Անկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանը Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հեղինակ, այն ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Քենան Էվրենին եւ օդուժերի հրամանատար, գեներալ Թահսին Շահին Քահյային արգելել է դուրս գալ երկրից: Ըստ «Milliyet»-ի` 1980-ի հեղաշրջման գործով առաջին դատավարությունը տեղի է ունենալու 2012-ի ապրիլի 4-ին։ Դատարանն արդեն երկրից դուրս գալու արգելք է սահմանել մեղադրյալների նկատմամբ: Մեղադրական զեկույցում այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենի համար պահանջվում է ցմահ ազատազրկում` ռազմական հեղաշրջման համար:
Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ: Հիշեցնենք, որ Քենան Էվրենը հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար: