Նոր տարին դեռ չավարտված՝ հայրենի կուսակցությունները ակտիվորեն լծվել են նախընտրական քարոզարշավին։ Հաճախակի են դարձել ասուլիսներն ու տարբեր թեմաներով քննարկումները։
Հատկապես ակտիվ է իշխանությունը, եւ հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է տնտեսությանը։ Նախորդ տարվա տնտեսական պատկերը դեռ ամբողջությամբ պարզ չէ. դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները հրապարակվելու են մի քանի օր անց։ Սակայն դա չի խանգարում, որ իշխանությունները առանց ավելորդ համեստության գովերգեն նախորդ տարվա ձեռքբերումներն ու այն անվանեն, ասենք, աննախադեպ լավը։
Ընդ որում, գրեթե բոլոր իշխանական կամ իշխանամետ բանախոսների ելույթներում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, թե`՝ 2012-ին ավելի լավ կլինի։ Ասել է թե 2011-ին լիքը-լիքը բարեփոխումներ ենք կատարել, որոնք իրենց արդյունքը կտան այս տարի։ Կարելի է կարծել, թե ներկայիս վարչակազմը միայն 2011-ին է իշխանության եկել եւ հասցրել բարեփոխումներ անել. ֆիզիկապես դա հնարավոր չէր անել 2008-ին, 2009 եւ 2010թթ.։ Իհարկե, դրա պատասխանն էլ կա՝ ճգնաժամը։ Այն նույն ճգնաժամը, որի մասին գերադասում էին չխոսել, չտեսնելու տալ, այսօր դարձել է կառավարության, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանի արդարացման գլխավոր միջոցը։ Ինչ բացասական երեւույթ, բացթողում ու ձախողում կա՝ վերագրում են ճգնաժամին եւ հարցը համարում փակված։
Օրինակ՝ 35%-ի հասնող աղքատության ցուցանիշը մեր կառավարությանն ամենեւին էլ վատ` անհարմար վիճակի մեջ չի դնում։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ նշել է, որ աղքատության մակարդակը իրեն չի մտահոգում, քանի որ գալիք տարի նոր ձեռնարկությունների ու աշխատատեղերի ստեղծումը կնվազեցնի աղքատության մակարդակը։ Ինչ վերաբերում է աղքատության բարձր ցուցանիշին, ապա դրա պատճառն, ըստ նախարարի. «Գլոբալ տնտեսական ճգնաժամն էր, որը, ցավոք, չշրջանցեց նաեւ Հայաստանը` 2008-2009 թվականներին»։ Ամենաուշագրավն այն է, որ աղքատության, արտագաղթի, գործազրկության, գնաճի եւ այլ բացասական երեւույթների հետ մեկտեղ՝ Տ. Դավթյանը փաստել է, որ 2011-ը տնտեսական ցուցանիշներով աննախադեպ լավ տարի էր։ «Հազիվ թե մեկը կարողանա հերքել, քանի որ եւ օբյեկտիվ թվերով, եւ անտեսանելի աչքով դա կարելի է տեսնել»,- հայտարարել էր նա։ Տ. Դավթյանը, սակայն, իր արտահայտություններն ավելի զգույշ է անում, քան իր գործընկերներից եւ կուսակիցներից շատերը։ Եթե ուշադրություն դարձրեցիք, նա խոսում է ոչ թե տնտեսության, այլ տնտեսական ցուցանիշների մասին։ Իսկ Հայաստանում, գաղտնիք չէ, որ կարելի է ունենալ փայլուն ցուցանիշներ եւ մռայլ իրականություն։
Սակայն, ի տարբերություն նախարարի, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ցուցանիշները ներկայացնելուն զուգահեռ` նաեւ մեկնաբանություններ է անում։ Օրինակ՝ խոսելով արտահանման 30% եւ ներմուծման 10% աճի մասին՝ Գ. Մինասյանն ասում է. «Սա խոսում է այն մասին, որ մեր արտահանվող ապրանքները շատ ավելի մրցակցային են դառնում արտաքին շուկայում, եւ նաեւ ներքին շուկայում»։ Մինչդեռ Մաքսային կոմիտեի պաշտոնական կայքից վերցված արտահանման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ արտահանման աճը հիմնականում պայմանավորված է գնաճով։ Այսինքն՝ բնեղեն արտահայտությամբ արտահանվող շատ ապրանքներ գրեթե փոփոխություն չեն կրել, սակայն մաքսային արժեքով՝ մեծացել են։ Այդ մասին մանրամասն գրել ենք «168 Ժամի» նոյեմբերյան համարներից մեկում։
Սակայն շատ ավելի հետաքրքիր է Գ. Մինասյանի հետեւյալ արտահայտությունը. «11 ամիսների ընթացքում մենք կատարել ենք պետական բյուջեի արդեն 90 տոկոսը, դա բավականին լավ ցուցանիշ է։ Պետական բյուջեի եկամուտները շուրջ 10 տոկոսով գերազանցում են նախորդ տարվան։ Դա եւս դրական է: Մեր հարկային եկամուտների ցուցանիշները ավելացել են, բայց ամենամեծ աճը արձանագրել է շահութահարկը։ Դա խոսում է շատ կարեւոր հանգամանքի մասին, որ մեր տնտեսությունը, մեր ձեռնարկությունները սկսել են այլեւս շահույթով աշխատել: Դա վկայում է այն մասին, որ մենք դուրս ենք գալիս ճգնաժամի հաղթահարման փուլից եւ մտնում ենք կայուն զարգացման փուլ»։
Նախ նշենք, որ շահութահարկի ցուցանիշը չի կարելի միանշանակ համարել շահութաբերության ցուցանիշ, եւ չի կարելի շահութահարկի աճի պարագայում ասել, որ ձեռնարկությունները սկսել են շահույթով աշխատել։ Կոնկրետ օրինակ բերեմ։ Իմ ծանոթներից մեկը ուներ փոքր բիզնես, 2010թ. ընթացքում ունեցել էր շուրջ 24 միլիոն դրամի շրջանառություն, սակայն տարին փակել էր վնասով, քանի որ ներդրումներ էր կատարել։ Հաջորդ տարի այնպես ստացվեց, որ ընդհանրապես փակեց այդ բիզնեսը։ Սակայն մինչեւ փակելը՝ 2011թ. ամռանը, նա, որպես շահութահարկ, վճարեց 240 հազար դրամ, քանի որ հարկային օրենսդրությամբ, անկախ այն հանգամանքից՝ շահույթո՞վ ես աշխատել, թե՞ վնասով, պարտավոր ես շահութահարկի կանխավճար անել նախորդ տարվա շրջանառության 1 տոկոսի չափով։ Այսինքն՝ ծանոթս, ժողովրդական լեզվով ասած, «տակ է տվել», սակայն, եթե նայենք զուտ նրա վճարած շահութահարկի տեսանկյունից՝ շահույթով է աշխատել։ Իսկ Գ. Մինասյանը եւ մեր տնտեսական ոլորտը համակարգող շատ այլ անձինք իրականության մասին դատողություններ անում են հիմնականում սեփական կաբինետում նստած, համակարգչով, պաշտոնական վիճակագրության թվերի հիման վրա։ Ի դեպ, վերը նշվածն իրական օրինակ է, եւ հետաքրքրվողներին կարող ենք դա մանրամասն ապացուցել։
Կարճ ասած, պաշտոնական վիճակագրության համաձայն` ամեն ինչ լավ է եւ ավելի լավ է լինելու, իսկ ոչ պաշտոնական դիտարկումների համաձայն՝ խայտառակ պատկեր է։ Եվ եթե մի պահ պատկերացնենք, որ պաշտոնական ու ոչ պաշտոնական տեսանկյուններն էլ ճիշտ են, ապա մեր տնտեսությունը կնմանվի նկարում պատկերված այս թափառաշրջիկին, որը հագնելու շոր չունի, սակայն նոութբուքով է շրջում։
Ամենաուշագրավն այն է, որ ամեն ինչ վարդագույն ներկայացնելու հարցում իշխանություններից ետ չեն մնում անկախ կամ երբեմնի ընդդիմադիր համարվող գործիչները։ Օրինակ, երբեմնի կոմունիստ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը օրերս լրագրողներին ասել է, որ այս տարի Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղը` արդյունաբերությունը, կզարգանա: Ըստ Սաֆարյանի, դրան կարող է նպաստել կառավարության ընդունած Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը, ինչպես նաեւ` սկիզբ առնող պետություն-մասնավոր գործընկերություն մոտեցումը։ Ախր մեկը հարցնող լինի՝ Վազգեն Սաֆարյան, այս երկրում քանի-քանի հայեցակարգեր ու ծրագրեր են մնացել թղթի վրա, որ այս մեկի նկատմամբ այսքան լավատես եք եւ վստահ։
Ի դեպ, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ արդյունաբերությունը 2011թ. շուրջ 14%-ով աճել է։ Հոգ չէ, որ այդ աճը մարդկանց մեծամասնությունը չի նկատել, կարեւորը կրկին ցուցանիշներն են։ Իսկ ցուցանիշների հետ մանիպուլյացիաներ անելն ու իրականության տեղ անցկացնելը մեր իշխանությունների մոտ գերազանց է ստացվում։ Ամենալավ օրինակը գնաճն է։
Իշխանության ներկայացուցիչներից մեկը վերջերս բառացիորեն հայտարարել էր. «Ինչպես կարողացանք այս տարի գնաճը պահել նախանշված սահմաններում, այնպես էլ եկող տարի կկարողանանք պահել 4 տոկոսի սահմաններում»։ Սա արդեն ակնհայտ արհամարհական վերաբերմունք է հասարակության նկատմամբ։ Փաստորեն՝ 9-10 ամիս բարձր գնաճ ունենալուց հետո, վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում գնաճի ցուցանիշն իջեցնելով՝ իշխանությունը պնդում է, որ իրենց առջեւ դրված խնդիրը կատարել են։ Ի՞նչ անենք, որ տարվա մեծ մասը քաղաքացին թանկուկրակ գներով է ապրանքներ գնել, կարեւորը վերջնական ցուցանիշն է։ Ճիշտն ասած, մենք «էն գլխից» գիտեինք, որ գնաճի հարցում ամեն ինչ հենց այսպես էլ լինելու է, եւ այդ մասին նախորդ տարվա ընթացքում բազմիցս գրել ենք։ Սակայն կարծում էինք, որ իշխանությունները գոնե կլռեն այդ մասին՝ կարծելով, որ իրենց մանր խորամանկությունը ներվեց։ Սակայն հաշվի չէինք առել, որ առջեւում ընտրություններ են, եւ պետք է պատրաստվել ցինիզմի նորանոր, ամենաանսպասելի դրսեւորումների։