Նոր տարի, հին պեյզաժ

17/01/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ինչպե՞ս է պատահում. նստած ես ամանորյա սեղանի շուրջ: Զրուցում եք: Սեղանին, կարծես, ամեն ինչ կա: Հենց այնպես, առանց քաղց զգալու, շարունակում եք ծամել: Ու հանկարծ հարազատներիցդ մեկն առանց նախաբանի հայտարարում է. «Արդեն որոշել ենք` այս տարվա ընթացքում Հայաստանից ընտանիքով հեռանում ենք»:

Այս տարին ինձ համար այդպես սկսվեց: «Ո՞ւր»,- հարցրեցի, փոխանակ հարցնելու` «Ինչո՞ւ»: «Պատրաստ եմ անգամ Կոլիմա գնալ, միայն թե` Հայաստանից դուրս գամ: Այլեւս չեմ դիմանում»: Կցկտուր հարցուպատասխանից հետո պարզվեց, որ Հայաստանի հետ պատմական կապն այս ընտանիքը կշարունակի պահել եւս մի քանի ամիս: Մինչեւ բնակարանի համար հարմար գնորդ գտնելը: Ընտանիքով հեռանալ` նշանակում է` տանել կնոջն ու երեք երեխաներին: Հիմնավորումն էլ թարմ չես համարի. օրվա ընթացքում այն մի քանի անգամ կրկնում է մեզնից յուրաքանչյուրը. «Գիտակից մարդը որքա՞ն կարող է այսքան իրավազուրկ, նվաստացած ապրել: Բավակա՛ն է, էլ չեմ ուզում»: Եվ սա ասում է 45-ամյա տղամարդը, ով փայլուն տիրապետում է իր մասնագիտությանը, ով պատրաստ է իր 165.000 (նոր տարում կդառնա` 175.000) դրամով բավարարվել եւ ազնվորեն աշխատել: Միայն թե իրեն օրենքի շրջանակներում աշխատելու հնարավորություն տրվի: Այսինքն` պարտականություններից բացի` ունենա նաեւ իրավունքներ:

Ի վերջո, համեստ կենցաղը մտածող, ինտելիգենտ մարդու համար երբեք հայրենիքից հեռանալու մոտիվ չի կարող լինել: Սակայն մեր երկրում սյուժեն այնպես է զարգանում, որ հայրենիքից հեռանալը վաղուց այլեւս քաղքենիների մենաշնորհը չէ:

Մարդը ցանկանում է Հայաստանից հեռանալ` առանց ետ նայելու: Դժվար էր հաշտվել մտքի հետ, որ որոշումը վիճարկող ոչ մի հակափաստարկ չկարողացա բերել: Իսկ ծնողների, նախնիների հիշատակի մասին խոսք գցելը հիմարություն է. նա, ով ծնող չունի, Հայաստանից հեռանալու վճիռն ավելի արագ է կայացնում: Ծնողներիդ կորցնելուց հետո ավելի սուր ես զգում, որ անպաշտպան ես: Այնքան սուր, որ կասկածի տակ ես առնում նաեւ պետության գոյությունը:

«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Սա մեր Սահմանադրության 1-ին հոդվածն է: Գրված, ամենայն հավանականությամբ, սոփեստների կողմից: Պետությունը այն դեպքում է համարվում պետություն, եթե իրավական է: Հայաստանի Հանրապետությունը պետությո՞ւն է: Եթե պետություն է, ուրեմն իրավական է: Եթե իրավական չէ (իսկ դա գիտենք բոլորս), ուրեմն…

«Դե, լավ, էլի, որքա՞ն կարելի է»,- զայրացած տուն է մտնում բարեկամուհիս: Այս մեկի՞ն ինչ է պատահել: Ոչի՛նչ: Ընդամենը գնացել էր թոշակը ստանալու: 64-ամյա կինը 2011-ից լավատեսորեն քայլ անելով 2012, նոր տարվա հունվարի 10-ին գնացել էր մայրաքաղաքի 38-րդ փոստի բաժանմունք` ստանալու իր թոշակը եւ թոռնիկի նպաստը: 18.200 դրամ նպաստից փոստի աշխատակցուհին 200 դրամը չէր տվել: Ապա որոշել է, որ 34.640 դրամ թոշակի 640 դրամը պետությունը նախատեսել է չտալու համար: Երբ բարեկամուհիս առարկել է, աշխատակցուհին վերադարձրել է միայն 400 դրամը` պատճառաբանելով, թե թոռնիկի նպաստը ոչ թե երեխայի խնամակալին, այլ տատին տալով` օրենք է խախտում: 880 դրամ թոշակից եւ նպաստից պահելը փոքրիկ սփոփանք է, որը փոստի աշխատակցուհուն թույլ է տալիս ծանր չտանել օրենք խախտելու անհարմարությունը:

Երբ նախորդ տարի աշխատանքից ազատեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանին, անգամ քրեական գործ հարուցվեց: Պարզվեց, որ պետությանը պատճառվել էր միլիոնավոր դրամի վնաս: Խաչիկյանին աշխատանքից ազատեցին: Սոցիալական ապահովության պետական ծառայությունը նոր ղեկավար ունի: Իսկ պետությունը շարունակում է մտնել թոշակառուների եւ նպաստ ստացողների գրպանը: Դժվար է պնդել, թե նշված դեպքի մեղավորը դեռեւս Խաչիկյանն է: Խաչիկյանն այս պետության մի պաշտոնյան էր, ով շարժվում էր քաղաքական էլիտայի թելադրած տրամաբանությամբ` մտնել բոլոր նրանց գրպանը, ում գրպանը հնարավոր է: Եվ գրպանից հանել այն, ինչը հնարավոր է: Պետության համարա «գերակա շահ» է անգամ հիվանդ երեխայի նպաստից կորզված 200 դրամը:

Հիմա էլ աղմուկ է բարձրացել «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի շուրջ: Մասնավորապես, այն խաղի, որի մասնակիցները ՀՀ նախարարներ էին, բարձրաստիճան չինովնիկներ: Եթե կուզեք, խնդիրն այս դեպքում ամենեւին էլ «Լեզվի մասին» օրենքի խախտումը չէ: Եվ իրավական գնահատականն այստեղ անգամ երրորդական է` չինովնիկները կամ խաղի կազմակերպիչները օրենք խախտե՞լ են, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ներքին դիմադրություն չունեցան, դիսկոմֆորտ չզգացին: Երբ փորձում ես բառերով նկարագրել, թե ինչո՞ւ պետք է այդ մարդիկ իրենց վատ զգային` մասնակցելով ինտելեկտուալ խաղի, անհաջող տեքստ է ստացվում: Սակայն մեր մեծ ընտանիքի եւ ոչ մի անդամ չկարողացավ այդ խաղը մի քանի րոպեից ավելի դիտել. դժվար էր չափել` ավելի շատ տհա՞ճ էր, թե՞ նվաստացուցիչ: Իրենց ինտելեկտով Վայսերմանը, Բորիս Բուրդան, Ալեքսանդր Դրուզն ու Մաքսիմ Պոտաշովը այդ խաղը ռուսերենով հրաշալի խաղում են: Ավելի լավ ռուսերենով եւ նրանցից ավելի հետաքրքիր մեզ մոտ դժվար է խաղալ:

Ոչ ոք չի կարող առարկել` ինտելեկտը պետք է զարգացնել, ինտելեկտուալ մարդկանց պետք է ցուցադրել, առավել եւս, երբ նրանք այնքան քիչ են: Սակայն, համաձայնեք, որ կոնկրետ ա՛յդ մարդկանց հրաշալի հնարավորություն է տրված իրենց ինտելեկտը, լեզուների իմացությունը ցուցադրել` իրենց վստահված ոլորտներում: Իսկ թե ինչ վիճակ է բոլոր ոլորտներում, պարզ է նաեւ առանց ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ «պիկանտ» հարցերի:

Հ.Գ. Չգիտեմ` այս հարցը երբեւէ հնչե՞լ է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի ժամանակ, սակայն այն խիստ բնորոշ է մեզ: Չքնաղ մի դերասանուհի նամակ է գրում 18-րդ դարի գերմանացի փիլիսոփա Գեորգ Հեգելին (փիլիսոփան ուներ բավականաչափ անհրապույր մարդու համբավ): Տիկինը Հեգելին առաջարկում է ամուսնանալ. «Եվ մեր ամուսնությունից կծնվի երեխա` չքնաղ, ինչպես ես, եւ իմաստուն, ինչպես Դուք»: Հարց` ի՞նչ է պատասխանում փիլիսոփան: Պատասխան «Իսկ եթե տեղի ունենա հակառա՞կը»:

Ինչը եւ տեղի է ունենում մեր իշխանությունների բոլոր «բարի» նախաձեռնություններից հետո` հակառակը: