Պետրոս Դուրյանի անվան թիվ 10 հատուկ դպրոցի տարածք մտնելիս միանգամից զգում ես, որ դպրոցը հատուկ է: Նախ հիշեցնենք, որ դպրոցը գտնվում է հայտնի Կորեայի ձորում, իսկ պաշտոնական ձեւակերպմամբ՝ Արաբկիր համայնքի Շրջանցիկ թունել կոչվող թաղամասում:
Սա նշանակում է, որ դպրոցն իրեն շրջապատող բնակավայրի հետ միասին Երեւանից հեռու է՝ ձորի մեջ, եւ տրանսպորտային կապը քաղաքի հետ նախ սկսվում է ոտքով՝ մոտ 1,5 կմ, հետո նոր Կոտայքի մարզի բնակավայրերը սպասարկող երթուղային տաքսիներով: Իսկ դպրոցի տպավորությունը հատուկ է նրանով, որ շենքն այնքան անմխիթար վիճակում է, կարծես երկար տարիներ «անմարդաբնակ» է եղել: Իրականում այդ շենքը նման վիճակի է հասել պետական անտարբերության պատճառով՝ իր գոյության ընթացքում դպրոցը երբեք հիմնովին չի վերանորոգվել: Հնարավոր չէ շենքի վիճակը մի քանի խոսքով նկարագրել, քանզի չես կարող ասել՝ մանրահատակը քանդված է, կամ լուսամուտների ապակիները ջարդված են, կամ թե միջանցքի պատերը կեղտոտ են եւ դրանով սահմանափակվել: Դպրոցը հատուկ է նաեւ իր սպեցիֆիկ հոտով, որը դժվար է ասել` մաշվածությա՞ն, թե՞ սանիտարահիգիենիկ վատ վիճակի արդյունք է: Դպրոցը հատուկ է նաեւ իր սաներով. այստեղ հաճախում են անապահով խավի երեխաները, որոնց մեծ մասը միայն մայր ունեն: Տարիներ առաջ գրված արձանագրություններում դպրոցի ղեկավարները նշում էին, որ սաների մեծ մասն անապահով կյանք ունենալու պատճառով հիվանդ է թոքաբորբով, եւ այս դպրոցը նաեւ առողջարանային գիշերօթիկ էր համարվում: Իսկ ավելի վաղ՝ 40-ական թվականներին այս գիշերօթիկը մանկատուն էր, որը 1958թ. է դարձել հատուկ դպրոց: Մանկատան սաներից շատերը, չնայած այդ անմխիթար պայմաններին, չեն ուզում իրենց տուն վերադառնալ:
Պ. Դուրյանի անվան հատուկ դպրոցն ունի 160 սան, որոնց պահում եւ կրթում է 8 տարի: Սաների մի մասը հենց առաջին դասարանից է հաճախել այդ դպրոց, մյուսներն էլ՝ տարբեր տարիքից: Նրանք գալիս են Երեւանից եւ մոտակա շրջաններից: Շաբաթվա 5 օրն ապրում են դպրոցում, շաբաթ եւ կիրակի օրերին գնում են իրենց տուն: Նրանցից շատերը չեն ուզում տուն գնալ, որովհետեւ նորմալ ընտանիք եւ բնակության վայր չունեն: Անապահով վիճակից ելնելով՝ ծնողները շահագործում են նրանց՝ ուղարկում իրենց տարիքին անհամապատասխան աշխատանքի կամ մուրացկանության: Պատմում են, որ ծնողներ կան, որ երեխաներին այդտեղ են բերում ոչ միայն անապահովության պատճառով, այլ նրանցից ոմանք նոր ընտանիքներ են ստեղծել կամ ապրում են ազատ կյանքով, եւ սեփական երեխաներին իրենց ուսերին բեռ են համարում: Դաժան այդ երեւույթն անմիջապես զգացվում է, երբ երեխան ասում է, թե չի ուզում տուն գնալ, կամ չի սիրում մորը: Դպրոցի տնօրեն Մարինե Աղաջանյանը խնդրեց, որ ոչ մեկի անունը չնշենք հոդվածում եւ կոնկրետ օրինակներ չբերենք, որովհետեւ երեխաները շատ զգայուն են:
Այդ դպրոցը գտնվում է քաղաքապետարանի Կրթության վարչության ենթակայության տակ եւ պետությունից ստանում է միայն աշխատակազմի աշխատավարձը, կոմունալ վճարները եւ սննդի գումարը: Դպրոցում գիշերող յուրաքանչյուր երեխայի սննդի համար պետությունը օրական տալիս է 605 դրամ, իսկ այն երեխաները, որոնք երեկոյան տուն են գնում, ստանում են օրական 350 դրամի սնունդ: Այսքան է մեր պետության հոգածությունը ծնողազուրկ կամ ծնողների անզորության եւ անտարբերության դառնությունը ամեն րոպե ճաշակող այս 160 երեխաների նկատմամբ: Նրանց հագուստի եւ գրենական պիտույքների հարցը լուծվում է բարեգործական կազմակերպությունների միջոցով: Հիմնական բարերարը Տորոնտոյի Հայաստանի նորածինների կաթի հանձնախումբն է, որը երկար տարիներ այս դպրոցում շատ ծրագրեր է ֆինանսավորում: Հանձնախումբը դպրոցին սննդի համար սկզբում հատկացրել է ամսական 150 դոլար. «Հիմա յուրաքանչյուր ամիս ընդամենը 200-250 դոլարի սնունդ է հատկացնում դպրոցին,- ասում է տնօրեն տիկին Աղաջանյանը: Հագուստը եւ գրենական պիտույքները ստանում ենք հասարակական կազմակերպություններից»:
Իսկ Հայաստանում հանձնախմբի ներկայացուցիչ Պետրոս Տեր-Օհանյանն ասում է, որ յուրաքանչյուր ամիս դպրոցին հատկացվում է 500 դոլար, բացի դրանից, երեխաներին ամեն տարի հագուստներ են տալիս եւ ֆինանսավորում անհրաժեշտ շատ ծրագրեր: Ծրագրերի մասին տիկին Աղաջանյանը, չգիտես ինչու, մեզ չտեղեկացրեց, բայց հետո նախկին տնօրեն Պողոս Գրիգորյանից իմացանք, որ այս հանձնախումբը տարիներ առաջ միջոցներ է հատկացրել նաեւ ճաշարանի, հանդիսությունների սրահի վերանորոգման համար: Այս սրահի բացմանը ներկա է եղել նաեւ հանձնախմբի ատենապետ Ժիրայր Թորիկյանը եւ այլ սփյուռքահայեր: Միջոցառումը ձմռանն է եղել, պարոն Թորիկյանը մրսել է եւ որոշել է մասամբ ֆինանսավորել նաեւ դպրոցի գազիֆիկացման եւ ջեռուցման ծրագիրը: Սփյուռքահայ մի ընտանիք վերանորոգել է նաեւ մի դասարան:
Այս հատուկենտ ծրագրերը, սակայն, չեն կարողացել դպրոցին մի փոքր վայելուչ տեսք տալ: Եվ կատարված աշխատանքներն ընդհանուր անապահովության ու գորշության մեջ չեն երեւում: Հիմա դպրոցին մեկ այլ փոփոխություն է սպասվում՝ 2007թ. դպրոցը պետք է անցնի ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության ենթակայության տակ, իսկ սաները պետք է հաճախեն մոտակա մյուս հանրակրթական դպրոցը: Տնօրեն Մարինե Աղաջանյանը կարծում է, որ երեխաների համար դա ավելի լավ է. «Որովհետեւ «հատուկ» պիտակավորումը նրանց ավարտական վկայականներից դուրս կգա,- ասում է տիկին Աղաջանյանը: -Երեխաներին դպրոց տանել-բերելու համար նախարարությունը ավտոբուսներ կտրամադրի»:
Բայց երեխաները չեն ուզում տեղափոխվել: Նրանք ցանկանում են, որ իրենց դպրոցը վերանորոգվի, ու իրենք ոչ մի տեղ չգնան: Նրանցից շատերն այլ դպրոցներում չեն հարմարվում: Իսկ պետության, «Լինսի» հիմնադրամի կամ այլ միջոցներով վերանորոգվող դպրոցների շարքում մոռացված հատուկ թիվ 10 դպրոցին այդպես էլ հերթ չի հասնում: