Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը պատասխանելով bs-kavkaz.org-ի թղթակցի` հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին` ասել է, թե Բաքվում համոզված են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ԼՂ հակամարտության պատճառով եւ չի բացի այն, քանի դեռ Հայաստանը ԼՂ-ից չի հանել իր զորքերը: «Արձանագրություններն, իրոք, շատ ընդդիմադիրներ ունեն ինչպես հայ եւ թուրք ընդդիմությունում, այնպես էլ հասարակական կառույցների շրջանում: Բայց եւս մեկ կարեւորագույն խոչընդոտ կա` Ադրբեջանը: Բաքվում համոզված են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ չի բացի այն, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից չի հանել իր զորքերը: Հայաստանի հետ բանակցություններ սկսելով` Թուրքիան կարծում էր, որ կարող է դրանք վարել առանց Բաքվի կարծիքի հետ հաշվի նստելու` ադրբեջանական կողմից նման բուռն արձագանքի չսպասելով: Բայց թուրքերը սխալվել էին իրենց հաշվարկներում: Ադրբեջանին հաջողվեց ազդել թուրքական իշխանությունների, հասարակության եւ ազգայնական ուժերի վրա` հասնելով նրան, որ Անկարան Երեւանի հետ հարաբերություններում ստիպված է հաշվի առնել Բաքվի տեսակետը»,- ասել է Սաբինա Ֆրեյզերը: Միաժամանակ նա ընդգծել է, թե իր կարծիքով` չի կարելի հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը: