Խորհրդավոր հաճարենին

19/01/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Հաճարենին (ռուս` բուկ), կասկենին եւ կաղնին պատկանում են հաճարազգիների` Fagaceae ընտանիքին։

2012թ. կանցնի Լուսնթագի (Յուպիտեր) նշանի տակ, որի էպիտետը (մակդիրն) է` է «Fagutal», կամ նույն ինքը` հաճարենի, կարեւոր է նաեւ, որ ձմեռային արեւադարձի օրվա խորհրդանիշը նույնպես հաճարենին է։ Լեզվաբաններն ապացուցել են, որ բույսի հին հնդեվրոպական անվանումն է «b (h) agos», որից առաջացել է այս տեսակի Fagos գիտական եւ «buch», «bok», «bog», «boka» գերմանալեզու անվանումները։ Հետաքրքիր է, որ այս լեզուներում նույն բառերը կրում են նաեւ «գիրք» իմաստը։ Ըստ հնէաբանների` ռունիկական տառերը գրվել են հաճարենու կեղեւի կամ բնափայտից տաշված փայտիկների վրա։ Այդ պատճառով է, որ բույսը համարում են դպրության, տպագրական գործի եւ իմաստության խորհրդանիշ։

Հայտնի է, որ հին գերմանական ցեղերի (Յ. Գրիմ) առաջին սրբավայրերը գտնվել են բնական անտառներում։ Գերմանիայում 19-րդ դարի սկզբից «հաճարենու դահլիճ» կոչված երեք անտառներում կատարվել են եկեղեցական ծեսեր։ Այդ արարողություններից երկուսը պատկերել են նկարիչներ Ադոլֆ Մենցելը եւ Մաքս Լիբերմանը։

Կելտերը գարնան սկզբին կատարում են հաճարենու ճյուղերից պատրաստված ջահերով երթեր, իսկ բարձրադիր վայրերում խարույկներ վառում։

Հաճարենին պատկերված է 1985, 1996, 2009թթ. Ֆրանսիայում թողարկված դրոշմանիշների վրա։ Ըստ ավանդազրույցի` Ժաննա դգ Արկին Les Fees անտառում մի հաճարենու մոտ տեսիլք է հայտնվել, որը որոշիչ դեր է կատարել նրա հետագա կյանքում։ Դատավարության ժամանակ 11 վկաներ ցուցմունք են տվել այդ մասին։

Բույսի ֆրանսերեն անվանումն է` «fayard», որը կրում է «բարի տիկին» իմաստը եւ համահունչ է կելտական սիրո եւ պտղաբերության Ֆրեյա աստվածուհու անվան հետ։

եվրոպայում աճող բազմաթիվ հաճարենիներ ունեն անձնանուններ, շատ ժողովուրդների հեքիաթներում բույսը հանդես է գալիս դրական հերոսի դերում` Անգլիա, Հերցոգովինա, Սլովակիա։ Ի դեպ, սլավոնական լեզուներում բույսի «բուկ» անվանումը համահունչ է գերմաներենին, սակայն չի կրում «գիրք» իմաստը։ Հնարավոր է, որ որոշ սլավոնական ազգերի այբուբենի երկրորդ «բուկա» տառի անվանումը կապված լինի բույսի հետ։

Հաճարենի անտառայինը տարածված է Հարավային Եվրոպայից մինչեւ Սկանդինավիա եւ Մեծ Բրիտանիայից Մոլդովա, Ուկրաինա եւ Սանկտ Պետերբուրգ ընկած բնական անտառներում։ Հազարամյակների ընթացքում այն զգալի նվազել է, սակայն նույնիսկ մեր օրերում կազմում է եվրոպական անտառների մոտ 20-25 տոկոսը։ Եվրոպացիները դեռեւս նոր ժամանակների սկզբում հասկացել են հաճարենու անտառի բնապահպանական անգնահատելի արժեքը։

Առաջին կենսոլորտային արգելոցը ստեղծվել է 1571թ. Ավստրիայում, դա 245.000 հա տարածք զբաղեցնող Լայնցեր Տիրգարտեն անտառն է։ Ընդհանուր առմամբ նման արգելոցներ կան 17 երկրներում, դրանց թիվը հասնում է մոտ 150-ի`

– Շվեդիայում` 23 արգելոց, 12.020 հա տարածքով, դրանցից առաջինը` 1913թ.,

– Լեհաստանում` 46, եւ 3.991.885 հա, խոշորագույնը Յասլիցի անտառն է,

– Չեխիայում` 20, տարածքը` 933.756 հա, առաջինը` 1963թ.,

– Բուլղարիայում` 13, եւ 18.750 հա, առաջինը` 1931թ.,

– Սլովակիայում` 8 եւ 151.702 հա, առաջինը` 1908թ.,

– Ուկրաինայում` 7 եւ 153.955 հա, որոնցից Ղրիմինը` 1923թ.,

– Գերմանիայում` 6, եւ 155.453 հա, առաջինը` 1921թ.։

Որպես բնական հուշարձաններ են ճանաչվել 1.970.760 հա զբաղեցնող անտառներ Ֆրանսիայում, 298.474 հա Իսպանիայում, 93.350 հա Խորվաթիայում, 1.617.608 հա Գերմանիայում, 2003թ. Վիեննայի անտառը (105.645 հա) Ավստիայում, 692.403 հա Իտալիայում։ Բազմաթիվ երկրներում հաճարենու անտառները ունեն ազգային պարկի կարգավիճակ` Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Սլովակիա, Սերբիա, Ռումինիա, Չեռնոգորիա, Հունաստան, Ալբանիա, Հունգարիա եւ այլն։

Գինեսի գրքում են գրանցված 1745թ. Շոտլանդիայում մշակվող 530 մ երկարությամբ եւ 30 մ բարձրությամբ հաճարենու պատնեշը եւ 1790թ. հիմնադրված Մեծ Բրիտանիայի ամենաերկար` ծիրանագույն տերեւներ ունեցող հաճարենիներով եզերված շավիղը։

Դանիայում հաճարենին զբաղեցնում է անտառապատ տարածքի 16,9 տոկոսը։ Երկրի օրհներգում կա հետեւյալ նախադասությունը. «Քանի գեթ մի հաճարենի կարտացոլվի քո մեծաթիվ այգիների ջրերում, Դանիան կգոյատեւի»։

Հաճարենու անունն են կրում Մոլդովայում գտնվող մի քաղաք, լեռ եւ լեռնաշղթա Հունգարիայում եւ Սլովակիայում, երեք գետեր Ռումինիայում, երեք քաղաք եւ մեկ ջրվեժ Խորվաթիայում, հանգած հրաբուխ Սերբիայում եւ այլն, ընդամենը մի քանի հազար աշխարհագրական տեղանուններ։

– Եվրոպական քրիստոնեական մշակույթում հաճարենին խորհրդանշում է անսահման կամք եւ ուժ, հաղթանակ, ազգի շարունակություն եւ համախմբում, կենսունակություն, փառահեղություն։

– Գերմանիայում հաճարենին հայրենիքի, ազգի պատմական մշակութային ժառանգության խորհրդանիշ է։ Գերմանացիները համարում են, որ բույսը հազվադեպ է շանթահարվում։

– Ըստ շվեդների` «Եթե ուզում եք պաշտպանել ձեր սիրելիին անախորժություններից, ապա նվիրեք նրան հաճարենու տերեւ»։ Այդ երկրում կա նաեւ մեկ այլ հավատալիք, ըստ որի` «Եթե նոյեմբերին արված կտրվածքը չոր է մնում, ապա ձմեռը մեղմ կլինի»։ Շվեդիայում բույսի տերեւներն ուտում են թարմ եւ եփված վիճակում, չոր բողբոջից ստացված ալյուրը օգտագործվում է սննդամթերք պատրաստելու համար։

գ Շվեյցարացիները գտնում են, որ ընկուզիկների առատ բերքը ցուրտ ձմռան նշան է։

– Սերբերը համարում են, որ տարեց կաղնին կամ հաճարենին հատողը կհիվանդանա եւ այլեւս չի բուժվի։ Իրոք, հաճարենու մեխանիկական եւ քիմիական մշակման ընթացքում գրանցվել են բազմաթիվ թունավորման դեպքեր։

Հաճարենի արեւելյանը անհամեմատ հին է, քան եվրոպականը, այդ մասին են վկայում բուսահնէաբանական ուսումնասիրությունները եւ տերեւների կառուցվածքը։

Արեւելյանի տերեւի ջղացանցը ավելի խիտ է։

Հաճարենի արեւելյանը պահպանվել է Բալկաններից Հյուսիսային Իրան եւ Ասորիքից Կովկաս ընկած տարածքներում։ Ղրիմում պահպանված տեսակը սահմանազատում է Հաճարենի եվրոպականի եւ Հաճարենի արեւելյանի տարածման արեալները։

ՀՀ բնական պայմաններում հաճարենին հանդիպում է Տավուշի, Լոռու, Կոտայքի մարզերի անտառների միջին եւ վերին լեռնային գոտիներում, ծովի մակերեւույթից 800-2200 մ բարձրությունների վրա։

Հաճարենու տերեւի բողբոջը երկարավուն է (1,5-2 սմ) եւ նեղ (0,25-0,4 սմ), սուր գագաթով, ծաղկաբողբոջը` ավելի լայն։ Նոր բացվող տերեւը ունի փակ հովհարի ձեւ, որը շրջապատված է տերեւակիցներով` սկզբում տերեւն ունի ուղղահայաց դիրք, իսկ եզրերը եւ կողային ջղերը ծածկված են թավշյա խավով։ Այս երեք հատկանիշների շնորհիվ բույսը պաշտպանում է մատղաշ տերեւները արեւի ճառագայթներից։ Վերջնականապես ձեւավորված տերեւը հարթ է, կաշվեկերպ, ամբողջաեզր, ալիքավոր, մուգ կանաչ, փայլուն, մինչեւ 20 սմ երկարությամբ եւ 11 սմ լայնությամբ։

Միատուն բույս է, մանր իգական եւ արական ծաղիկներով, ծաղկափոշու տեսակարար կշիռը բարձր է։ Մեղուները դրանից մեղվահաց են պատրաստում, հավաքում են նաեւ ծաղկահյութը։ Փոշոտումը հիմնականում կատարվում է քամու միջոցով։ Ծաղիկը եւ տերեւը բացվում են միաժամանակ` ապրիլ-մայիս ամիսներին։ Պտուղը եռանիստ, սուր կողերով ընկուզիկ է, պարունակում է 1-2 սերմ, հասունանում է սեպտեմբերի վերջին։

Բույսը բազմանում է բացառապես սերմերով, որոնք աշնան վերջում թափվում են պտղից։ Մոտ 70 տոկոսը պահպանում են ծլունակությունը մինչեւ գարուն, որոշ մասը` եւս մեկ տարի։

Սերմը ծլելու համար կարեւոր է, որ 3-5 ամիս գտնվի մոտ 3 աստիճան դրական ջերմության պայմաններում։ Առաջին տարին զարգանում է առանցքային արմատը, որը մոտ 2 անգամ ավելի երկար է, քան ծիլը (20 եւ 10 սմ)։ Երկար ժամանակ մնում է խոտածածկույթի տակ, որը կարողանում է հաղթահարել 5-6 տարեկան հասակում։

Առանձին աճող ծառերը սկսում են պտղաբերել 20-40 տարեկանում, խիտ տնկարկներում եւ անտառում` 60-80 տարեկան։ Հաճարենին պտղաբերում է երկար տարիներ, միջին բերքատվությունը 8 կգ է։

Հաճարենին Հայաստանի անտառների գերիշխող ծառատեսակներից մեկն է, կյանքի միջին տեւողությունը` 200-400 տարի, երբեմն` 500 եւ ավելի։

Կողային արմատները ոչ միայն խորանում են հողի մեջ, այլեւ տարածվում մակերեսին մոտ խոտի ծածկույթի տակ, առաջացնելով միկորիզա կոչվող ցանց։ Առատ տեղումների եւ ձնհալի շրջանում հաճարենու արմատային համակարգը կլանում է ջրերը, որոնք ստորգետնյա հուներով հոսում են դեպի ջրային ավազաններ։ Այսպիսով հաճարենին նպաստում է ոչ միայն օդի, այլեւ ջրի մաքրությանը։ Այն ունի նաեւ անտառատնտեսական, հողապաշտպան նշանակություն։ Հաճարենու բնափայտը, կեղեւը, բողբոջը, տերեւը, պտուղը եւ սերմը ունեն լավ ուսումնասիրված բավականին հագեցած քիմիական բաղադրություն։ Կեղեւը պարունակում է վանիլին, կոնիֆերին, արաբինոզա, բետուլին, սիտոստերին, կոնիֆերիլի սպիրտ, արախինի սպիրտ, ֆլոէմի հյութ, վիտամիններ` B1, B2, B5, B6, C, H, PP, դաբաղանյութ, ճարպային թթուներ։

Բողբոջը հարուստ է ֆլավոններով։ Տերեւը պարունակում է ածխաջրեր, ինոզիտ, սիտոստերին, b-կարոտին, E եւ K1 վիտամիններ, թթուներ (կումարի, սուրճի, բենզոյի, վանիլինի, քլորոգենի, ֆերուլի), ֆլավոններ (իզոկվերցիտրին, կեմպֆերոլ, կվերցետին), անտոցիանիդներ եւ այլն։

Մաքրված պտուղը պարունակում է մոտ 10 տոկոս ջուր, 35-45 տոկոս ճարպեր, 20 տոկոս ազոտային նյութեր, 30 տոկոս սպիտակուց, բջջանյութ, մոխիր, ֆագին։ Վերջինը կուտակվում է օրգանիզմում եւ առաջացնում թունավորում, սակայն այս նյութը քայքայվում է ջերմային մշակման ընթացքում։ Խարկած սերմերը ուտելի են, դրանց մեջ պարունակվում է մինչեւ 3 տոկոս թրթնջկաթթու, ֆենոլակարբոնային թթուներ։

Սերմերում պարունակվող ճարպը բաղկացած է գլիցերիդներից` օլեինի (77 տոկոս), լինոլի (9 տոկոս), պալմիտինի (5 տոկոս), ստեարինի (3,5 տոկոս), լինոլենի (0,5 տոկոս)։

Բնափայտից ստանում են կուպր, որը պարունակում է գվայակոլ եւ կրեոզոլ, նաեւ մեթիլային սպիրտ եւ քացախ։ Կրեոզոլի օգնությամբ բուժել են սկսվող թոքախտը, բրոնխների թարախային բորբոքումը, արտաքին վերքեր։

Կեղեւից ստացված ցերատինի թթուն կիրառում են ինսուլտի դեպքում։ Ըստ Պլինուսի` հին գերմանացիները եւ գալլերը բնափայտի մոխրից եւ կենդանական ճարպից պատրաստել են քսուք մազերը լվանալու եւ ներկելու համար, դրանով բուժել են նաեւ մաշկային հիվանդություններ։

Պտուղներից ստանում են արժեքավոր կիսաչորացող յուղ։ Չորացրած սերմից եւ յուղի արտադրությունից հետո առաջացած քուսպից ստանում են սուրճին փոխարինող հումք։ Նման սուրճը մեծ պահանջարկ ունի Մարոկկոյում, Թուրքիայի լեռնային շրջաններում եւ նույնիսկ բարեկեցիկ Դուբայում։

Կովկասի եւ Կարպատների ժողովուրդները փոշիացրած սերմից հաց են պատրաստում։ Ցավոք` հուշերի մեջ են մնացել այն ժամանակները, երբ ամեն քայլափոխին կարելի էր գնել հաճարի սերմ, որը հրաշալի ձեւով փոխարինում է արեւածաղկին։

Հաճարենու անտառն ունի յուրահատուկ ֆլորա եւ ֆաունա։ Կախված կլիմայական գոտուց` այն կարող է տարբերվել։

Կա մի մակաբույծ, որը սնվում է հաճարենու արմատից։ Մակաբույծի կոճղարմատը «ճյուղավորվում» է ուղիղ անկյան տակ, այդ է պատճառը, որ այն ստացել է «Պետրով կրեստ» անվանումը։ Մակաբույծը հետաքրքիր է նրանով, որ մասնակցում է ֆոտոսինթեզին, տերեւները եռանկյունաձեւ են, հիմքում` սրտաձեւ։ Բարձրությունը հասնում է 20-30 սմ, ծաղկում է ամռան վերջում, բազմաթերթիկ, երկարավուն ծաղիկները ունեն երկկողմ հերթադիր դասավորություն, մանուշակագույն են։

Ցողունը նույնպես մանուշակագույն է, ամուր եւ մսոտ։ Մակաբույծը քայքայում է մայր բույսի բջիջները եւ օգտագործում դրանք սեփական բջիջների կառուցման համար։

Փարիզի Օնկոլոգիայի եւ իմունո-գենետիկայի համալսարանի առաջատար մասնագետներից Ժորժ Մատեն հետեւյալ ձեւով է բացատրում նման բույսերի ազդեցությունը. «Քաղցկեղի բջիջի ներքին կապերը թույլ են առողջի համեմատությամբ եւ «քանդող» հատկություն ունեցող մակաբույծի պատրաստուկը տրոհում է դրանց մի քանի մասերի։ Առողջ բջիջները հեշտությամբ կլանում են ազատված ամինաթթուները եւ օգտագործում դրանք առողջ բջիջների կառուցման համար»։

Բուժիչ նպատակներով մթերում են բույսի բոլոր մասերը։ Հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում օդափոխվող ծածկի տակ։

Բույսը կիրառվում է հեպատիտի, լյարդի ցիռոզի, քրոնիկ խոլեցիստիտի, երիկամաբորբի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ` որպես լրացուցիչ միջոց։

Բույսը օգտագործվում է կանացի անպտղության բուժման համար։ Ունի բարենպաստ ազդեցություն սրտի, լյարդի, երիկամների վրա, միզամուղ է։

Եփուկի պատրաստման եղանակը. 1 ճ/գ մանրացրած արմատին ավելացրեք 200 մլ եռջուր, ծածկեք տարան, 20 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք մինչեւ գոլանալը, քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։

Ոգեթուրմեր

– Մանրացրեք արմատը, լցրեք ապակե տարայի ծավալի կեսը, մնացածը լցրեք օղիով։ Թրմեք 21 օր մութ, հով տեղում, հաճախակի թափահարեք։ Խմեք 20-30 կաթիլ` օրը 2-3 անգամ, սնվելուց մեկ ժամ առաջ` 30-50 մլ ջրի հետ։

– Թրմեք վերգետնյա մասը օղու մեջ (3։50), պատրաստեք եւ ընդունեք վերը նշված ձեւով։