Քանի՞ տեղ կտան ԲՀԿ-ին

17/01/2012

Կարծես թե սկսում են ուրվագծվել ապագա խորհրդարանում իշխանական ուժերի վերադասավորվածության եւ ընդգրկվածության չափաբաժինները: Այլեւս ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններին իշխանության մաս կազմող հիմնական երկու կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) մասնակցելու են առանձին ցուցակներով: Այլ հարց է «Օրինաց երկիրը» (ՕԵԿ), որի ձեռքը բառիս բուն իմաստով կրակն են ընկել իշխանությունները: Այն իմաստով, որ եթե ՕԵԿ-ը հանդես գա առանձին ցուցակով, որքան էլ ձեթ ու օղի բաժանի, միեւնույն է, չի կարող հաղթահարել նվազագույն 5 տոկոսի շեմը: Այդ է պատճառը, որ այս օրերին քննարկվում է նաեւ ՕԵԿ-ականներին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկելու հարցը: Մեր տեղեկություններով` ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել է ԲՀԿ-ին մեծամասնական 41 պատգամավորական տեղերից 7-9 տեղ հատկացնելու հարցը, որին, ի դեպ, ինչպեսեւ նշվել է նիստի ընթացքում, ԲՀԿ ղեկավարությունը դեմ է: Գագիկ Ծառուկյանը շատ ավելին է ցանկանում, քան այսօր նրան առաջարկվում է: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն 2007թ. ԱԺ մուտք գործեց ընդհանուր` 25 պատգամավորներով` 15,13% ձայնով (որից 7-ը` մեծամասնական ընտրակարգով), այնուհետեւ համալրվեց եւս 4 մեծամասնական անկախ պատգամավորներով: Երեկ ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում էր այն մասին, թե ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարությունը Գործադիր մարմնի նիստից հետո սկսել են բանակցել ԲՀԿ-ին 11 մեծամասնական տեղ հատկացնելու շուրջ: Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 17-ի Քաղաքական կոալիցիայի` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կողմից արված հայտնի հայտարարության մեջ ասվում էր. «Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: