Համաշխարհային կինոյի ֆրանսիական ձեռագիրը

19/01/2012

Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ աշխարհում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամերը որքան էլ իրենց ազդեցությունը թողնում են մշակույթի վրա, միեւնույն է` վերջինս խորը ճգնաժամ չի ապրում: Բացառություն չէ նաեւ կինոարվեստը: 2011-ը համաշխարհային կինոարտադրության համար կարելի է համարել հաջողված տարի:

Կինոաշխարհի համար տարին սովորաբար սկսվում է մայիսին` Կաննի փառատոնով, եւ ավարտվում հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությամբ: Անցյալ տարվա Կաննը «Ոսկե արմավենի» շնորհեց ամերիկացի ռեժիսոր Թերենս Մալիկի «Կենաց ծառը» ֆիլմին` կարծես ազդարարելով համաշխարհային կինոյում ամերիկյան այս գործի հաղթարշավը: Սակայն Մալիկի ֆիլմը, որին աշխարհը սպասում էր տարիներ շարունակ, այդպես էլ հետագա հաջողությունների չհասավ. ի վերջո, այն շատ խորը փիլիսոփայական հիմք ունի եւ մեծ լսարանի համար չէ:

Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը, որն ինքն իրեն համարում է աշխարհի լավագույն ռեժիսորը (այս անհամեստությունն իրականությունից հեռու չէ), Կաննում դարձավ թիվ մեկ սկանդալի հեղինակը: Նա հայտարարեց, որ ինքը նացիստ է, եւ խոստովանեց Հիտլերի նկատմամբ տածած իր համակրանքի մասին: «Ազատ խոսքի» համաշխարհային հարթակի` Կաննի փառատոնի ղեկավարությունը չներեց այս արարքը եւ ֆոն Տրիերին հայտարարեց Կաննի «պերսոնա նոն գրատա»: Իհարկե, դա չխանգարեց, որ ֆոն Տրիերի «Մելանխոլիա»-ի գլխավոր դերասանուհի Կիրստեն Դանստը ճանաչվեր լավագույնը Կաննում: Իսկ ամիսներ անց` դեկտեմբերին, ֆիլմն արժանացավ Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակին:

Կաննում մի հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ, որն այդ պահին այդքան էլ ուշադրության չարժանացավ: Ֆրանսիացի երիտասարդ ու չճանաչված ռեժիսոր Միշել Հազանավիչուսի «Արտիստը» սեւ ու սպիտակ ժապավենը, որը պատմում է 1920-ականներին Հոլիվուդում համր կինոյի դերասանի մասին, ցուցադրվեց Կաննի մրցութային ծրագրում: Ցուցադրումից հետո 10 րոպե հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր, իսկ գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը ճանաչվեց լավագույն դերասան:

Հուլիսին Երեւանում տեղի ունեցավ հերթական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որը լավագույն ֆիլմ համարեց իրանական «Ամուսնալուծությունը»` ֆիլմ, որը տարեսկզբին արդեն հասցրել էր հավաքել Բեռլինի կինոփառատոնի գրեթե բոլոր մրցանակները: Ասգար Ֆարհադիի այս դրամայի հաղթարշավն այսպիսով չավարտվեց: Օրեր առաջ այն արժանացավ «Ոսկե գլոբուսի»` որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, եւ ավելին, որպես արտասահմանյան ֆիլմ` «Օսկար» ստանալու ամենամեծ շանսը հենց նա ունի: Այս դեպքում հետաքրքիր իրավիճակ կստեղծվի` քաղաքական եւ մշակութային հակասություն. մի կողմից` ԱՄՆ-ը պատրաստվում է ռմբակոծել Իրանը, մյուս կողմից` Ամերիկյան կինոակադեմիան մեծ հավանականությամբ մրցանակ կշնորհի իրանական ժապավենին:

Դեկտեմբերից 2011-ի համաշխարհային կինոգործերի գնահատման գործընթացում սկսեցին ակտիվանալ ամերիկյան կինոքննադատները, ինչը կավարտվի փետրվարի 26-ին Ամերիկյան կինոակադեմիայի վերջնական եւ հեղինակավոր խոսքով: Ֆիլմերը գնահատելու գործում ամերիկացիները շատ հմուտ են, նրանք տարբեր քաղաքներում ու նահանգներում ունեն սեփական կինոքննադատների միությունները, միասնական կինոքննադատների, դերասանների, պրոդյուսերների, ռեժիսորների եւ այլ միություններ, Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիա եւ այլն: Ճաշակի առումով գրեթե ամերիկյան կառույց է Բրիտանական կինոակադեմիան, որի մրցանակները նույնպես ուղենիշ են Ամերիկյան կինոակադեմիայի համար: Դատելով այս խմբերի գնահատականներից` կարելի է եզրակացնել, որ համաշխարհային կինոն 2011-ին «ֆրանսիական ձեռագիր ունի». տարվա լավագույն ֆիլմին արժանանալու շանսերը մեծ են ֆրանսիական «Արտիստը» ժապավենի մոտ: Վերջինիս հիմնական մրցակից կարող են հանդիսանալ Ալեքսանդր Պեյնի «Ժառանգները» եւ Տեյտ Թեյլորի «Սպասուհին»: Ամերիկացիների կողմից ուշադրության են արժանանում նաեւ Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը», Թոմաս Ալֆրեդսոնի «Լրտես, դուրս անցիր», Սայմոն Կերտիսի «Շաբաթս Մերիլինի հետ», Ջորջ Քլունիի «Մարտյան իդերը» ժապավենները:

Մեծ է մրցակցությունը նաեւ դերասանների մեջ. տղամարդկանց շրջանում պարբերաբար մրցանակների են արժանանում Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն, Ռայան Գոսլինգը, Գարի Օլդմանը, Մայքլ Ֆասբենդերը, եւ, իհարկե, ֆրանսիացի «արտիստը»` Ժան Դյուժարդենը: «Լավագույն դերասանուհի» տիտղոսի համար մրցում են Մերիլ Սթրիփը, Միշել Ուիլյամսը, Վիոլա Դեւիսը, Թիլդա Սուինթոնը:

Եվ իհարկե, մի ժապավեն, որին սպասում էր ամբողջ աշխարհը, բայց որը մրցանակների այս քաոսում չկա այն պատճառով, որ համաշխարհային վարձույթում շատ ուշ է հայտնվել` դեկտեմբերի վերջին օրերին: Դա Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտն է` «Արյան եւ մեղրի երկրում», որը պատմում է սերբական համակենտրոնացման ճամբարում սերբ տղամարդու եւ բոսնիացի մուսուլմանուհու սիրո մասին:

ԹՈՄՍՈՆ