Սասունն` ընդդեմ Կովալի

17/01/2012

Հրազդանում փետրվարի 12-ին տեղի կունենան քաղաքապետի ընտրությունները, որին իր թեկնածությունն է առաջադրել ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Օրեր առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին, ըստ մեր աղբյուրների, մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Վերջինս ՀՀԿ ղեկավարությանը հավաստիացրել է, թե Ս. Միքայելյանն առաջիկա ընտրություններում հաղթելու որեւէ շանս չունի: Ներկաների մեծ մասն, ըստ մեր աղբյուրի, թերահավատորեն է վերաբերվել Շահգալդյանի ներկայացրած «փայլուն» պատկերին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախ էր խոսվում Կ. Շահգալդյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Ըստ նույն աղբյուրների` «Կովալին» իշխանությունները վերջին շանս են տալիս` ՀՀԿ-ին իր նվիրվածությունն ապացուցելու համար: Հրազդանի քաղաքապետի ընտրություններով պարզ կդառնա նաեւ ՀՀԿ վարկանիշը հանրապետության այդ հատվածում: Իհարկե, ներքաղաքական կուլիսներում նաեւ խոսում են, թե իշխանությունները կաջակցեն Ս. Միքայելյանին, եւ որ նրա ընտրվելու նախնական «դաբրոն» արդեն կա: Այդպիսով իշխանությունները կազատվեն նաեւ «Կովալից»: