«Պադստանցիա»-ում մարդիկ են ապրում

23/11/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շիրակի 45 հասցեի բնակիչները լեգենդներ են պատմում, թե Երեւան-Սեւան ուղեւորվող բեռնատար գնացքի ռելսերին կից մի ընտանիք է ապրում: Ասում են՝ նրանք անօթեւան են. նախկինում բնակվել են մի կրպակում, որտեղից կրպակատերը նրանց քշել է: Հիմա՝ գնացքի ռելսերից 4-5 մետր այն կողմ, գրեթե գծերին կպած էլեկտրական հենակետ կա՝ առանց պատուհան, առանց դուռ 4 պատ է: Ընտանիքի անդամները մտել են այդ, այսպես կոչված՝ «պադստանցիան» ու ապրում են:

Շատերը չեն հավատում, իսկ ովքեր էլ հավատում են, ասում են՝ «Չես կարող գնալ, ճանապարհ չկա, ամայի տեղ է, ջարդուխուրդ արած պարիսպների, «պռովուլկեքի» արանքով պիտի անցնես, փոքր բլուր կա, էդ բլրով պիտի իջնես ու գնացքի ռելսերի միջով բարձրանաս մյուս բլուր… Ըտեղ մենակ շներ են ապրում, լիքը կատաղած փողոցային շներ կան, կհարձակվեն վրադ, կգզեն, սոված շներ են»: Գնում եմ: Խրճիթների միջով անցնելով հայտնվում եմ ամայի տարածքում, ուր միայն այրված աղբակույտեր կան: Մետաղալարերով պարսպապատ արգելանքը, որը գնացքի ռելսերից մարդկանց պաշտպանելու համար է՝ ճեղքվածք ունի: Ճեղքով մի կերպ անցնում եմ, բախտս բերում է, որ մետաղալարը աչքս չի մտնում: Ճեղքվածքը շների չափով է: Ռելսերի միջով անցնում եմ, մարդ չկա, միայն սոված, կատաղած շներ կան: «Պադստանցիան» արդեն երեւում է: Շներից մեկը կոկորդը պատռելով հաչում է վրաս ու հաչոցին արձագանքում է «պադստանցիայի» միջից դուրս եկած մի լղար ու չարացած հայացքով տղա: Բղավում է՝ «Չգաս մոտիկ, քեզ ասում եմ` մոտիկ չգաս, շանը քսի կտամ, առաջ մի արի: Ես գիտեմ դու ով ես, գնա ստեղից: Կանգնի, առաջ չգաս, թե չէ քո հետ խիստ կվերաբերվեմ: Ես գիտեմ՝ քեզ ով ա ուղարկել, եթե առաջ գաս` զգուշացնում եմ` հետդ վատ կվարվեմ»: Տղայի նման արձագանքից սարսափած՝ «պադստանցիայից» դուրս է գալիս մի տատիկ: Տատիկը, մի պահ լռելուց հետո, կանչում՝ «Արի, աղջիկս, դու ո՞նց իմացար, որ ստեղ մարդ կա»: Սակայն տղան ավելի է բորբոքվում՝ «Չթողնես սրան, էս միլիցիայից ա, սրան միլիցեքն են ուղարկել, որ ինձ բռնի: Ասում եմ՝ չգաս, թե չէ մի բան կանեմ: Էս շանը տեսնո՞ւմ ես, էս մարդ էլ կուտի, հես ա քսի կտամ վրեդ: Դու էս շանը տենց մի նայի, ախպորս թեւը կծել ա ու ատամներով թեւի միսը քաշել, պոկել ա: Չե՞ս վախենում…»: Տատիկն ուզում է տղային հանգստացնել, չի ստացվում, պտտվում է հակառակ կողմ, ուրիշին է կանչում՝ «Գեւորգ, այ Գեւորգ, արի: Գեւորգ, արի ախպորդ տար»: Կանգնել եմ գնացքի ռելսերի մեջտեղը, իսկ նրանք «պադստանցիայի» մոտ են: Քարացած սպասում ենք Գեւորգին: Գեւորգը գալիս է, տատը ինչ-որ բան է քչփչում, ու Գեւորգը գոռում է տղայի վրա: Տղան, ավելի բարկացած, ինձ ասում է՝ «Ես գիտեմ դու ով ես, մեկ ա, չեմ թողելու էս կողմ գաս»: Գեւորգն ամաչելով տղայի պահվածքից` հասնում է, որ խփի նրան, տղան փախչում է: Տատիկն ու Գեւորգը հանգստանում են խուճապից ու կանչում. «Արի, աղջիկ ջան, էդ ո՞նց գտար մեզ, ո՞նց եղավ, որ մեկը հետաքրքրվեց մեզանով: Գեւորգ, մեզ գտան, պատկերացնո՞ւմ ես, մեկը էս ճամփեն անցել ա, որ մեզ գտնի»: Գնում եմ նրանց մոտ ու վախենում եմ, որ տղան մի տեղից դուրս կգա: Տատիկը հորդորում է տղայից չվախենալ, ասում է, որ տղայի անունը Վիլիկ է: Երբ փոքր էր, նրան Վիլիկան էին ասում, այսինքն՝ հսկա, իսկ հիմա չեն ասում, որովհետեւ այլեւս հսկա չէ: Վիլիկը 15 տարեկան է, ամեն ինչից վախենում է: Էս տարածքի իսկական տերերը կատաղած շներն են, ու էդ շներից էլ է Վիլիկը վախենում: Բոլորից վախենում է, որովհետեւ մի անգամ ուժեղ վախեցել է: Վիլիկի տատիկը պատմում է, որ նա մանկուց մետրոյի վագոններում ծամոն էր վաճառում, որ հացի փող վաստակի: Դպրոց չի գնում, որովհետեւ նախընտրում է ծամոն վաճառելով հաց վաստակել: Մի անգամ մետրոյում ծամոն վաճառելիս ոստիկաններն արգելել են եւ դուրս արել: Վիլիկը, ոստիկաններին հակառակ, վախը հաղթահարելով` շարունակել է իր ձեւով հացի փող վաստակել: Վիլիկի տատիկը պատմում է՝ «Էդ ժամանակ միլիցեքը հանել են մետրոյից, որ ծամոն չծախի, բայց երեխեն էլի մտել ա մետրո, որ հացի փողը հանի: Միլիցեքը դուբինկեքով լարվել են հետեւից, ու էդ օրվանից վախենում ա: Վախը մտել ա մեջը, սաղից վախենում ա, իրան թվում ա՝ էդ միլիցեքը հլը իրան բռնում են: Դե հիմա դու էլ անծանոթ մարդ ես ու չպիտի ստեղով գայիր, բայց եկել ես: Ստեղ մարդու տեղ չի, բալամ, ո՞նց ես եկել էս ճամփով»:

«Ժաժք է, փախեք…»

Սիրանույշը 65-ամյա գյումրեցի, շատ բարի տատիկ է: «Պադստանցիայում» ապրում է հարսի եւ երկու թոռների՝ Գեւորգի ու Վիլիկի հետ: Գյումրեցիները տարիներ առաջ որոշել են գալ Երեւան, որովհետեւ Սիրանույշի տղան այստեղ էր աշխատում: Որոշ ժամանակ անց որոշում են վերադառնալ Գյումրի, մտածում են՝ ամեն մարդ պիտի իր ծննդավայրում ապրի: Ունեցվածքը նորից տեղափոխում են Գյումրի: Մի քանի ամիս անց երկրաշարժ է լինում, բարեբախտաբար, ընտանիքը շուկայում է լինում, ու փրկվում են: Սիրանույշը շատ հարազատների կորցնում է: Տունը փլվում է, իսկ ունեցվածքը փոշի է դառնում: «Էհ… ինչ ունեցվածք էի իմ աշխատանքով, իմ քրտինքով ձեռք բերել: Մտածում էի՝ հանգիստ կմեռնեմ, որովհետեւ երեխեքս ամեն ինչ ունեն, ամբողջ կյանքս աշխատեցի, որ ապահով ապրեն: Մի վայրկյանում հող դառավ, ինչեր ունեի… եթե գյումրեցիներին լավ ես ճանաչում, կհասկանաս, որ ամեն ինչի ընտիրն են առնում»: Տիկին Սիրանույշն աղետից մազապուրծ եղած ընտանիքի հետ փախչում է Երեւան: Հանգրվանում են Շիրակի փողոցում: Կրպակատեր մի պառավ խղճում է ու թույլ է տալիս, որ ժամանակավոր մնան կրպակում: Ժամանակավորը շատ է երկարում, ու նրանց դուրս է վռնդում: Այդ ընթացքում Սիրանույշի քանդակագործ որդին չի դիմանում կյանքի դառնությունների դեմ պայքարելուն ու հեռանում է: Մինչ օրս ոչ ոք նրա մասին տեղեկություն չունի: Անցել են տասնյակ տարիներ, քանդակագործի որդիները չգիտեն` հայրը ո՞ղջ է, Հայաստանո՞ւմ է, թե՞… Կյանքի հոգսերի ամբողջ լուծն ընկնում է տիկին Սիրանույշի վրա:

Օրեր շարունակ փողոցներում մի կերպ գոյատեւելով` մի տնակ են գտնում՝ չորս պատ, առանց դուռ ու լուսամուտ, գնացքի գծերին կպած, իսկ տնակի մեջ միայն էլեկտրական լարեր ու լիքը աղբ… Մտնում են տնակ, կենդանի շունչ չկա: Մի քանի օր վախով ապրում են այդտեղ ու սարսափում այն մտքից, որ ուր որ է իրենց կգտնեն ու կքշեն «պադստանցիայից»: Շաբաթներ են անցնում, բայց մարդ չկա, ու տիկին Սիրանույշը որոշում է տնակի միջի աղբը մաքրել ու այդտեղ ապրել: Այդպես էլ անում են: Տնակին կպած ռելսերով անցնող վագոններն ուղեւորվելիս տնակը շարժում են, դղրդում է, ու բնակիչները մտածում են, թե նորից երկրաշարժ է՝ «Ժաժք է, փախեք». «Վախից մայկա-տռուսիկով վազում ենք դուրս, բայց հետո հասկանում ենք, որ երկրաշարժ չէ, այլ գնացքի ծանրությունից է տնակը ցնցվում»: Հետո այդ ցնցումներին էլ են սովորում: Որոշ ժամանակ անց նրանց գտնում են կայարանի աշխատակիցները: Սեւան ուղեւորվող, մազութ տեղափոխող բեռնատար գնացքի վագոնը շուռ է գալիս ուղիղ այնտեղ, որտեղ ապրում են այս գյումրեցիները: Բարեբախտաբար, բնակիչներն ու տնակը չեն վնասվում: Սակայն վագոնավարը տեսնում է, որ սլաքավարի կայանատեղի հանդիսացող տնակում ինչ-որ մարդիկ են երեւում: Կայարանի աշխատակիցները բացատրում են, որ այդ «պադստանցիան» իրենց է պատկանում եւ դա նախատեսված է սլաքավարի հերթապահության համար: Երկար խոսակցություններից հետո, երբ մտնում են տնակ ու տեսնում են բնակիչների պայմանները, այլեւս լռում են: Բերում են մի վերամբարձ կռունկ, շրջված վագոնը մի կերպ հանում են: Ջախջախված ռելսերի փայտե շպալները հանում, տալիս են Սիրանույշ տատիկի ընտանիքին, ասում են՝ «Վառեք, տաքացեք, ապրեք»: Կայարանի աշխատակիցները իրենց գործընկերներին պատմում են գյումրեցի այս ընտանիքի հետ պատահածը ու նկարագրում են իրենց աչքի տեսածը: Կայարանի աշխատակիցներն այնքան են ազդվում, որ որոշում են սլաքավարի կայանատեղը հատկացնել նրանց:

Կատաղած շունը միսը պոկել է

Հիմա Վիլիկը մոր հետ մետրոյում ծամոն, խաչբառ, անձեռոցիկ է վաճառում, իսկ Գեւորգը բանվորություն է անում՝ երկաթ է տեղափոխում: Գեւորգը բարեհամբույր է, հյուծված ու սփրթնած է: Ասում է՝ «Երեք ամիս է աշխատում եմ՝ փող չեն տալիս: Շեֆս ասում ա՝ հլը ինձ փող չեն տվել, որ տան՝ կտամ: Բայց դե ո՞նց կլինի, երկաթ եմ կրում, իմ աշխատանքի փողն եմ ուզում, հո չե՞մ մուրում: Հազիվ եմ կրում, էլ ուժ չունեմ: Առավոտը մի բաժակ չայ եմ խմում ու թե Վիլիկենք փող աշխատեն՝ իրիկունը մի բան կուտենք»: Շուռ եկած գնացքի գծերի շպալներն ափսոսում են վառել, մտածում են` ավելի ցուրտ կլինի, էդ ժամանակ կվառեն: Սիրանույշ տատիկի ոտքը ցավում է, չի կարող աշխատել, բայց կարողանում է կազմակերպչական հարցեր լուծել: Օրինակ, մի քանի ծառ է տնկել ամռանը եւ նույնիսկ հասցրել է իր բերքից բալի մուրաբա եփել: Թոշակ չի ստանում, որովհետեւ Գյումրիում է գրանցված, անձնագիրը մնացել է փլատակների տակ, իսկ նորը ստանալու համար Գյումրի հասնելու փող չունի: Ասում է՝ «Գեւորգը 25 տարեկան ա, լավ, խելոք, աշխատող երեխա ա: Մի անգամ ստեղի կատաղած շներից մեկը հարձակվել էր վրեն: Ատամները խրել էր թեւի մեջ ու միսը ատամներով քաշել, պոկել էր: Հիմա թեւի վրա փոս կա, վերքը մնում ա: Դե, բժիշկի չէինք կարա տանեինք: Ասում են` կատաղած շունը որ կծում ա, պիտի փայտացման դեմ սրսկեն: Դրանք որ կատաղած կծում են, եթե չսրսկվես` կամ դու կմեռնես, կամ շունը կսատկի: Էդ օրվանից ներվային ա դառել: Որ չջղայնացնես, խելոք ա, բայց որ ներվայնացավ, վայ աման… չես կարում դեմն առնես»: Սիրանույշ տատիկի դիմագծերը տանջված ու հոգնած են, բայց այսօր մի քիչ լույս կա աչքերում, որովհետեւ իրենց այցելել են: Սիրանույշ տատիկը շատ զարմացած է ու ուզում է երկար խոսել, կիսվել, թեթեւանալ: Հասկանում է, որ իր պատմությունից տխրում եմ, մխիթարում է. «Դե՛, փառք Աստծո, հիմա ապրելու տեղ ունենք, չեմ դժգոհում, Աստված ասում ա՝ «Քչով բավարարվի»: Փառք Աստծո, գոնե ապրում ենք»: