Նախարարությունն ուսումնասիրում է

19/01/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 ժամի» նախորդ համարում տպագրված «Երեխան այրվել է, բայց հարեւանները չեն արձագանքել» հոդվածում ներկայացրել էինք 7-ամյա Օվսաննա Բարսեղյանի հետ կատարված դժբախտ պատահարը: Հիշեցնենք, որ նա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ է եւ մարմնի 40% մակերեսով խոր այրվածքներ է ստացել էլեկտրական սալիկից իր հագուստին կրակի բռնկումից: Նոյեմբերի 9-ին Օ. Բարսեղյանին ծայրահեղ ծանր, կյանքին վտանգ սպառնացող վիճակում տեղափոխել են Ճամբարակի հիվանդանոց, որտեղ մասնագետները երեխային օգնություն ցուցաբերելու փոխարեն` միայն գլյուկոզա են ներարկել: Աղջկա մայրը` Ալվարդ Բարսեղյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ նման ծանր իրավիճակում Ճամբարակի հիվանդանոցի բժիշկները աղջկան մեկ օր պահելով` ոչ ցավազրկել են, ոչ էլ` այրվածքներն են մշակել: «Մենակ իրար հետեւից գլյուկոզա էին միացնում, երեխուս ուշքը գնում էր ցավից: Մի օր պահեցին, հետո ասեցին` ոչ մի բան չենք կարա անենք, մասնագետ չունենք: Ուղարկեցին Երեւան»,- մեզ փոխանցել էր Ա. Բարսեղյանը, որից հետո երեխային մեկ օր ուշացումով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»: ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ճամբարակի հիվանդանոցում այրվածքաբան չկա: «Ինչո՞ւ պետք է լինի, պետք է ընդհանուր վիրաբույժ լինի: Կարող է էնպիսի իրավիճակ է եղել, որ տեղափոխման ցուցում կա, բայց շատ դժվար է տեղափոխելը, եւ բժիշկը չի կարողացել կազմակերպել երեխայի տեղափոխումը` գիտակցելով, որ կարող է բան պատահի: Նման դեպքերի համար նախատեսված է, որպեսզի մասնագետներն այնտեղ գնան եւ տեղում հիվանդին նայեն»,- ասաց Վ. Պողոսյանը: Ի դեպ, երկու դեպքում էլ գործողություններ չեն կատարվել երեխայի նկատմամբ: Փոխնախարարը հավաստիացրեց, որ նախարարության համապատասխան վարչությունը ներկայումս ուսումնասիրում է այս դեպքի մանրամասները, եւ ավելի ուշ մեզ տեղեկատվություն կտրամադրեն արդյունքների վերաբերյալ: