող, այլ ոչ այսօրվա հայաստանյան իշխանությունների ավազակային իրականության եւ նույնքան պախարակելի անտարբերության արդյունքը, ուր խոշտանգում են մեր երեխաներին, ուր խելահան են անում մեր երեխաներին, ուր սովամահ են անում մեր երեխաներին… Նույնիսկ ա՛յդ դեպքում, որեւէ բարեկամիս «հայոց բանակի դեմ հոխորտալը» առիթ չէր լինելու «հանել» նրան ընկերներիս ցուցակից: Առավել եւս, առիթ չէր լինելու աջ ու ձախ բղավել, թե հայոց բանակին «բան ասողները» թշնամու ջրաղացին ջուր են լցնում: Ուշքի եկեք, հայրենասերներ… Աշխարհում ՉԿԱ՛ որեւէ ազգ, որեւէ ցեղ, որեւէ ցեղախումբ, որ համակերպվի այն ամենին, ինչին համակերպվում է հայը… Կարելի՞ է ամեն պատեհ ու անպատեհ առիթով, երբ հայկական բանակի ներսում կատարվող իրողությունների մասին որեւէ մեկը «հանդգնում» է խոսել, հակառակել` ասելով, թե «պատերազմի մեջ ենք, եւ ամեն մի դիտողություն օգնելու է մեր թշնամիներին»… Ինչպիսի տկարամտություն… Նախ բացատրեք, թե մենք այսօր ում հետ ենք պատերազմում: Եվ ապա, մի՞թե կարող է այլասերված բանակը հաղթել, մի՞թե կարող է ստորացված ու հալածված շարքային զինվորը, բացի ատելությունից, իր անմիջական ղեկավար սպաների նկատմամբ որեւէ ուրիշ զգացում ունենալ, եւ վստա՞հ ենք արդյոք, թե շարունակական ստորացումներ ապրելով` այնքան զայրացած չի լինի, որ նաեւ կարող է պատճառ դառնալ չկատարելու նրանց հրամանը հենց այն վճռական պահին, երբ իսկապես դիմացը թշնամին լինի… Մի՞թե դեռեւս 80-ականներից սկսած ազատամարտերի ժամանակ, հայ ազատամարտիկ-զինվորականների հրամանատարներն այսպես էին վարվում իրենց ջոկատների տղաների հետ: Ո՛Չ: Եվ Արցախյան ազատամարտի հաղթանակի գրավականը նաեւ սա էր: Տարօրինակ է, իսկապես տարօրինակ է մարդ արարածը: Մի կողմից` ՀԱԿ-ի ակտիվ գործիչ հոր առկայությունն, ու մյուս կողմից `որդու` իշխանությունների ստեղծած բանակային իրականությունը քննադատողին ընկերների ցուցակից «հանելը» առնվազն առիթ են տալիս ինձ ափսոսալու ընկերոջս կորստի եւ հանրության միամտության համար: Կրկին առիթ են տալիս մտորելու, թե «ինչ էինք, եւ ինչ դարձրին…»: Բոլոր ճակատների վրա ենք տանուլ տվել: Բոլորովին ենք զոմբիացել: Բոլոր առումներով ենք վարկաբեկվել: Հիմա էլ լուռ ու մունջ, առանց որեւէ վերաբերմունքի ու սեփական ուժերը մոբիլիզացնելու, թրեւ ենք գալիս` փոխանակ հավաքվելու ու պատրաստ լինելու այն հավանական փոփոխություններին, որ գլխներիս ձյան նման կարող է թափվել հյուսիսից եւ շատ մոտիկ ապագային: Մոսկվայում մարդիկ համախմբվում են, Ոստիկանությունն ու այս անգամ «ռուսաց բանակը» մինչեւ ատամները զինված հեռատեսիլով հայտարարություններ է անում, սպառնում է հասարակությանը, թե եթե հանկարծ ոմանք «անկարգություններ» թույլ տան եւ «խանգարեն հասարակական կարգը»` կպատժվեն: Ասացեք խնդրեմ, կարելի է կարծել, թե պատժված չեն: Եվ ինչ երանի, եթե հանկարծ այնպես պատահի, որ «ռուսաց բանակը» իր զինվորական կազմով հանկարծ հիշի, թե իր մարդկային արժանապատվությունն էլ է ոտնահարված «փառապանծ ու անծայրածիր» Ռուսաստանի մեջ, ու հրաշքով միանա խռովարարներին… Մի բան, որ երեւի դժվար է երեւակայել խեղճ ու կրակ, ստորացված ու նվաստացված, խոշտանգված ու ինքնասպանության պատրաստ հայ զինվորից… Ճիշտ այնպես, ինչպես անհնար է համեմատել ռուս մտավորականների քաղաքացիական դիրքորոշումն ու հայ` կոչումներով ու զանգուլակներով անհասկանալի այն խավի, որ ինքն իրեն մտավորական է կոչում, առանց դրա համարումն ունենալու:
Ես հասկանում եմ, որ ծանր, շատ ծանր է իրականությունը տեսնելն ու ընկալելը: Ես գիտեմ, որ ոչ միայն բազմաթիվ ու բազմապիսի հակառակորդներ ու թշնամիներ եմ վաստակում յուրաքանչյուր տողս ու միտքս արձանագրելով, այլեւ օր օրի կորցնում եմ նույնիսկ 30-ամյա վաղեմի ու իսկական (իսկակա՞ն) բարեկամներիս… կորցնում եմ նոր բարեկամներիս (բարեկամների՞ս), բայց… Բայց այս կորուստները ոչինչ են այն հույսի ու հավատի հետ, թե դեռեւս կան ոգեղեն ու հիրավի հայրենասեր մարդիկ, որ իրար հետ միանալով փրկելու ենք մեր երկիրը, մեր զավակներին, տիրանալու ենք Աստվածային ու մարդկային բոլոր օրենքներով մեզ տրված իրավունքին` ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ …եւ ԱՊՐԵՆՔ:
Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆ-Լե ԿԱԴՐ
Փարիզ