Վերջերս մի նյութ ընկավ աչքովս` «Սփյուռքահայ մտավորականները պատրաստ են ստորագրել Ազնավուրի խոսքերի տակ» վերնագրով: Հետաքրքիր է, թե ովքե՞ր են այդ մտավորականները, որ մինչեւ այսօր լուր չունեին, թե Հայաստանը, այս էլ արդեն քսա՛ն տարի, հայաթափության ամենանենգ ծրագիրն է իրականացնում չեկիստական Ռուսաստանի աջակցությամբ ու ծրագրով: Եվ անպայման պետք է Ազնավուրն ասեր կամ հերքեր (որովհետեւ սա էլ առեղծված մնաց), որպեսզի միանգամից սրանց աչքերը բացվեին: Տեր Աստված, այս ինչ ողբերգություն է, ոչ միայն երկրի մեջ ենք հիվանդ, ոչ միայն երկրի մեջ ենք խեղված հոգեբանությամբ ապրում, դրսո՛ւմ էլ են մարդիկ վատառողջ: Նախ որտե՞ղ էին նույն այս «սփյուռքահայ մտավորականները» 91-ից սկսած: Երբեւիցե երեւացի՞ն: Նկատի չունեմ այն հատուկենտ մարդկանց, որ եկան ու մասնակցեցին նույնիսկ պատերազմին, այլ հենց «մտավորականներին», որ նաեւ ավանդական կուսակցությունների շարքերում են եւ որ եղած օրվանից սարսափած հորդորում էին անկախացման մասին չխոսել, որովհետեւ «ինչպե՞ս կըլլա` Հայաստանը Ռուսաստանեն անկախ ըլլա, հապա թուրքե՞րը…»: Եվ լռեցի՛ն: Ո՛չ իրենք եւ ո՛չ էլ իրենց կուսակցություններն ու կազմակերպությունները ծպտուն չհանեցին նաեւ 1996-ին, ձայնները դուրս չեկավ նաեւ 2008-ին… Որտե՞ղ էիք, «սփյուռքահայ մտավորականներ», երբ հայաստանցին ազատագրվելու իր կամքն էր բղավում, եւ ինչո՞ւ, երբ միամտաբար կարծեց թե, ստացավ այն, իսկույն որոշեցիք ավելի բարձր բղավել` «ազատ-անկախ Հայաստան»: Իսկ գուցե չեկիստական քարոզչությամբ հայրենասիրությունն ընկալած, իսկույն գլխի ընկաք, որ խաղ է խաղացվել մեր գլխին, եւ որպես լավ խաղացողներ ու լավ ծառայողներ` իսկույն էլ ընդունեցի՞ք նոր, հերթական խաղի կանոնները: Որտե՞ղ էիք, պարոն Ազնավուր եւ «սփյուռքահայ մտավորականներ», երբ Ձեր եւ ձեր «ընտրյալ» նախագահն 91-ից սկսեց չափել հայաստանցի հայի համբերությունը, հենց այդ ժամանակ էլ իրավունք տալով Ռուսաստանի դեսպանությանը` քաղաքացիության մասին միջազգային բոլոր օրենքները խախտելով, Հայաստանի մեջ ապրող հային Ռուսաստանի քաղաքացիություն բաշխելու համար, նրան երկրից քշելու հաստատ նպատակով: Որտե՞ղ էիք, երբ նույն այդ ռեժիմը 96-ին կեղծ ընտրություններ իրականացրեց քաղաքացիական պատերազմի սպառնալիքով, երբ 2008-ին իշխանությունը կրակեց ու սպանեց ժողովրդին: Որտե՞ղ էիք, ինչո՞ւ չմիացաք, երբ Հայաստանից վտարված ու աքսորված հայ մտավորականներից մի քանիսը հրովարտակ հրապարակեցին բավականին բովանդակալից ներկայացնելով երկրի իրողությունը: Ինչո՞ւ ինքներդ չդիմեցիք Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների նախագահներին` վճռական լինել եւ չընդունել Հայաստանի ներքին ցեղասպանությունն իրագործող նախագահներից մեկին: Չգիտեի՞ք, լուր չունեի՞ք…
Լուր ունեի՛ք եւ գիտեի՛ք… Միայն թե նորից, այս անգա՛մ էլ ձեր «ներքին ձայնին» խոհեմորեն ականջալուր լինելով, ձեր հարմարվողականության «առողջ» բնազդին ենթարկվելով` հասկացաք, երեւի, որ եթե Ազնավո՜ւրն է մի նախադասություն ասում, որն, ի դեպ, նույնիսկ հասցեատեր չունի, ուրեմն «բան մը կա»: Իսկ եթե «բան մը կա, թերեւս, հարկ է ասոր միանալ, որպեսզի անանկ չըլլա, թե բաժնվող գաթաեն պատառ մը մեզի չհասնի»…
ԱՄՈ՛Թ Է: Դուք ամե՛ն ինչ եւ մի՛շտ իմացել եք: Գրում եմ` դուք, եւ ինքս էլ տարակուսում, որովհետեւ մի՞թե դուք կաք: Մի՞թե «սփյուռքահայ մտավորական» արտահայտությունը այն անհեթեթ արտահայտություններից չէ, որ այլեւս վաղուց գոյություն չունի, եւ որի պատրանքն եք ուզում ստեղծել: «Սփյուռքահայ մտավորականն» այսօր նա չէ՞, որ տարաշխարհի մեջ հանգիստ հետեւում է, թե ինչպես են հայկական դպրոցները իրար հետեւից գոցվում: Մի՞թե «սփյուռքահայ մտավորականն» այն չէ, որ հանգիստ եւ վաղուց մոռացել է հայոց լեզվի մասին, նա չէ, որ հանգիստ հետեւում է այդ լեզուն աղավաղելուն… Մի՞թե վերջապես որեւէ բան անում է, որպեսզի հայ մշակույթ ու արվեստ զարգանա տարաշխարհի մեջ, հայ թատրոն ու գրականություն ծնվի, հայապահպանման նպատակ ունի՞ առհասարակ «սփյուռքահայ մտավորականը»: Հարցերս հռետորական են, դրանց պատասխանները գիտե՛մ ես եւ գիտե՛ն բոլորը: Գիտենք նաեւ, որ պատասխանելու դեպքում, անպայման հիշեցնելու եք, ասենք` 19-րդ դարում եղած հայկական դպրոցները տարաշխարհի մեջ, հիշեցնելու եք հայկական թատրոնի գոյությունը նույն այդ շրջանում, նաեւ այն լուսավոր հայերին եք հիշատակելու, որոնց հետ դույզն-իսկ առնչություն չունեք ո՛չ ձեր ազգասիրությամբ, ո՛չ ձեր քաղաքացիական կեցվածքով ու ոչ էլ ձեր մեջ կրող մշակույթով, որ նույնիսկ տվյալ երկրի մշակույթը չէ: Արդեն տասնվեց տարի ապրելով «սփյուռքի» մեջ, տասնվեց տարի շարունակ եւ բազմաթիվ առիթներով համոզվելով, որ այլեւս ՉԿԱ «սփյուռք» եւ ոչ էլ վերջինիս պատկանող մտավորական, միայն մեկ խնդիր ունեմ. հայաստանցի հային ասելու` ավելորդ է, անիմաստ է սրանց հետ որեւէ հույս կապել, սրանք հենց այն տեսակն են, որ իրենց «հարմարվողականությունը» շփոթելով իրական ազգայինի հետ, շարունակելու են մի դեպքում` դրսից, մյուս դեպքում` Հայաստան այցելելով` համոզել ձեզ, թե իրենք «մեծ գործեր կընեն սփյուռքի մեջ Հայ դատը պաշտպանելու համար»: Մինչդեռ այս տարվա հոկտեմբեր ամսից արդեն լուր ունեն, թե Ֆրանսիան իր նախագահի վճռական որոշմամբ դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի մեջ պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանությունը մերժողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքը եւ ծպտուն անգամ չեն հանում: «Սփյուռքահայ մտավորականները» որեւէ կեցվածք իրականում չունեն նույնիսկ Հայ դատի նկատմամբ: Հատկապես, երբ Թուրքիան սպառնալիքների տարափ է տեղում Ֆրանսիայի դեմ: Ո՛չ Ազնավուրն է իր դիրքորոշումը հայտնում, ու ո՛չ էլ «սփյուռքահայ մտավորականները», որ հավանաբար վաղուց են «հայրենիքը ինչ գույնի ալ ըլլա` մերին հայրենիքն է» չեկիստական քարոզչությանը իգանալով` մոռացել նաեւ իրենց հայրերի երկիրն ու պապենական ոսկորներով անթաղ գերեզմանները: Գուցե նաեւ մեկ-երկու ղուրուշ էլ որպես նվիրատվություն շպրտեն Հայաստանին, իրականում իրենց հաստատված երկրներում հարկերը պակաս վճարելու համար, կամ դրամագլուխը «լվանալու» համար, որ անպայման իրականացվում է հայաստանյան տվյալ պահի իշխանությունների հետ: Սրանք էլ են, ճիշտ ռուսի ու թուրքի նման` Հայաստանը սիրում առանց հայի, եւ չեն թաքցնում: Ձեր վերջին խնայողություններով հյուրասիրվելուց հետո վերադառնալով, ամենայն անկեղծությամբ եւ դեմքին ափսոսանքի արտահայտություն տալով` խոստովանում են` «Հայաստանը շատ աղվոր է, բայց հայաստանցիները չեմ սիրեր»:
Սրանք նաեւ հայրենասիրության դասեր են տալիս Հայաստանից դուրս եկողներին, ասելով, թե «է՞, ի՞նչ ընենք, թե երեխադ սովամահ կըլլար հոն, պետք է դուրս չելլեք, հայրենիքնիս դո՛ւք պետք է պահեք»… Եվ նույնիսկ այդ դեպքում չեն «անդրադարձել», թե Հայաստանում «ներքին ցեղասպանություն» է իրականացվում…
Տեր Աստված, այս ի՞նչ են սարքել մեզնից:
Իսկապես որ. օտարների մեջ յուրային չենք եւ յուրայինների մեջ օտար ենք… դրսից` ուրիշի եւ ներսից` մեր աչքը հանելու դարավոր սովորությամբ:
Փարիզ
Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆ-ԼԵ ԿԱԴՐ