ՀՀԿ-ն ցանկանում է 2007թ. ԲՀԿ-ի ստացած ձայները 2012թ. թողնել անփոփոխ: Այն դեպքում, երբ այս 5 տարիների ընթացքում ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ ձայները նվազել են` երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով, իսկ ԲՀԿ-ն այս ընթացքում կարողացել է մեծացնել իր ընտրազանգվածը` ֆինանսական լուրջ միջոցներ ծախսելով` գյուղացուն սերմացու, պարարտանյութ բաժանելով, ուսանողներին կրթաթոշակներ տալով, անվճար բուժօգնություն ցուցաբերելով: Այլ խնդիր է, թե ԲՀԿ ղեկավարին որտեղից այդ «միջոցները»: Նույն այդ «միջոցներին», ինչպես նաեւ վարչական հսկայական լծակներին տիրապետում է նաեւ ՀՀԿ-ն` իր առանձին օլիգարխներով հանդերձ: Պարզապես, եթե 2007թ. ընտրությունների հաջորդ իսկ օրվանից ԲՀԿ-ն սկսել է իր քարոզարշավը` ընտրակաշառքներ բաժանելով եւ իր ընտրազանգվածը մեծացնելով, ապա ՀՀԿ-ն գրեթե որեւէ աշխատանք այդ ուղղությամբ չի ծավալել: Դրան գումարած` կառավարության վարած ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը, որի հիմնական պատասխանատուն ՀՀԿ-ն է:
Ավելին, ՀՀԿ-ականները մինչ օրս դեռ շարունակում են զբաղվել ինքնախաբեությամբ` խուսափելով իրականությունից` ինչ-որ կասկածելի սոցհարցումների վրա հղումներ կատարելով` չեղած բարձր վարկանիշների մասին հայտարարելով: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, ըստ մեր աղբյուրների, պետք է հանդիպեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` ապագա պառլամենտում ձայների համամասնությունը վերջնականապես քննարկելու համար: Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկատվություն է տարածել, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ն առանձին ցուցակով կմասնակցի: Այս հայտարարությունից մի քանի ժամ անց լրատվամիջոցներից մեկը հղում կատարելով ՀՀԿ շտաբին մոտ կանգնած աղբյուրին, իր հերթին տեղեկատվություն տարածեց, թե Հանրապետական կուսակցությունը որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակի. «Աղբյուրի պնդմամբ` «պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ ՀՀԿ քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է` այլ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնի վրա»: Այս պայմաններում Հանրապետական կուսակցությունը որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակի համամասնական ընտրապայքարում եւ պայքարել բոլոր մեծամասնական տեղերի համար»: Այսինքն` ՀՀԿ-ի պաշտոնական պատասխանն այս հարցի շուրջ դեռեւս հայտնի չէ:
Այսպիսով, բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել իշխանական ճամբարում: Բոլոր հարցերի պատասխանները, թերեւս, կտրվեն ՀՀԿ եւ ԲՀԿ առաջիկա համագումարներում: Եվ այդ հստակեցումներին ամենաշատը սպասում են հենց ՀՀԿ-ականները: Իսկ մինչ ՀՀԿ համագումարը կորոշակիանա նաեւ այն հարցը, թե ներկայիս պատգամավորներից ովքե՞ր, ի վերջո, կընդգրկվեն ՀՀԿ համամասնական ցուցակում, եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելիք ո՞ր թեկնածուներին կպաշտպանի ՀՀԿ-ն:
Ի դեպ, երեկ տեղեկատվություն տարածվեց նաեւ այն մասին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ՀՀԿ-ն ակտիվացնում է կուսակցական-քարոզչական աշխատանքները ոչ միայն տեղական կառույցներում, այլեւ տեղեկատվական ոլորտում: Այն է` ՀՀԿ պաշտոնական կայքէջը` hhk.am-ը ներկայանալու է բոլորովին նոր դիզայնով եւ որակով` ավելի օպերատիվ կերպով ներկայացնելով կուսակցական աշխատանքները: ՀՀԿ-ն, փաստորեն, նոր որակի աշխատանք ասելով` հասկանում է կայքէջի դիզայնի փոփոխությունը: