Երեխան այրվել է, բայց հարեւանները չեն արձագանքել

17/01/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Մամա, խնդրում եմ, վայ մամա ջան, աղաչում եմ, ինձ մի տանջի: Մամա ջան, ինձ պառկացրու, շատ եմ աղաչում»,- ամբողջ ձայնով ցավից բղավելով, լաց է լինում 7-ամյա Օվսաննան: Երկու ամիս առաջ մասնագետներն այս աղջկա կյանքը փրկելու հավանականությունը շատ չնչին էին համարում, քանի որ Օվսաննա Բարսեղյանին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում: Նոյեմբերի 9-ին տեղի ունեցած այս դժբախտ պատահարի արդյունքում 7-ամյա աղջիկը չորս վիրահատություն է տարել: Ամբողջ մարմինն այրվել է, բացառությամբ երեսի հատվածի: Մասնագետները ստիպված են եղել վիրահատության ժամանակ թեւերի, ոտքերի մաշկի կտրվածքներով այրված գլխամաշկի ծածկույթն ապահովել: Օվսաննայի ծնողները հավաստիացնում են, որ երեխայի կյանքը հրաշքով է փրկվել, քանի որ հիվանդանոց են տեղափոխել նրա ամբողջությամբ խանձված մարմինը: «168 Ժամն» օրերս ահազանգ է ստացել Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում այս ընտանիքի պատմությանը ծանոթ մի կնոջից, ով խնդրում էր որեւէ կերպ օգնել այս ընտանիքին: «Թոռնիկս էնտեղ պառկած էր, եւ նրան խնամելիս պատահաբար եմ ծանոթացել էդ ընտանիքի հետ: Շատ ենք ազդվել իրենց վիճակից, հավատացեք, որ շատ չքավոր ու անօգնական են: Հիմա ամբողջ ընտանիքով հիվանդանոցում են մնում, որովհետեւ էնտեղ համ տաք ա, համ էլ ապրելու պայմաններ կան: Երկու ամիս ա էդ պալատում են, իսկ էդ վառված երեխան շատ ա ազդել մեզ վրա»,- մեզ հետ զրույցում ասում էր Անահիտ անունով մի կին` վստահեցնելով, որ Օվսաննային հիմնականում կերակրում են մյուս հիվանդասենյակներում գտնվող հիվանդներին խնամողները: Տիկին Անահիտը մեզ վստահեցնում էր, որ երեխայի մայրն անգամ ի վիճակի չէ այրվածքներով երեխային կերակրելու հարցն ապահովել:

Երեխայի մայրը` Ալվարդ Բարսեղյանը, վստահեցնում է, որ Ճամբարակի իրենց տունը հատակ, առաստաղ, դուռ ու պատուհան չունի: «Մինչեւ չտեսնես` չես պատկերացնի»,- ասում է նա: Ապրում են մի կիսաավերակում, որտեղ ձմեռվա ցրտից պաշտպանվելն անհնար է: Նրա խոսքով` Ճամբարակում համատարած գործազրկություն է, որի պատճառով տիկին Ալվարդն անգամ հավաքարարի, անասնապահի կամ հացթուխի աշխատանք գտնել չի կարողանում: Ամուսինը` Բորիսը, պայմանագրային ծառայող է եղել, սակայն սահմանում արձանագրված մի միջադեպի պատճառով նրան հեռացրել են աշխատանքից: «Սահմանում զինվորներից մեկն անցել էր թուրքի սահման, որի դիակը մի քանի օրից հետ տվեցին: Էդ չէպէի պատճառով հինգ հոգուս հեռացրեցին: Մեզ մոտ աշխատանք գտնելն անհնար ա, բնակչության մեծ մասը գործազուրկ ա, իսկ էն փոքր աշխատավոր մասն էլ անասնապահություն ա անում»,- ասում է Բորիսը: Ամուսինները երկու դպրոցական երեխաների խնամքը հոգացել են աղքատության 20.000 դրամով, որն ընտանիքի միակ եկամուտն է: Օգտվել են բարեգործական ճաշարանից, որտեղ օրական երեք անգամ սնվել են. «Երեխեքին ճանապարհում էի դպրոց, որ գնամ ճաշարան: Օվսաննաս ասեց` մամա, էսօր դասի չգնամ, փորս ցավում ա: Ասեց` քայլելուց ավելի շատ ա ցավում, էսօր ֆիզկուլտուրա ունենք, դասատուս կասի` վազի, ու ես ինձ ավելի վատ կզգամ»: Աղջիկներին թողնելով տանը, Ալվարդը գնացել է բարեգործական ճաշարան: Օվսաննան ասում է, որ իրենց տանը սառնամանիք է, եւ մի փոքր ջերմություն զգալու համար ամբողջ մարմնով «կռանում» են էլեկտրական փոքրիկ սալիկի վրա: «Շատ էի մրսում, պլիտային շատ մոտ էի նստել, որ տաքանամ: Հետո չոքեցի պլիտային շատ մոտ, որ մի քիչ մեջքս տաքանա, մեջքս ահավոր սառել էր: Երեւի, որ տաքացա, մի տեսակ քունս տարավ, մի քիչ անջատվեցի: Մեկ էլ քուրիկս` Անժելան, որն ինձնից փոքր ա, լացելով սկսեց գոռալ, որ ինձնից ուժեղ ծուխ ա դուրս գալիս»,- պատմում է Օվսաննան, ով այնպիսի շոկ է տարել, որ մինչեւ օրս մասնագետներն աշխատում են նրա հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Բրդյա հագուստը նպաստել է արագ կրակ բռնկվելուն եւ շատ խորը այրվածք ստանալուն. «Էս ցավից, վախից ուժեղ գոռում էի, օգնություն էի կանչում, բայց մեր հարեւաններից ոչ մեկն ինձ չփրկեց: Հետո արդեն շունչս կտրվում էր, ձենս չկար, որ ուզում էի գոռալ` սկսեցի ծվծվալ: Ամբողջ մարմինս վառվում էր, բայց ես գիտակցելով գնացի ու ինձ գցեցի ջրով վաննայի մեջ»: Տիկին Ալվարդը ճաշարանից վերադառնալուն պես աղջկան հայտնաբերել է սոսկալի վիճակում: Նա բորբոքված պատմում է հարեւանների սառնասրտության ու անտարբերության մասին, որոնցից ոչ մեկը չի արձագանքել երեխայի օգնության կանչերին: Անմիջապես ահազանգել են Շտապ օգնության ծառայություն, որտեղից այրված աղջկան տեղափոխել են Ճամբարակի հիվանդանոց: Տարօրինակն այն է, որ Ճամբարակի հիվանդանոցում այս երեխային խորը այրվածքներով մեկ օր պահել են միայն գլյուկոզա ներարկելով. «Տեսանք, որ ոչ մի բան չեն անում, ոչ վերքեր են մշակում, ոչ ցավ են հանգստացնում, մենակ գլյուկոզա էին տալիս: Էնտեղ անտերանոց ա, երեւի մասնագետ էլ չկա, ասեցին` մենք ոչ մի բան չենք կարա անենք, ու մեքենա տրամադրեցին, որ տեղափոխենք Երեւան»,- պատմում է տիկին Ալվարդը: Ասում է, որ երեխային հիվանդանոց տեղափոխելուց, ծանր վիրահատություններից հետո գնացել է Ճամբարակ եւ դժբախտ պատահարի մանրամասները ներկայացնելով Ճամբարակի քաղաքապետին` խնդրել է օգնություն ցուցաբերել: «Հանեց գրպանից 10.000 դրամ տվեց ու ասեց` հենց նպաստը ստանաս` կբերես կտաս»:

Կատաստրոֆիկ ախտորոշում

«Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի» այրվածքային բաժանմունքի վարիչ Հրանտ Հակոբյանը` բնորոշելով Օվսաննա Բարսեղյանի վիճակն, ասում է. «Բնականաբար, նա մեզ մոտ տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում, եւ կյանքին վտանգ էր սպառնում: Ունեցել է այրվածք կրակի բոցով 3-րդ, 4-րդ աստիճանի թիկունքի, վերին վերջույթների, նստատեղի, ստորին վերջույթների, ստորին ծնոտի շրջաններում: Մոտավորապես 40% մարմնի մակերեսի չափով: Բնականաբար, արձանագրվել է այրվածքային շոկ, մեկ օրվա ուշացում: Երեխան 15 օր եղել է վերակենդանացման բաժանմունքում, որի ընթացքում ընդհանուր անզգայացմամբ մեկ վիրահատություն կատարվել է, այնուհետեւ երեք անգամ աուտոդերմոպլաստիկ վիրահատություններ են կատարվել: Պետք է նշեմ, որ 40% մարմնի մակերեսի 3-րդ, 4-րդ կարգի այրվածքը դա կատաստրոֆիկ ախտորոշում է»: Այլ կերպ ասած` մարմնի այրված այն հատվածները, որոնք ունեցել են 3-րդ եւ 4-րդ աստիճանի վերքեր, մաշկի ծածկույթը վերականգնելու հնարավորություն այլեւս չկա: Հետեւաբար` վերքային մակերեսները վերականգնելու նպատակով մարմնի այլ հատվածներից վերցվել է կեղեքված մաշկ, լայնացվել, մշակվել եւ դրվել է վերքերի շրջանում: Հ. Հակոբյանի հավաստմամբ` ներկայումս երեխայի վիճակը բավարարին մոտ է, եւ երկու շաբաթ է, ինչ սկսել են ռեաբիլիտացիոն թերապիան: Թեեւ այրվածքային բաժանմունքի վարիչը մեզ հետ զրույցում շեշտեց ծանր հիվանդին տեղափոխելու մեկ օր ուշացման փաստը, այդուհանդերձ, հրաժարվեց որեւէ գնահատական տալ Ճամբարակի հիվանդանոցի մասնագետների բուժսպասարկման վերաբերյալ: Հ. Հակոբյանի խոսքով` Օ. Բարսեղյանը վերականգնողական բուժման մեծ անհրաժեշտություն ունի. «Շատ մեծ սթրեսներ է տարել, եւ պետք է շեշտեմ, որ շատ խելացի երեխա է»: Ըստ այրվածքային բաժանմունքի վարիչ Հ. Հակոբյանի` ցանկալի կլինի, որ վերականգնողական բուժումը Օ. Բարսեղյանը ստանա «ԱրԲես» վերականգնողական կենտրոնում. «Ամեն դեպքում ճիշտ է, որ ծանր հիվանդների ռեաբիլիտացիան պրոֆեսիոնալ կենտրոնում իրականացնեն: Մեզ մոտ հիվանդները ծանր են, եւ այս միկրոֆլորայում երեխայի գտնվելը վերականգնողական փուլում ես ճիշտ չեմ համարում»: Մոտ երկու շաբաթից Օ. Բարսեղյանն ամբողջովին կմտնի վերականգնողական փուլ, որի համար անհրաժեշտ է նրան տեղափոխել վերականգնողական որեւէ կենտրոն: Մենք կդիմենք ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, որպեսզի այս աղջիկը վերականգնողական բուժումը ստանա «ԱրԲես» վերականգնողական կենտրոնում: Նշենք նաեւ, որ Ալվարդ Բարսեղյանը մեզ փոխանցեց, որ աղջկա բուժման, դեղորայքի գնման համար գումար է փոխանցել «Դիակոնիա» բարեգործական կազմակերպությունը: Մենք բաժնի վարիչից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք բուժումը պետպատվերի շրջանակներում չէ. «Ընդհանրապես անվճար է, բուժման 99%-ն անվճար ենք կատարում: «Դիակոնիա» կազմակերպությունը գումար է փոխանցել այն դեղորայքի համար, որը մենք չունենք եւ գնում ենք, ինչպես նաեւ` սնուցման պրեպարատների համար»: Ի դեպ, Հ. Հակոբյանը համամիտ չէ խմբագրություն ահազանգող քաղաքացու այն մտահոգության հետ, որ այրվածքներով ծանր հիվանդ երեխայի կերակրման հարցում ծնողներն անզոր են, եւ նրանց օգնում են մյուս հիվանդներին խնամողները. «Եթե նման խնդիր լիներ` բուժող բժիշկը կտեղեկացներ ինձ: Նրանց օգնում են իրենց բարեկամները, հարազատները»: Չնայած սրան, զրուցելով տիկին Ալվարդի հետ` մենք պարզեցինք, որ նա հիմա էլ օգտվում է բարեգործական ճաշարանից: