Երեկ ԱԺ-ում ԵԽ ԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ խիստ բարկացել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հետ կապված հարցերից: Երբ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը փորձել է խոսել այդ մասին, Ջ. Պրեսկոտը ձեռքով հարվածել է սեղանին: Իսկ ավելի ուշ համազեկուցողը բացահայտել է, թե որն է եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգրի նկատմամբ իր այդ անհանդուրժողականությունը: ՀՅԴ խմբակցության հետ հանդիպելու ժամանակ ասել է, որ երբ նրա հայրենիքում` Շոտլանդիայում եւ Ուելսում, անցել են այդ ընտրակարգին, իր հարազատ Հանրապետական կուսակցությունը չի կարողացել հաղթահարել պահանջված շեմը եւ մնալ իշխանության: Փաստորեն, համազեկուցողի ու ՀՀ իշխանությունների կարծիքն ու մտահոգություններն այս հարցում համընկնում են: «Տարակուսած եմ: Նա գոնե պետք է ապահովեր դիվանագիտական զսպվածություն, գոնե չասեր, որ անձնապես չի սիրում այդ ընտրակարգը: Եվ այսքանից հետո ես խորապես համոզված եմ, որ ՀՀ ապագան ու հեռանկարները հայաստանցիներիս ու մեր քաղաքական ուժերի խնդիրն է: Մեր ավգյան ախոռները մենք պետք է մաքրենք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: