Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին անցած շաբաթ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը հարցաքննության է կանչել` օգնության համար իրեն դիմած քաղաքացու նկատմամբ սպառնալիքներ կիրառելու կասկածանքով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` քաղաքացին դիմել էր Սաքունցի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպության գրասենյակ` ահազանգելով Ոստիկանությունում իր նկատմամբ բռնություններ կիրառելու մասին: Սաքունցն էլ, իր հերթին, այդ մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն, ինչից հետո, սակայն, քաղաքացին հրաժարվել է իր բողոքից: Սրան հաջորդել է իրավապաշտպանի հարցաքննումը Ոստիկանությունում: «Դուրս է գալիս, որ ես քաղաքացուն ստիպել եմ, որ նա գա գրասենյակ»,- պատմել է Արթուր Սաքունցը` նշելով, թե Ոստիկանությունում ասել են, թե նա սպառնալիքներով է քաղաքացուն ստիպել ասել, թե Ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել: «Աբսուրդը ոչ միայն դա է, այլ, որ ժողովրդավարական կամ իրավական պետություն կոչվելուն հավակնող երկրում իրավապահ մարմինները ոչ թե զբաղված են քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության աշխատակիցների բռնությունների բացահայտմամբ, քննությամբ, այլ հենց բռնության ենթարկված քաղաքացուն են ահաբեկում, որ նա չբողոքի: Դա քիչ է` նաեւ այդ բռնության դեպքերի վերաբերյալ ահազանգող իրավապաշտպան ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործի հարուցման սպառնալիքով են փորձում ճնշել: Ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքները հիմնականում մնում են առանց քննության, քրեական գործեր չեն հարուցվում»,- հավելել է նա:
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում միայն անդրադարձել է այն դեպքին, որի շրջանակներում իրենք Սաքունցին կասկածել են քաղաքացուց սպառնալիքի միջոցով բողոք վերցնելու մեջ: Իսպիրյանի խոսքով` սպառնալիքի փաստը չի ապացուցվել: Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էլ ռադիոկայանի հետ զրույցում նույնպես ասել է, որ ստուգել են փաստերը եւ հիմնավորել, որ սպառնալիքներ չեն եղել: «Մարդիկ թյուրիմացության մեջ են ընկել, որի կապակցությամբ էլ հրավիրել ենք Սաքունցին ու բացատրություն վերցրել»,- ասել է դատախազը: Նաեւ հավելել է, թե Ոստիկանությունում քաղաքացու` բռնության ենթարկվելու մասին տեղեկությունը եւս հերքվել է. «Ինքը ասել է` ոստիկանները ծեծել են: Պարզվել է, որ սուտ է ասել»: