«Ես կմնամ իմ երկրի նախագահի կողքին»

19/01/2012

Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Մինչ այդ նա ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել: news.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Խաչատրյանն ասել է, թե ինքը որեւէ մեկի հետ տարաձայնություն չի ունեցել:

– Պարոն Խաչատրյան, ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ-ից դուրս գալու Ձեր որոշումը: Չէ՞ որ Դուք նաեւ ԲՀԿ-ի Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն եք:

– Նախ ասեմ, որ ես ոչ ոքի հետ ոչ խնդիր, ոչ էլ տարաձայնություններ չունեմ եւ չեմ ունեցել: Սա իմ սեփական նախաձեռնությունն է: Ես այդպես եմ մտածում: Ցանկանում եմ ծառայել իմ երկրին, իմ պետությանը, իմ նախագահին: Ես զինվորական եմ: Քաղաքականության մեջ իմ հեռանկարը չեմ տեսել, դրա համար էլ դիմում եմ այդ քայլին: Բոլոր տարիներին ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ կատարել եմ իմ գործը, համոզված լինելով, որ ծառայել եմ գլխավոր նպատակին պետության կայացմանն ու ամրապնդմանը: Այդ համոզմունքով էլ ես 2008թ. իմ ձայնը տվել եմ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ երբ արդեն կոալիցիան իր գործը կատարել է, էլ չեմ ուզում ուրիշ քայլերի դիմեմ: Ինչպես նաեւ շարունակում եմ հավատալ, վստահել երկրի նախագահի քաղաքականությանը:

– Ձեր այս որոշման մեջ դերակատարում ունեցե՞լ է այն հանգամանքը, որ կուսակցությունները որոշել են առանձին-առանձին ցուցակներով մասնակցել ընտրություններին:

– Ես պետական մտածողության տեր մարդ եմ եւ մտածում եմ իմ երկրի մասին: Այդ հարցն ուղղեք նրանց: Բայց ամեն դեպքում չեմ տեսնում հակասություններ կամ էլ հակամարտություն` միմյանց դեմ դուրս գալու: Ես սեփական մտածողությամբ եմ առաջնորդվում:

– Իսկ Ձեր քայլից հետո, արդյոք, այլ կուսակցություններից իրենց շարքերը համալրելու առաջարկ չե՞ք ստացել: Հնարավո՞ր է` համալրեք ՀՀԿ-ի շարքերը:

– Առաջարկություններ չեմ ստացել: Չեմ ցանկացել գեղեցիկ խոսքերով տարվելով` ինչ-որ քայլերի գնալ: Ինձ ճանաչողները գիտեն ես ինչ ձեւի մարդ եմ: Ես քաղաքապետ էլ եմ աշխատել, տարբեր պաշտոններ էլ եմ զբաղեցրել, բայց ինձ պաշտոնն ու աթոռը չեն գեղեցկացրել: Ես ընդամենը իմ երկրի զինվորն եմ եւ ծառայում եմ իմ երկրին: Ես կմնամ իմ երկրի նախագահի կողքին, բայց չեմ պատրաստվում անդամագրվել ՀՀԿ-ին:

– Իսկ փոխքաղաքապետի պաշտոնում շարունակելո՞ւ եք Ձեր լիազորությունները:

– Ոչ: Փոխքաղաքապետի պաշտոնից էլ արդեն դիմում եմ գրել եւ դուրս եկել, որ մինչ այդ կայացրածս որոշումը չդիտվի պաշտոնի հետ կապված խնդիր: Այստեղից այնտեղ գնալու մոտեցումն իմ «նատուրան» չէ:

– Այսինքն` ինքնակամ հրաժարվո՞ւմ եք երկու պաշտոնական դիրքից էլ: Լավ այդ դեպքում ինչո՞վ եք զբաղվելու, ի՞նչ ծրագրեր ունեք:

– Պատրաստվում եմ սեփական բիզնեսով զբաղվել:

– Ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը:

– Ցանկանում եմ հացի փուռ բացել: