Վերջինս ասուլիսի ընթացքում հրապարակեց իրենց կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումների մոտավոր արդյունքները: Իսկ արդյունքները մոտավոր էին, քանի որ ԱԻՄ-ը հարցման համար պահանջվող ամբողջ գումարը դեռ չի վճարել, ու Հայրիկյանը հարցման կոնկրետ արդյունքները հրապարակելու իրավունք չուներ: Իսկ այդ մոտավոր արդյունքները հետեւյալն էին. հարցմանը մասնակցել են մոտ 2000 քաղաքացիներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Հարցվածների 14%-ը հայտնել է, որ չի մասնակցելու հանրաքվեին, 20%-ից ավելին դեռ չի կողմնորոշվել, 28-31%-ը պատրաստվում է գնալ ու «ոչ» քվեարկել, իսկ 34-36%-ն էլ որոշել է «այո» ասել առաջարկվող փոփոխություններին: Միայն «Կենտրոն» համայնքում պատկերը մի քիչ այլ է. այստեղ «ոչ»-երն ավելի շատ են: «Չնայած հարցման ենթարկվածների մեջ մեծամասնություն են կազմում «այո» ասողները, սակայն քանի որ Հայաստանի բնակչության թիվն ուռճացված է, այդ դեպքում 1/3-ի հետ կապված կարող է խնդիր լինել»,- մտահոգվում է Հայրիկյանը: Վերջինս իրենց (ԱԻՄ-ին) հերթական անգամ հռչակեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի ու նրանում տեղ գտած որոշակի կարեւորագույն փոփոխությունների նախաձեռնող: «Մենք որպես ազգ խնդիրներ ունենք, իսկ ազգը կարողանում է դիմակայել դժվարություններին, եթե լավ է կազմակերպված: Ազգերը ձգտում են լինել կազմակերպված ու ունենալ իրենց պետությունը՝ իրենց ազգային կազմակերպությունը»,- բացատրում է նա: Պ. Հայրիկյանի խոսքերով՝ չկա մի ընդդիմախոս կամ դեմ քվեարկող մեկը, ով ասի, որ առաջարկվող փոփոխություններն ավելի վատն են գործող Սահմանադրությունից: ԱԻՄ առաջնորդը կարծում է, որ փոփոխությունների ընդդիմախոսները խաղամոլի կեցվածք են դրսեւորել: «Ասում են` հիմա «ստավկա» չանենք, եկամուտ պետք է լինի, քիչ է լինելու, սպասենք, հետո նոր մեր ներդրումը կկատարենք: Բայց դա ձեւ չի,- ասում է Հայրիկյանն ու մանրամասնում, թե ձեւը որն է,- այս փուլում արա ներդրումդ, հաջորդ անգամ ավելին արա»:
Պարզվում է, որ ԱԻՄ առաջնորդը վախենում է, որ ՏԻՄ որոշ ներկայացուցիչներ, փորձելով Պապից ավելի կաթոլիկ երեւալ, գնան խեղումների: Հայրիկյանի համոզմամբ՝ դրա անհրաժեշտությունը չկա: «Բավական է մի քիչ ակտիվացնել եւ 100%-ով պատրաստ կլինի հանրաքվեի արդյունքները: Ակտիվացնել՝ այն էլ այդ անհրաժեշտ 1/3-ն ապահովելու տեսանկյունից»,- կարծում է նա: Երեկվա ասուլիսում Հայրիկյանն անդրադարձավ նաեւ երկքաղաքացիության խնդրին: Պարզվում է՝ երկքաղաքացիությունը Հայաստանում արդեն գործում է: «Այսօր ՀՀ 100 հազարավոր քաղաքացիներ ապրում են երկքաղաքացիությամբ: Եվ նրանց մեջ շատ քիչ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր սփյուռքում էին ու եկել են Հայաստան»,- երեկ հայտարարեց Հայրիկյանն ու պնդեց, թե Հայաստանն աշխարհում միակ պետությունն է, որ Սահմանադրության մեջ ունի երկքաղաքացիությունն արգելող դրույթ: «Ես չէի կամենա, որ որեւէ հայ մարդ հանրաքվեից հետո իր գլխին խփելով ասեր՝ ինչ ապուշ էի ես, որ լսեցի այն սակավամիտներին (բոլոր բառերը մեղմ եմ ասում), ու «ոչ» ասեցի առաջընթացի այս հնարավորությանը»,- ընդդիմադիրների բոստանը քար գցեց ԱԻՄ առաջնորդը: Իսկ Պ. Հայրիկյանը սակավամիտ անվանում է բոլոր այն մարդկանց, ովքեր խորհուրդ են տալիս եւ «իրենց խորհրդի պատասխանատվության համար հետո պատասխան չեն տալու»: «Ավելի խիստ բառեր կարող եմ արտահայտել բոլոր նրանց վրա, ովքեր այսօր մարդկանց ասում են՝ հրաժարվեք ձեր կյանքը բարելավելու հնարավորությունից, որովհետեւ ես այդ ձեւով կարող է իշխանության գամ: Դրանք ոչ միայն սակավամիտ են, այլեւ՝ սրիկա: Իսկ ովքեր դա անում են իրենց համոզումով, նրանք սակավամիտ են»,- փոփոխություններին ընդդիմացողներին էլ այսպես դասակարգեց նա: Պարզվում է, սակայն, որ Հայրիկյանն էլ է ընդդիմություն, բայց` քաղաքական տեսակետից: Դե, իսկ ռազմավարական տեսակետից էլ նա այն դաշտում է, որտեղ միշտ եղել է: «Եթե ձեր մեջ կա մեկը, որ հիշում է ստրատեգիական մի խնդիր, որի համար ես պայքարել եմ, ու հետո այդ խնդիրը սխալ է դուրս եկել, թող հիմա էլ գնա «ոչ» ասի»,- դիմելով ՀՀ քաղաքացիներին` հայտարարեց Հայրիկյանը: Վերջինս հատուկ ընդգծեց, որ ինքը հերթական քաղաքական գործիչ կամ հերթական կուսակցության հերթական ղեկավար չէ: Երեկվա ասուլիսում մեր ազգային ազատագրական պայքարի նորահայտ առաջնորդը տեսակետ հայտնեց նաեւ հանրաքվեի հարցում ընդդիմության մարտավարության փոփոխման մասին: Պետականության կերտման պայքարի գլխավոր կազմակերպչի կարծիքով՝ նախնական մարտավարությունը փոփոխելու գործելակերպը սեփական դիրքորոշման թուլության վկայություն է: «Երբեմն այդ դիրքորոշման փոփոխությունը հասցնում է հաջողության»,- նկատեց նա: Նրա խոսքերով՝ բոյկոտը ճիշտ ճանապարհ է՝ կեղծիքների ճանապարհը փակելու համար: Հայրիկյանի համոզմամբ՝ բոյկոտի կոչ անողները քաղաքացիների, նույնիսկ «ոչ»-ի տրամադրված մարդկանց ներկայացուցիչները չեն: Ու քանի որ, ըստ նրա, առանց խախտումների էլ «այո»-ն կհաղթի, Հայրիկյանը բոլորին կոչ է անում որեւէ խախտում չանել ու դրանցով «չպղծել առաջընթացը»: