Նոր «Սահմանադրությունը» կնպաստի՞ արդար դատավճիռ կայացնելուն

23/11/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Ռոյալ-Արմենիա» – Մաքսային պետական կոմիտե (ՄՊԿ) հակամարտությունը շարունակվում է։ Ընկերությունը նորից հայց է ներկայացրել Տնտեսական դատարան` ընդդեմ ՄՊԿ-ի՝ վերջինիս սահմանած մաքսային արժեքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ընկերության ներկայացուցիչները գտնում են, որ իրենց կողմից ներկրվող սուրճի նկատմամբ չափազանց բարձր մաքսային արժեքներ են սահմանվել, իսկ դա բարձրացնում է սուրճի արժեքը եւ ուղղակիորեն ազդում ընկերության մրցունակության վրա։

Նիստը կայացավ երեկ՝ ժամը 15-00-ին եւ տեւեց 15 րոպե։ «Ռոյալ-Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Մինասյանը բացարկ ներկայացրեց դատավոր Ե. Խունդկարյանին եւ դատական նիստը հետաձգվեց։

3 էջից կազմված այդ փաստաթղթում պրն Մինասյանը մանրամասն հիմնավորել է իրենց անվստահության պատճառը։ Քանի որ փաստաթղթի ծավալը հոդվածի համար բավական մեծ է եւ, բացի այդ, գրված է իրավաբանական լեզվով, դրան ամբողջությամբ չեմ անդրադառնա։ Միայն նշեմ, որ, ի թիվս այլ փաստարկների, պրն Մինասյանը նշել է 2005թ. օգոստոսի 24-ին ընկերության կողմից ներկայացված նույնատիպ դիմումով (մաքսային արժեքներն անվավեր ճանաչելու հետ կապված) հարուցված քաղգործի վարույթի կասեցումը (ընկերության ներկայացուցչի կարծիքով՝ առանց հիմնավորման) դատավոր Ե. Խունդկարյանի կողմից։

Բացարկն ավարտվում է հետեւյալ պարբերությամբ. «Այսպիսով ակնհայտ է դատավոր Ե. Խունդկարյանի կողմից «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի նկատմամբ դրսեւորած բացասական եւ ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նկատմամբ դրսեւորած դրական վերաբերմունքը: Գտնում եմ, որ հակասական զգացմունքները դատավոր Ե. Խունդկարյանին զրկում են սույն գործով անաչառ լինելու հնարավորությունից, հետեւապես խնդրում եմ բավարարել սույն բացարկը»։

Պրն Մինասյանը համոզված չէ, որ բացարկը կբավարարվի եւ նոր դատավոր կնշանակվի։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի բացարկ հայտնելը, չէ՞ որ անգամ դրա բավարարման դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ նոր նշանակված դատավորները կգործեն զուտ օրենքի շրջանակներում։ Պրն Մինասյանը նշեց, որ իրենք ամենեւին էլ ցանկություն չունեն իրենց ժամանակը ծախսել դատարաններում, իսկ բացարկի հետ կապված՝ նշեց. «Այս բացարկով ուզում էի համապարփակ ներկայացնել դատավոր Խունդկարյանի հետ ունեցած մեր դառը փորձը եւ ուզում էի մեկ անգամ եւս ցույց տալ, որ նախկին մեր հայցը, որի առթիվ հարուցված քաղգործի վարույթը կասեցվեց, որքան կոպիտ եւ բացահայտ ձեւով է դա արվել»։ Անկախ այս հանգամանքից, պրն Մինասյանը գտնում է, որ բարոյական հաղթանակն իրենց կողմն է. «…բոլորին էլ հասկանալի է, որ եթե այդ մարդիկ կարողանային իրենց սահմանած մի քանի թվերը հիմնավորել, կբերեին եւ կհիմնավորեին եւ ոչ թե այդ ամբողջ թատրոնը կստեղծեին»։

Ընկերության ներկայացուցիչը համոզված է, որ «Դատավոր Խունդկարյանը ՌԱ-ՄՊԿ հարաբերություններում անաչառ չէ եւ ակնհայտորեն պաշտպանում է ՄՊԿ-ի անօրինական շահերը»։ Սակայն նա դժվարացավ բացատրել դրա պատճառը՝ նշելով, որ ՄՊԿ-ի ղեկավար անձանց կենցաղավարությունից ելնելով՝ կարելի է ասել, որ նրանք միջոցների պակաս չեն զգում եւ ներազդելու հնարավորություններ ունեն։

Այս ամենով հանդերձ, պրն Մինասյանն առանձնակի հույսեր չի տածում, որ ՄՊԿ-ն այս դատավարության արդյունքում կսկսի գործել օրինական դաշտում։ Նրա խոսքերով՝ սկսած 2003թ. դիմել են դատարան մեկ նպատակով. «ՄՊԿ-ին պարտադրել, որպեսզի մեզ հետ ունեցած հարաբերություններում լինի օրինապաշտ եւ աշխատի օրինական ձեւով, չոտնահարի մեր իրավունքները, կամ, գուցե, հնարավորինս քիչ ոտնահարի, որովհետեւ, ոնց նկատում եմ, չի ստացվում, սովորության ուժն այնտեղ բավականին նկատելի է»։

Օբյեկտիվ լինելու համար պետք է լսես երկու կողմերի կարծիքը, սակայն պատասխանող կողմին (ՄՊԿ) ներկայացնում էր պրն Կարապետյանը, որի մեկնաբանությունները ստանալ չհաջողվեց։ ՄՊԿ-ի ներկայացուցիչը դեմ էր նաեւ հեռուստաընկերության տեսաձայնագրմանը, ինչն ավելի էր մեծացնում մարդկանց կասկածները ՄՊԿ-ի իրավացիության հարցում։ Մեր թերթի նախորդ համարներից մեկում նշել էինք, որ ընկերության ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել ՀՀ նախագահին եւ այլ պաշտոնատար անձանց։ Պրն Մինասյանը նշեց, որ պատրաստվում են նոր դիմումներ եւ նոր փաստեր ներկայացնել։ Իսկ որ նախորդ դիմումներին դեռ չեն արձագանքել՝ ընկերության ներկայացուցիչն ունի իր բացատրությունը։ «Ճիշտն ասած, այս ժամանակահատվածում չէինք սպասում, որ արձագանք կլինի։ Խնդիրը մի քիչ ավելի խորն է, տպավորություն ունեմ, որ պետական ատյաններն այսօր մի փոքր ավելի այլ հոգսաշատ խնդիրներ ունեն՝ կապված նոյեմբերի 27-ի (հանրաքվեի) հետ, հույս ունեմ, որ 27-ից հետո դրան կանդրադառնան»։

Քիչ է մնում հույս հայտնեմ, որ եթե փոփոխություններն արժանանան ժողովրդի հավանությանը, ապա կկայացվի արդար դատավճիռ, քանի որ մեզ ապացուցում են, որ ամեն ինչ միանգամից բարելավվելու է, այդ թվում` դատական համակարգը։ Սակայն, երբ հիշում եմ, որ առաջարկվող փոփոխությունների մեջ «Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է» կամ «Բոլորը հավասար են օրենքի առաջ» դրույթները կան նաեւ գործող սահմանադրության մեջ, դժվար է հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի…