Պետեր Նադաշ. «Ճամփորդություններ վայրի տանձենու շուրջ»

19/01/2012 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Շատ աշխատանքներ նրանք համատեղ են կատարում: Որքան հնարավոր է մեծ քանակությամբ ու ընտանիքով, միավորվելով այն ընտանիքի անդամներին, որոնց հետ ինչ-ինչ պատճառներով մտնում կամ ցանկանում են մտնել տնտեսական հարաբերությունների մեջ: Աշխատանքի ժամանակ խոսում են բոլորը միասին եւ անընդհատ, երբեմն գոռում են, քանզի բաց երկնքի տակ ձայները ստիպված են լինում երկար տարածություններ կտրել: Ընդ որում, ձայնի ուժն անպայման անհրաժեշտից անդին է: Օտար ականջի համար դա հնչում է հանց ինչ-որ աշխատանքային երգ, որը յուրաքանչյուրը, ենթարկվելով համընդհանուր ռիթմին, ներշնչված երգում է ինքն իր համար: Այնպիսի տպավորություն է, թե բոլոր նրանք ստիպված են համոզելու իրենց ընդհանրական գործունեության իմաստավորման մեջ:

Ինչ վերաբերում է փողի արժեքին, ապա այդ հաշվով նրանց մեջ գոյություն ունի լիակատար պարզություն, աշխատանքի եւ փողի միջեւ ընկած կապն էլ, ըստ էության, նրանց նույնպես հասկանալի է: Եվ, այդուհանդերձ, գյուղի կյանքում մինչեւ օրս դա վճարման միջոց չէ, եւ այդ պատճառով աշխատանքի արժեքն այստեղ փողային արտահայտություն, ըստ էության, չի գտնում: Եթե աշխատանքը կատարում են եկվորները, ապա դրա համար վճարում են, սակայն գյուղի սահմաններում մինչեւ այսօր էլ ոչ ոք եւ ոչինչ փողով չի անում: Անշուշտ, կողքից հետեւողի համար այդ մինչփողային տնտեսության մեխանիզմներից գլուխ հանելը այնքան էլ դյուրին չէ: Փոխանակություն հումքով, ստացվածքով եւ աշխատանքով ոնց որ թե գոյություն ունի, սակայն շուկայական համարժեքն այդ գործարքների ժամանակ պայմանավորված է ոչ թե արտաքին, այլ ներքին, դարերով ձեւավորված շուկայով, որը փողի եւ փողային տնտեսության հետ որեւէ կապ չունի: Որքան էլ տարօրինակ է, դա վերաբերում է նույնիսկ այն ապրանքներին, որ փողով են ձեռք բերվել, օրինակ`աղյուսին, կղմինդրին, ջրհորի օղակներին, բետոնե սյուներին: Մարդը, ճիշտ է` ոչ ամեն մեկը, կարող է դրանք ստանալ աշխատանքի, ապրանքների կամ այլ նյութերի դիմաց:

Տասնամյակներով նրանք ոչ միայն մտապահում են` ով ում եւ երբ է ինչ-որ բան տվել եւ ինչ է փոխարենը վերցրել, ով է պարտք մնացել, այլ բոլոր այդ փոխանակման գործողությունները ավելի խորը, քան որեւէ այլ բան, որոշում են կապը առանձին ընտանիքների եւ մարդկանց միջեւ: Այդ փոխադարձ հետաքրքրությունների համակարգը օտար մարդու համար առեղծվածային եւ անըմբռնելի է, ձեւավորվել է վաղ անցյալում եւ շարւնակվելու է անտեսանելի գալիքում: Քանզի համանման կապերի արժեքը էականորեն բարձր է կոնկրետ բաների արժեքից, իսկ այդ իրերի փոխանակային արժեքը չի կարող հաշվվել փողով կամ փոխվել դրա հետ, ապա, համապատասխանաբար, գոյություն չունի ոչ պահանջ, ոչ էլ պարտք դրա դասական իմաստով: Եթե ես ինչ-որ բան ստացել եմ, ապա, բնականաբար, պետք է ինչ-որ բան տամ, սակայն վստահության վրա հիմնված եւ թղթի վրա չարձանագրված պարտավորությունները կարելի է երկար ժամանակ զանց առնել, մինչեւ որ մյուս կողմի մոտ պահանջ կառաջանա առ այն, թե ինչ կարող եմ տալ ես: Կողմերից ոչ մեկը երբեք չի փութում վերադարձնել վիրտուալ պարտքը եւ չի պնդում իր վիրտուալ պահանջները, հետաքրքրություն չի ցուցաբերում եւ նույնիսկ չի ակնկալում համարժեք բան ստանալ: Այդ կարգի գործարքների ետեւում ինչ-որ հաշվարկ կա առ այն, թե որքան շատ են պարտատուները, ապա այնքան ազդեցիկ են նրանց պարտքերը, եւ այնքան շատ են շանսերը, որ ինչ-որ չափազանց դժվար իրավիճակում ձեզ ձեռք կմեկնեն: Ինչը որ, տասնամյակներ առաջ, վերապրելու տարրական պայմանն էր:

Անշուշտ, այստեղ առկա են եւ խարդախությունը, գողությունը, բռնությունը, կամայականությունը եւ սեքսուալ այլասերումները: Այդպիսի դեպքերում տարբեր աստիճանի խստության միջոցներ են կիրառվում, սակայն կիրարկվող պատիժների ոչ արարողակարգը, ոչ էլ բնույթը նման չեն այն արարողակարգերին եւ միջոցներին, որ հայտնի են արդի հասարակություններում կամ նույնիսկ մոտակա քաղաքներում: Դրանք պիտանի չեն արդեն իսկ այն պատճառով, որ խաբեբային, գողին, բռնաբարողին կամ խելագարին անհնար է գյուղից քշել: Դրա համար հարկ կլիներ դիմելու պաշտոնական իշխանություններին, հայտարարություններ գրել, բայց այս քսան տարվա ընթացքում, որ ես այստեղ ապրում եմ, համանման ոչինչ չի եղել, ինչպես, եթե պատմածներին հավատանք, չի եղել եւ նախկինում: Այս ընթացքում իմ մեջ տպավորություն է ստեղծվել, որ գյուղն առանց փախուկի գյուղ չէ, ճիշտ նույնպես եւ առանց գողի: Գողությունը, դե, թեկուզ իր այլասերումները թաքցնող մարդուն հիշեցնում է, որ նա բնության մարմնին կպած մոլախոտ է եւ ծանր բեռ հասարակության վզին: Գյուղում կան խենթեր, կան գողեր, կան ճշմարիտ ուղուց շեղվածներ, բայց նրանք բոլորը` ընտանիքների անդամներ են, որոնք, իրենց հերթին, արենակցական կապի մեջ են մյուս ընտանիքների հետ, իսկ նրանք էլ սերտ փոխանակային հարաբերությունների մեջ են ոչ միայն այդ ընտանիքների հետ, այլ նաեւ մնացած բոլորի: Դրանց հետ ոչինչ չես կարող անել, բայց խաղաղություն եւ հանգստություն պահպանելու համար ստիպված ես լինում ինչ-որ բան ձեռնարկելու:

Երբ ինչ-որ արտասովոր բան է տեղի ունենում, որ ողջ գյուղը ցնցում է, առաջին հերթին անցնում են բլիցկոնսուլտացիաների: Դրան հետեւելով, կարելի է հետին թվով հասկանալ, թե ինչու գյուղում բոլորն ամեն ինչի մասին պետք է իմանան: Ով որտեղ է եղել, ով ինչ է տեսել, որտեղ ինչ է կատարվել: Այդպիսի պատասխանատու սպառնալից ժամերին յուրաքանչյուրը պարտավոր է այդ հարցերին պատասխանելու: Եվ այդ պատասխաններից արագ ձեւավորվում է պատկերը, նույնիսկ, եթե ոչ ոք ոչինչ չի տեսել, չէ՞ որ բոլորը միմյանց սովորությունները գիտեն, այդ պատճառով այդ դեպքում օգտագործում են բացառման սկզբունքը: Եվ բավական շուտ գտնում են կասկածյալին` սովորաբար ռեցիդիվիստի: Ինչը որ դարձյալ հաստատում է գյուղացիների համոզվածությունն այն բանում, որ հանցագործությունները նույնքան անկասելի են, որքան բնական արհավիրքները, եւ ամենաշատը, ինչ կարելի է անել, դա վնասը նվազեցնելն է: Միմյանց միջեւ չարագործի անձը նրանք որոշում են ակնարկներով, հարկ չհամարելով նրա անունը տալ: Երբ անունն արդեն լեզվի ծայրին է, նրանք ասում են` «Ես հո գիտեմ, թե ով է դա, բայց չեմ ասի: Չէ՞ որ դու ինքդ էլ գիտես»: Եվ դա իրոք այդպես է, չէ՞ որ վերոհիշյալ արարողակարգից հետո բոլորը օրինախախտի մասին միահամուռ մի եզրակացության են հանգում եւ, ընդ որում, ձեւացնում են, թե դա գիտեին առաջին իսկ րոպեից: Բոլորը գիտեն, թե ում մասին է խոսքը, բայց անունը չեն տալիս` ի վերջո, դա անվտանգ չէ:

Դատավճռի կայացումը նրանք ձգում են մինչեւ այն պահը, որ գյուղացիների խումբը հավաքվի մի տեղ` կասկածյալի հետ: Նրա ներկայությամբ նրանք քննարկում են պատահածը եւ հետեւում են նրա հակազդեցությանը: Հարկ է ասել, որ դրանք սահմռկելի պահեր են: Չարագործի տեսքից բոլորը տեսնում են` նրա ձեռքի գործն է: Եվ դա դեռ ամենամեղմ պատիժն է: Հանցագործին կարող են մթության մեջ ծեծել, կարող են հաջորդաբար ծեծել, կարող են վառել ամբարը, այրել տունը եւ նույնիսկ սպանել նրան: Կար ու չկա` պատահաբար ջրհորն է ընկել: Մի քառասուն տարի առաջ, երբ ես առաջին անգամ հայտնվեցի գյուղում, ես տեսա, թե ինչպես էին դատարկում այդպիսի մի ջրհոր, եւ տեսա թեքված տախտակներով մի տուն: Այդպիսի, ամենածանր պատիժների մասին նրանք նույնիսկ միմյանց հետ չեն խոսում: Գյուղական պատմության մեծ ժամանակագրության մեջ դրանց տեղը` ծանր լռությունն է, ամենակուլ խավարը:

Ես չէի ասի, թե այսօր գյուղը մեռել է, ոչ, դեռեւս ողջ է: Թեպետ կյանքի պայմանները վերջին տարիներս արմատապես փոխվել են, փոխվել է բնակչության մի մասը, այլեւս չկա առաջվա մեկուսացումը: Եվ պետք է խոստովանեմ, որ այն ամենը, ինչ ես նկարագրում եմ, ավելի շուտ վերաբերում է նախկին վիճակին: Վաղուց արդեն տեղի չեն ունենում այնպիսի ծանր չարագործություններ, որոնց կապակցությամբ գյուղը պիտի ստիպված լիներ ծանր լռություն պահպանել: Սակայն վերբալ դատավճիռները դեռեւս ի կատար են ածվում, ինչի ականատեսն եմ եղել բազմիցս:

Բռնատիրության երկար տասնամյակների ընթացքում ընտանեկան` փողի իշխանությունը չճանաչող եւ կոպիտ պատժամիջոցներից զերծ հարաբերությունների վրա տարածվեց, այսպես կոչված, երկրորդ, կամ այլկերպ ասած` ստվերային տնտեսությունը, որը թույլ տվեց Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի հասարակություններին ոչ միայն քամահրել, այլ նույնիսկ կիրառել «պլանային տնտեսությունը»: Ինչը տասնամյակների ընթացքում նպաստեց ոչ միայն անձնական սեփականության անհրաժեշտության եւ սրբության ամրապնդմանը, այլ նաեւ, որքան էլ պարադոքսալ է` կոլեկտիվ մենթալիտետի խորացմանը: Թող որ, ոչ լավ կյանքից, խարդախությունը եւ գողությունը կոլեկտիվ գիտակցության մեջ ձեռք բերեցին համընդհանուր եւ նորմալ երեւույթների կարգավիճակ: Կոլեկտիվ գիտակցությունն այլեւս հանցավոր չէր համարում խարդախությունն ու գողությունը: Ընդհակառակը` կոլեկտիվ գիտակցությունը թույլատրում եւ խրախուսում էր դա` խարդախություն արա, գողացիր, քեզ հալալ է: Հասարակական տնտեսությունը գողանալով, դու վարվում ես ինչպես հարկն է խիզախ եւ անվեհեր մարդուն:

Այստեղից` վայրի տանձենու տակից, գյուղական մեծ ժամանակագրությունը հեշտ տեսանելի է, ամենայն ինչից զատ, մեծ իրադարձություններից եւ ամեն ինչր տակնուվրա անելուց հետո պատմությունն ամեն անգամ դարձյալ սսկվում է այնտեղ: Կարծես ինքը Ջուզեպե Տոմազի դի Լամպեդուզան յուր ձեռքով յուրաքանչյուր դարպասի վրա դրոշմել է իր հանրահայտ ասույթը: «Ամեն ինչ պետք է փոխվի, որպեսզի ամեն ինչ նախկինի պես մնա»: Իրական գիշերային աղմուկը ես լսեցի այստեղ, դա կոսովոյան պատերազմի ժամանակ ապրանքներ եւ մարդկանց բերող ռազմատրանսպորտային ինքնաթիռների աղմուկն էր: Այն օրից, ինչ խաղաղություն է հաստատվել, դարձյալ լռություն է տիրում: Մի ժամանակ մեծ վայրի տանձենու տակ նրանք, եթե հավատանք պատմածներին, հանդարտ երաժշտության ներքո երգում էին: Հավանաբար, այդ դարավոր զգուշավորությամբ նրանք աստվածներին հասկացնում էին, որ իրենք այստեղ իրենց հաճույքի համար չեն զվարճանում եւ ամենեւին չեն պատրաստվում խախտել վաղնջական գիշերվա անդորրավետությունը: Այն ժամանակ գյուղում եղած-չեղածը` մի գործիք կար` կոնտրաբասը, որ ինչ-որ մեկը բերել էր Առաջին համաշխարհային պատերազմի իտալական ճակատից: Իսկ այն մասին, թե ինչ երաժշտության տակ էին երգում գյուղացիք մինչ այդ, այլեւս ոչ ոք չի հիշում: Կարծես լսում եմ կոնտրաբասի խուլ հնչողությունը եւ միապաղաղ հանդարտ երգը, որ խախտվում էր միայն բվերի ձայնով եւ ծղրիդների ճռռոցով:

Խավարը ցրում են լոկ լուսինն ու աստղերը:

Նախկինում այս վայրերում մարդիկ չգիտեին, թե ինչ բան է ցանկապատը եւ իրենց բանջարանոցները, որոնք այստեղ «կաղամբանոց» էին կոչում» եւ պաշտպանում էին ազատ թափառող տնային ու վայրի կենդանիներից միմիայն կանաչածածկույթով: Տները կառուցում էին գերաններից, որոնք ծածկում էին կավով:

Վերջին վհուկին այստեղ ողջ-ողջ այրեցին տասնութերորդ դարի վերջին: Մինչեւ տասնիներորդ դարի վերջը չգիտեին, թե ինչ բան է վառարանի խողովակը, եւ օջախի ծուխը բաց էին թողնում խոհանոցի դռան վերնամասի անցքից:

Էլեկտրականություն այստեղ անցկացրին քսաներորդ դարի վաթսունականների կեսերին:

Ես չեմ կասկածում, որ ամառային տաք գիշերներով մեծ վայրի տանձենու տակ գյուղը խորասուզվում էր ծիսական հիշողությունների մեջ, հաստատելով եւ երբեմն նորովի լուսաբանելով կոլեկտիվ իմացության բովանդակությունը: Եվ բավ է պատկերացնես այդ ծեսը, եւ հայացքդ կուղղվի քրիստոնեության հազարամյա ակունքներին: Ինչը որ այդ վայրերումն նշանակում է ոչ թե հազար, այլ ամենաշատը ութհարյուր տարի: Բանն այն է, որ հունգարացիների Դունայի ավազանը գալուց հետո այդ տեղերում ապրում էր մադյարների ցեղը, որը, ի հակառակ բոլոր դաժան միջոցներին, դեռ երկար ժամանակ չէր հաշտվում քրիստոնեական թագավորության կարգուկանոնի հետ: Երկուհարյուր տարի շարունակ հունգարացիները պահպանում էին հինավուրց սովորույթներն ու աղոթում էին իրենց աստվածներին: Այդ աստվածների ստվերներն այցելում են այս վայրերի բնակիչներին մինչեւ այսօր, մնալով հոգեպես ավելի մոտ նրանց, քան նրանք գլխի են ընկնում: Սա քրիստոնեական Եվրոպայի պատմության մեջ մասնակի դեպք չէ: Շատ ու շատ առավել ընդարձակ եւ նշանակալից տարածքներ դեռ երկար մնում էին հեթանոսության իշխանության տակ, այդ դարավոր ժամանակային տեղաշարժերի հետքերը պահպանվում են երկրի հոգեւոր քարտեզի վրա մինչեւ այսօր:

Նմանատիպ բան տեղի ունեցավ հյուսիսում, այստեղից հեռու, Հյուսիսային ծովի եւ Մազովիայի կուսական լճերի միջեւ, Վիսլայի ու Նեմանի արանքում. վիթխարի անտառային տարածքներում, ուր բնակվում էին պրուզները, այլ կերպ ասած` պրուցենները, կամ, ինչպես նրանց անվանում են այսօր` պրուսները: Պրուսներին դարձի բերելով ժամանակին զբաղվեց պրահացի եպիսկոպոս Ադալբերտը, ով կարեւոր դեր է խաղացել նաեւ հունգարների քրիստոնեացման մեջ: Նրա կյանքի պատմությունը ուշադրության արժանի է արդեն այն իսկ պատճառով, որ դրանով մենք կարող ենք տեսնել այնպիսի փոխհարաբերություններ, որոնք այդ վաղ շրջանում որոշում էին այդ ընդարձակ աշխարհագրական տարածքի ներքին կյանքը, որոնք ժամանակակից քաղաքագետները սիրում են կոչել Կենտրոնական Եվրոպա, երբեմն` Արեւելյան, երբեմն` թե այն եւ թե մյուսը, թեպետ, չնայած ձեւակերպման անհրաժեշտ պահանջին, ոչ ոք չի կարող կամ չի համարձակվում գծել այդ տարածքի սահմանները:

Նա, ով ուզում է այդ հարցի մեջ պարզություն մտցնել, ամենից առաջ պետք է ասի, թե որտեղ է գտնվում մայրցամաքի կենտրոնը եւ, համապատասխանաբար, թե որն է պետք համարել նրա ծայրամասը: Բայց մինչ այդ պետք է որոշել, թե ինչ է նշանակում «Եվրոպա» պատմական հասկացությունը, ազատելով այն ազգայնական, գաղութատիրական եւ զանազան ազգային դիցաբանությունների ցանցերից, որպեսզի նկարագրես մայրցամաքի պատմությունը` որպես բարդ ու բազմակողմանի փոխհարաբերությունների, փոխազդեցությունների եւ մշակույթների փոխներթափանցման գործընթաց: Ընդ որում, կպարզվի, որ ոչ եվրոպական պատմությունը, ոչ էլ եվրոպական մշակույթը չեն կարող նկարագրվել աշխարհագրական հասկացությունների շրջանակներում: Օրինակ, Ռուսաստանի կրոնական պատմությունը էապես տարբերվում է այն երկրների պատմությունից, որոնք միավորվեցին ոչ Բյուզանդական եկեղեցուն, սակայն ռուսական արվեստի, փիլիսոփայության եւ մենթալիտետի պատմությունը չի կարող նկարագրվել որպես միանգամայն յուրահատուկ, Եվրոպայից կտրված, թեեւ աշխարհագրական առումով մայրցամաքն ավարտվում է Ուրալում` մայրցամաքը, բայց ոչ եվրոպական պատմությունը:

Աշխարհագրական հասկացություններով կամայական աճպարարություններ անելիս ամենամեծ սրամտությամբ առանձնացավ 1814 թվականին իշխան Մետերնիխը: Վիեննական կոնգրեսում, ուր եվրոպական պետությունների ներկայացուցիչները, օգտագործելով դիվանագիտական պրակտիկայի նոր հնարքները, դարեդար որոշեցին մայրցամաքի ճակատագիրը, Ավստրիայի կանցլերը հայտարարեց, որ Եվրոպան ավարտվում է Լանդշտրասեի վրա, որ տեղակայված է Վիեննայի արեւելքում շուկայի հրապարակի ետեւում: Քանի որ հետո արդեն Բալկաններն են, ուր, ինչպես հայտնի է, ապրում են նախամարդիկ: Վաղեմի վիեննական շուկայի ետեւում մի մեծ ավտոկայան է գտնվում, ուր եւ ժամանում են բալկանյան երկրներից չվացուցակով շարժվող ավտոբուսները:

Ինչ ուզում է լինի, Ադալբերտ անունով փառավոր այրը, որ լույս աշխարհ է եկել 995 թվականին Լիբիցում, իշխանի ընտանիքում, եւ երեսնամյա հասակում արժանացել Պրահայի եպիսկոպոսի կարգին` պայմանով, որ բավականաչափ իշխանություն կստանա բարոյալքումը սանձելու համար: Նա տարիներ հետո ստիպված եղավ խոստովանելու, որ իր խիստ միջոցներով ոչնչի չհասավ: Այդ պատմությունից պարզ է դառնում, մասնավորապես, թե ինչ նկատի ուներ Ադալբերտը` բարոյական նորմերը խախտելու մասին խոսելիս: Բանն այն չէր, որ բավական ազնվատոհմ ընտանիքից ոմն կին դավաճանել էր ամուսնուն, այն էլ քահանայի հետ, որ իր խոստովանահայրն էր: Նմանատիպ տափակ պատմությունները Ադալբերտին չէին հետաքրքրում: Նրան կատաղության էր հասցրել այն, որ կնոջը, ըստ հեթանոսական սովորույթի, պատրաստվում է մահապատժի ենթարկել նրա ամուսինը, ինչը խրախուսում են ոչ միայն երկու ընտանիքների անդամները, այլ նաեւ ողջ Պրահան: Ադալբերտն անբարոյական էր համարում այդ կոլեկտիվ հեթանոսական վայրենությունը: Համանման ռեգրեսիվ դեր է խաղում դեմոկրատիայի պայմաններում գիտակցության ցածրակարգ վիճակը, ինչն էականորեն սահմանափակում է դեմոկրատական մեխանիզմների ազդեցիկությունը:

Ծառաների օգնությամբ Ադալբերտն առեւանգեց դժբախտ կնոջը եւ նրան թաքցրեց վանքում: Սակայն նա հաշվի չառավ, որ Քրիստոսի հարսների մեջ նույնպես կային հեթանոսական ծեսերի կողմնակիցներ, այդ պատճառով ազնվական ընտանիքի համար այնքան դժվար չէր տիկնոջ կացարանը գտնելը: Այդ ընտանիքի ծառաներն առեւանգեցին մեղսավոր կնոջը, եւ ամուսինը, ի հրճվանս ամենքի, իր իսկ ձեռքով նրա վերջը տվեց: Վախենալով ժողովրդական զայրույթից եւ կամայականությունից, Ադալբերտը լքեց այդ վայրերն ու շքախմբով ուղեւորվեց կացարան փնտրելու հունգարացի հեթանոսների մոտ, հույս ունենալով, թե այնտեղ ավելի մեծ հաջողություն կունենա: Իր դեսպաններից նա արդեն գիտեր, որ հունգարական ցեղերի իշխան Գեզան քրիստոնեության համակիր է: Հունգարական իշխանության նստավայր քաղաքը նա ժամանեց 994 թվականին եւ կարողացավ կնքել շատ ու շատ մեծատոհմիկ հունգարացիների: Արդյո՞ք նա երկար է մնացել այնտեղ, մենք չգիտենք: Լոկ հայտնի է, որ նա Հունգարիայում է թողել իր օգնական Աստրիկին, ով դարձավ առաջին հունգարական արքայի պալատական խորհրդատուն քրիստոնեացման գործերում: Հենց Աստրիկը 1001 թվականի գարնանը միսիայի գլխին կանգնած ուղեւորվեց Հռոմ` Սիլվեստր 2-րդ պապի օրհնանքը ստանալու:

Ադալբերտն այդ օրերին արդեն ողջ չէր: Այն, թե ինչպես դասավորվեց նրա ճակատագիրը, հայտնի չէ: Որոշ ժամանակ նա գտնվում էր իշխան Բոլեսլավի պալատում, ընդ որում` այնտեղ հայտնվել էր ոչ միայն այն պատճառով, որ արձագանքեց հեթանոս պրուսներին դարձի բերելու լեհ իշխանի կոչին, այլ նաեւ այն պատճառով, որ չեխական արքունիքը լսել անգամ չէր ուզում, որ նա դարձյալ չեխերի եպիսկոպոսը լինի: Այն օրից ի վեր, որ փլվեց բեռլինյան պատը, այդ «սառը պատերազմի, ժամանակների մեծագույն կառույցը, եւ աշխարհին դարձյալ հասանելի եղան նախկինում մեկուսացած, ուժեղ արեւմտյան դեմոկրատիաների եւ խորհրդային տիրակալության մեջ սեղմված, ապշահար եւ հուզված տուրիստների ամբոխները իրենց համար բացահայտում են քաղաքակրթությունից չխաթարված, մռայլամած անտառներով եւ բյուրեղյա մաքրությամբ լճերով ծածկված լեհական այդ վայրերը, ուր հեթանոս պրուսները մորթեցին եպիսկոպոս Ադալբերտին` իր շքախմբով հանդերձ, որպեսզի հողին հանձնի եպիսկոպոսի ոսկորները իր նոր հավատի համաձայն, Բոլեսլավը ստիպված եղավ առասպելական փրկագին վճարել: Դրանից հետո երկու հարյուր տարուց ավելի լեհ իշխանները նույնիսկ չէին էլ մտածում պրուսացի հարեւանների բռնի քրիստոնեացման մասին: Եվ միայն 1226 թվականին իշխան Կոնրադ Մազովեցկին պայմանագիր կնքեց Պաղեստինում հիմնված գերմանական օրդենի մեծ մագիստրոսի հետ, ով ստացավ նաեւ պոնտիֆիկի եւ Սրբազան Հռոմեական կայսրության երաշխավորությունն առ այն, որ որպես պարգեւ քրիստոնեացման ու գաղութացման համար` նա իրոք կստանա Խելմնո շրջանը եւ պրուսացի ցեղերի հողերը, ինչպես նրան խոստացել էր լեհ իշխանը: Կես դար հանուն քրիստոնեական սիրո ձգվում էր արյունալի պատերազմը հեթանոսների դեմ: Նույնիսկ մեր վայրի տանձենին չի մտաբերի այդքան վաղ ժամանակները: Սակայն նրանից քիչ հեռու աճում է հինավուրց շագանակենին, որը, ըստ անտառապահների պնդման, ութ հարյուր տարեկան է: Տարին մի քանի անգամ ես նրա մոտ ուխտագնացության եմ գնում: Իր ամրությամբ այն ամրոց է հիշեցնում: Կեցած է, բարձրանալով բլրակն ի վեր, որ անտառաեզրին է: Երբ այն նոր-նոր աճում էր, տեղի բնակիչներին հազիվ կարողացավ ճշմարիտ հավատի բերել: Սակայն շրջակայքը դրանից քիչ փոխվեց, հետքեր չմնացին, դե դրանք չկային էլ: Նույնիսկ սովորույթների եւ խոսքի դարձվածքների մեջ համարյա փոփոխությունը չի զգացվում: Ոչ մեկը օգնության չի կանչում ոչ Հիսուս Քրիստոսին, ոչ էլ Աստվածամորը, նրանց չեն դիմում, նրանք չեն այպանում, իսկ երբ մարդ դժբախտության մեջ է ընկնում, ապա լավագույն դեպքում Աստծո անունն է տալիս: Շատ գյուղակներում, որ ծվարել են բլուրների կատարներին, մինչեւ այժմ տաճար չկա, ինչը որ միայն աղքատությամբ չի բացատրվում: Եվ միայն երեք փոքրիկ վանքերում, որոնց հիմքերը միջնադարում դրել են միսիոներները, մինչեւ այժմ ծառայությււն է գործում: Ուր աչքդ կտրի` ոչ ժամատուն կա, ոչ էլ ճանապարհին պատահող խաչելության պատկերներ: Քրիստոնեության մուտքն արագացնելու համար այդ հինավուրց վայրերում պարզապես ժամանակ չի եղել, դե նաեւ քրիստոնեությունն արմատավորելու մեթոդներն այնքան էլ համոզիչ չեն եղել: Այն մասին, որ այստեղ քրիստոնյաներ են բնակվում, հիշեցնում են միայն տապանաքարերը, մեկ էլ գերանակապ զանգակատները:

Երբ Հունգարական Երրորդ Հանրապետության ազատ ընտրված պառլամենտը օրենսդրորեն կարգավորեց պետության եւ եկեղեցու հարաբերությունները եւ առաջին անգամ պատմության մեջ մեկ հաստատությունը մյուսից բարձր չդասեց, այլ ենթակայացրեց միմյանց, ես որոշեցի ուրախությունս կիսել ինձ հետ ավտոբուսով երթեւեկող տարեց հարեւանի հետ: Ես կամենում էի նրա հետ բերկրել դավանանքի հարցում ձեռք բերված ազատության իրավունքի համար: Նա երկար լռում էր: Իսկ հետո մտահոգված եւ ակնհայտորեն կասկածամտություն ապրելով ընդունված որոշման հանդեպ, պատասխանեց, որ նա կկամենար, որպեսզի կիրակի օրերին իր թոռներին ժանդարմները քշեին եկեղեցի, ինչպես մի ժամանակ` իրեն: Բնակավայրերի անունները այստեղ բաղկացած են երկու մասից` հատուկ անունից, այսինքն` ինչ-որ մեկի ազգանունից հասարակ անունից, որ մատնացույց է անում բնակավայրի տեսակը: Վերջինս հին հունգարերենում նշանակում էր` դաշտ, անտառային շինվածք, իսկ սա էլ իր հերթին` առանձնատուն, դաստակերտ: Յուրաքանչյուր գյուղ այստեղ մի ժամանակ ազնվական դաստակերտ էր: Եվ այժմ էլ այդ գյուղերում ապրում են ճորտատերերի մարտիկների հետնորդները, որոնց, իրենց երկարամյա ծառայության եւ նոր հավատն ընդունելու համար թագավոր Բելա 3-ը, իսկ մի քանի տասնամյակ անց նաեւ արքա Անդրաշ 2-ը ազատեցին ստրկությունից եւ ազնվականի կոչում տվեցին: Այդ նոր ազնվականների անունները վկայում են ոչ միայն հունգարական, այլ նաեւ թուրքական, կումանական, սլավոնական եւ նույնիսկ վալոնյան ծագման մասին: Հայտնի է նաեւ, որ այսօր նրանք ապրում են ամենեւին էլ ոչ այնտեղ, ուր մի ժամանակ բնավորվել էին իրենց նախնիները: Ի սկզբանե գյուղերը տեղակայված էին ոչ թե բլուրների գլխին, այլ լայնարձակ հեռաստաններում եւ գետամերձ բլրակների վրա: Տասնիներորդ դարի վերջերում արված պեղումները եւ տեղանքի ավելի ուշ շրջանի հետազոտությունները, ինչպես նաեւ հնէաբանական գյուտերը վկայում են, որ այդ բնակավայրերն ավելի հին են: Քարե զենքերն ու խեցու մնացորդները խոսում են այն մասին, որ ամենաառաջին բնակիչները սիրել են այդ վայրերը դեռեւս նեոլիթի ժամանակաշրջանում: Օրինակ, մոտակա գյուղակներից մեկում իրեր էին գտել, որոնք վերաբերում են ուշ բրոնզի շրջանին, ինչպես նաեւ բավական մեծ մի քանդակ էին գտել, որ կանգնած կին էր պատկերում, եւ նույնիսկ մի մեծ սափոր ոսկի էին գտել:

Այս վայրերը բնակեցված են եղել վաղ եւ ուշ բրոնզի շրջանում եւ երկաթե դարի ժամանակ, ավելի ուշ այստեղ բնակվեցին կելտերը, որոնք նույնպես թողել են իրենց հետքերը: Հռոմեական զավթիչների շրջանից, կելտերի հետ մեկտեղ, այստեղ պահպանվել են նաեւ իտալիկների օջախները: Դրանց հետեւեցին ավարները, մերթընդմերթ հայտնվում էին գերմանացիները, մորավներն ու ֆրանկները, եւ վերջապես` սլավոնները: Հռոմեական կղմինդրը երբեմն իմ աչքով էլ է ընկնում: Դրանք հողի տակից հանում է արորը, բահը, մաքրում են անձրեւները: Հնագետ լինելու կարիք չկա, որպեսզի գետակի կտրուկ շրջադարձերից մեկում գտնես այն վայրը, ուր հազարամյակների ընթացքում մարդիկ են ապրել: Այդպիսի վայրերը մնում են տափակ եւ անսովոր անմարդաբնակ, եւ բուսականությունն այդ վայրերում մի տեսակ այլ կերպ է աճում:

Պատմական ժամանակներից կապը կտրվեց թուրքական գրոհի պատճառով: Ազնվական ագարակատերերին այլ բան չէր մնում, քան, լքելով գետաբերանները, ավելի ապահով վայրեր քաշվելը, դեպի բլուրների գլուխը, որ այն ժամանակ դեռ անտառներով էին ծածկված: Վաղ միջնադարում ճանապարհներն անցնում էին գետափերի կողքով, թե աշնանը եւ թե գարնանը, երբ միամյա խոտերը արդեն տկլորացնում կամ դեռեւս չէին ծածկում հողը, դրանց հուները շատ լավ երեւում են: Այդ ճանապարհներով էլ հենց հարձակվում էին թուրքերը` ներխուժում էին գյուղերը, փախցնում էին անասունը, պարպում էին կուժերն ու սափորները եւ երեխաներին ստրկության էին քշում: Եվ եթե նրանք նույնիսկ չէին այրում համեստ հյուղակների ծղոտե կտուրները, մնացածների համար դա սոված մահ էր ձմռանը կամ վաղ աշնանը: Օսմանյան կայսրության մեկուկես դարը դժվարությամբ տարան նույնիսկ նրանք, ովքեր տեղափոխվել էին դեպի բլրաց գագաթները: Երբ տասնյոթերորդ դարի վերջում ավստրիական կայսերական բանակին հաջողվեց թուրքերին քշել դեպի Բալկաններ, գյուղում տասնյոթ հոգի էր մնացել: Եվ այդ տասնյոթ հոգին նշանակալիորեն պահպանել էին հազարամյա գիտելիքը, ինչից որոշ բաներ հասել են եւ ինձ:

Եվ այդու ես գիտեմ, որ տաք ամառային գիշերներով, մեծ վայրի տանձենու տակ, որ աճում է իմ բակում, գյուղը հանդարտ երգում էր, թեպետ մեր օրերում այլեւս ծառեր գոյություն չունեն, եւ գյուղացիներն այլեւս չեն երգում: