ԷԴԳԱՐ ՊՈ
Հնամենի, մռայլ, անթափանց մշուշով պարուրված անտառեզրին, որի վրա սահում էին չարագույժ գոլորշիացումների արջնաբույր ամպերը, եւ ասես լսվում էր շղթաների ճակատագրառաք զնգոցը, միստիկ զարհուրանքի մեջ ապրում էր Կարմիր Գլխարկը:
ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ
Մայրը մտավ ներս: Նա սեղանի վրա դրեց տոպրակը: Տոպրակի մեջ կաթ էր, սպիտակ հաց ու հավկիթներ:
– Ահա,- ասաց մայրը:
– Ի՞նչ,- ասաց Կարմիր Գլխարկը:
– Ահա սա,- ասաց մայրը,- տար տատիկին:
– Լավ,- ասաց Կարմիր Գլխարկը:
– Եվ աչքերդ չորս արա,- ասաց մայրը,- գայլը:
– Այո։
Մայրը նայում էր, թե ինչպես իր դուստրը, ում կոչում էին Կարմիր Գլխարկ, քանի որ նա միշտ կարմիր գլխարկ էր կրում, ելավ, եւ նայելով իր հեռացող աղջկա ետքից, մայրը մտածեց, թե շատ վատ է նրան մենակ անտառ թողնելը, եւ բացի այդ` նա մտածեց…
ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ
Գայլը հանդիպեց Կարմիր Գլխարկին: Գայլը զննում էր նրան յուրահատուկ հայացքով, որով փարիզյան փորձառու ցոփակյացն է նայում այն խորաթափանց պչրուհուն, ով դեռեւս ջանում է իրեն ներկայացնել որպես անմեղ մի էակ: Սակայն նա այդ աղջկա անմեղությանը հավատում է ոչ ավելի, քան հենց ինքը` աղջիկը, եւ կարծես տեսնում է արդեն, թե ինչպես է նա մերկանում, թե ինչպես են շրջազգեստները մեկը մյուսի ետեւից վար սահում, եւ աղջիկը մնում է շապկանց, որի տակից գծագրվում են մարմնի քաղցրահմա ելեւէջները:
ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ
Կարմիր Գլխարկի մարմնով սարսուռ անցավ: Նա մենակ էր, միայնակ էր, մեն-մենակ, մենումենիկ, որպես մի ասեղ` անապատում, որպես ավազահատիկ` աստղերի մեջ, որպես գլադիատոր` պարուրված գունավոր օձերով, որպես մի լուսնոտ` թեքված տանիքն ի վեր եւ ծխնելույզն ի վար:
ՋԵԿ ԼՈՆԴՈՆ
Սակայն նա արժանավոր դուստրն էր իր ցեղի: Նրա երակներում հոսում էր ճերմակ նվաճողների զորավոր արյունը: Այդ պատճառով էլ աչքն անգամ չթարթելով` նետվեց գայլի վրա: Մի խորտակիչ հարված հասցրեց, որին զորավիգ կանգնեց դասական ապերկոտով: Զարհուրած գայլը վնգստաց կողկողագին ու փախս տվեց: Նայում էր ետքից Կարմիր Գլխարկը` կանացի հմայիչ ժպիտը դեմքին: