Թիերրին երջանկացնում է կանանց

19/01/2012

Ոսկերչական բացառիկ, օրիգինալ եւ անհատական իրերի սիրահարները չափազանց լավ գիտեն Փարիզի «Մարե» թաղամասում գտնվող հայազգի հայտնի ավանգարդ ոսկերիչ-դիզայներ Թիերրի Վանդոմի Thierry Vendome (Թուխդարյան) արվեստանոց-խանութ-սրահը: Թ. Վանդոմը ծնվել է 1964թ. մայիսի 1-ին, Փարիզի մերձակայքում գտնվող Վիլմոմբլ քաղաքում, արվեստագետների ընտանիքում: Մինչ այդ ֆրանսիացիները հմայված էին նրա հոր` ոսկերչության աշխարհահռչակ վարպետ Ժան Վանդոմի ստեղծագործություններով: Թիերրիի հայրը` Ժան Վանդոմը, ժամանակին ոսկերչության բնագավառի այն եզակի արվեստագետներից էր, ով միախառնեց առաջին հայացքից իրար հետ անհամադրելի նյութերը` հնագույն եւ թանկարժեք քարերը, ոսկին եւ ծովախեցգետնի ոսկորները: Ինքը` Թիերրին, ով ուսանել է հոր մոտ, իր ստեղագործություններում համադրում է ոսկին, ադամանդը, երկաթը, փայտը եւ այլ նյութեր:

Նա հազվագյուտ քարեր է օգտագործում իր թանկարժեք զարդերի մեջ, որոնք հաճախ հենց ինքն է ճամփորդությունների ընթացքում գտնում: Իհարկե, առաջին հերթին, աշխատում է ամբողջ աշխարհի առեւտրականների հետ, որոնք իր համար տարբեր ծագման քարեր են բերում: Այցելում է քարերի տարբեր շուկաներ: Ժան եւ Թիերրի Վանդոմների ստեղծագործությունները աշխարհահռչակ դերասաններ, երգիչներ, հայտնի մարդիկ են կրում: Թիերրին մեծացել է Փարիզում` նկարիչների, երաժիշտների, գրողների, քանդակագործների, ոսկերիչների շրջապատում: 9 տարեկանից իր ծնողների հետ այցելել է Ձեւավորող արվեստագետների սրահ, ուսանել է իր հոր մոտ եւ վաղ հասակից ինքնուրույն գործեր է պատրաստել: 26 տարեկանում նա վերապատրաստվել է Բելգիայում` իրենց ընտանիքի բարեկամ, արվեստագետ Ժան-Պիեռ դը Սադլերի մոտ: Վանդոմը յուրահատուկ ոճ ունի, սիրում է ազատ ստեղծագործել` բնական ծագում ունեցող (եւ հիմնականում անմշակ) տարբեր քարերով, մետաղներով ու փայտերով: Սկսած 1983թ.-ից` ցուցահանդեսներ է կազմակերպում: Հայազգի արվեստագետն առաջին անգամ Հայաստան էր այցելել 2007թ.: Այդ այցից հետո նա իր համար հայտնագործեց հայկական փիրուզ քարը, որով ստեղծեց իր «Հայաստան» հավաքածուն: Մի առիթով զրուցելով մեր թղթակցի հետ, Թ. Վանդոմը պատմել էր. «Շատ վաղ, 16 տարեկանում ես հորս աշակերտը դարձա` դպրոցից հանգստանալու համար: Նա ինձ շատ արագ ծանոթացրեց այդ արհեստի հմայքին: Այն, ինչ հայրս ինձ առաջին հերթին փոխանցեց, այն էր, որ մեզ շրջապատող ամեն ինչին պետք է գեղագիտական հայացքով նայել: Այն, ինչ ինձ դուր եկավ արվեստում` ստեղծագործելու գաղափարն էր։ Դա կարող էր լինել գեղանկարչություն, քանդակագործություն… դա զարդերի աշխարհն էր: … Երբ սովորում էի հորս մոտ, նա ինձ փոխանցեց քարերի հմայքը: Բայց երբ ես դրանք օգտագործում էի իմ զարդերի մեջ` շատ նման էր լինում «Ժան Վանդոմ» ոճին: Ուզում էի գտնել ի՛նձ համապատասխանող նյութը, իմ նյութը, իմ անհատական ոճը: Միջոցներ չունենալով` բնության մեջ փնտրում էի ժամանակի ընթացքում պահպանվող, դիմացկուն նյութեր: Դա փայտն էր, որ ես հավաքում էի ծովափին եւ որից, արծաթի հետ համադրելով` զարդեր էի պատրաստում: Այնուհետեւ ավազահատիկները սկսեցի օգտագործել, այսօր` ժանգոտած պողպատը, որը համատեղում եմ ոսկու եւ ադամանդի հետ: Մետաղներից ամենաազնվականը ոսկին է: Այն իր դիմացկունությամբ հրաշալի մետաղ է, որով շատ հաճելի է աշխատել: Ես հպարտ եմ, որ իմ աշխատանքներում սկսեցի դարչնագույն երկաթաքարեր օգտագործել. այն այսօր դարձել է իմ ձեռագիրը»: Թիերրիի բնորոշմամբ` ոսկերիչ-արվեստագետը պետք է կարողանա զարդի միջոցով արտահայտել իր հոգին, իր զգացմունքները: Նրա հաճախորդներն են ոչ միայն շարքային ֆրանսիացիները, այլեւ կոլեկցիոներները, ովքեր նրա զարդերը ձեռք են բերում որպես արվեստի նմուշներ, եզակի ստեղծագործություններ: Հաճախ նաեւ մարդիկ նրա մոտ են բերում իրենց հին զարդերը՝ դրանց քարերի միջոցով նոր բան ստեղծելու նպատակով: Հայաստան կատարած առաջին այցից հետո մեր թղթակցի հետ զրույցում Թիերրին ասել էր.

«Այն, ինչ ես բացահայտեցի այդտեղ, ժամանակակից Հայաստանն է: Այսինքն, մինչեւ օրս մենք՝ Սփյուռքը, կառչած ենք Ցեղասպանության հիշողությանն, ու մեր հայացքը հառած է միայն դեպի մեր անցյալը։ Մենք չենք ընկալում այն գաղափարը, որ այսօր գոյություն ունի ժամանակակից Հայաստան: Ես տեսա, որ իմ մասնագիտությամբ հիանալի ստեղծագործողներ կան Երեւանում: Հայաստանում եղած ժամանակ, նախեւառաջ, ես որոշեցի գնալ բլուրներում օբսիդիան քարը փնտրել. դա մեծ հաճույք պարգեւեց ինձ: Բացահայտեցի նաեւ մի յուրահատուկ քար, որը կոչվում է փիրուզ: Երեւանում բնակվում էի Այգեձոր կոչվող թաղամասում: Հենց առաջին օրն այդ տան բակում հիացել-տպավորվել էի խաղողի այգիների` փայտերի վրա մագլցող վազերի գեղագիտական անկանոնությամբ: Շատ գեղեցիկ էին: Շատ մեծ տպավորություն թողեցին ինձ վրա մեր եկեղեցիները, «մարդու ձեռքով» կերտված հրաշագործ խաչքարերը եւ վանքերի պատերին՝ հայերեն գեղագրական ձեռագրերը»:

Թիերրի Վենդոմից օրերս ստացանք նրա 2011-2012թթ. հավաքածուներից որոշ ստեղծագործություններ, որոնք ներկայացնում ենք «168 Ժամի» ընթերցողին: