Պրեսկոտն ու մարտի 1-ը

17/01/2012

ՀԱԿ-ը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ ԵԽ ԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են մարտի 1-ի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության զեկույցին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ ՀԱԿ պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՔԾ-ի կողմից մարտի 1-ի սպանությունների, ինչպես նաեւ` գնդակային եւ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած անձանց գործերի վերաբերյալ ոչ արդյունավետ քննության խնդիրներին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Ստեփան Սաֆարյանը նույնպես մտահոգություն են հայտնել 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների քննության հետ կապված ՀՔԾ` վերջերս հրապարակված միջանկյալ զեկույցի կապակցությամբ: Նշել են, որ այն ավելի է խորացրել հանրային անվստահությունն այդ մարմնի նկատմամբ, որը պարզապես ավելի ծավալուն ձեւաչափով վերաշարադրել է 2008թ. մարտի 4-ին ԱԺ չորս պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ ԱԺ ներկայացված ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության մարտի 1-ի «տեսակետը», ինչպես նաեւ` անհաջող փորձ է արել ստվեր գցել Փաստահավաք խմբի հայտնաբերումների վրա: