Բուժիչ սերկեւիլը
Սերկեւիլը վարդազգիների ընտանիքի, խնձորայինների ենթաընտանիքին պատկանող բույս է։ Գիտական անվանումն է` Cydonia ablonga (vulgaris)։ Հայտնի է հնագույն ժամանակներից, հայրենիքը Հարավային Ասիան է։ Եվրոպա են բերել հռոմեացիները, այստեղ մշակվել է պորտուգալական կոչվող տեսակը։ Անտիկ աշխարհում նվիրվել է սիրո եւ պտղաբերության աստվածուհի Վեներային։
Տարածված է եղել Պատմական Հայաստանում Փայտակարանի բնական անտառներում։ ՀՀ-ում հանդիպում է մշակության մեջ, վայրիացած ձեւով եւ Կապանի բնական անտառներում` ծովի մակերեւույթից մինչեւ 1200 մ բարձրության վրա։
Պահանջկոտ է հողի նկատմամբ, լուսասեր է, խոնավասեր եւ ջերմասեր, դիմացկուն է ցրտահարությունների հանդեպ։ Ծաղիկները միայնակ են, կանոնավոր, խոշոր (4-5,5 սմ տրամագծով), բազմաթիվ առէջքներով։ Սերկեւիլենին արժեքավոր մեղրատու բույս է եւ պատկանում է այն բույսերի շարքին, որոնց պտղաբերությունը ուղիղ համեմատական է մեղուների այցելությունների քանակին։ Մեկ հեկտար այգու մեղվատվությունը հասնում է 18 կգ։ Սերկեւիլի մեղրը թափանցիկ է, ունի հաճելի հոտ, դանդաղ է բյուրեղանում։
Ծաղկում է` մայիս-հունիս, պտղաբերում` սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Որպես բուժահումք է օգտագործվում տերեւը, պտուղը, սերմը։ Տերեւը մթերում են հունիս-հուլիս ամիսներին, չորացնում օդափոխվող ծածկի տակ կամ ջեռոցում` 40-50 C ջերմաստիճանի տակ։ Պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, դաբաղանյութ, բուսախեժ, լորձ, ասկորբինաթթու։
Պտուղները հավաքելուց հետո պահում են հով տեղում, մինչեւ հասունանալը։ Այդ ընթացքում բարձրանում է շաքարների եւ օրգանական թթուների պարունակությունը, դրանք դառնում են ավելի համեղ։ Օրինակ, 5-6 ամիս պահպանումից հետո միայն միջինասիական տեսակները կարելի է ուտել հում վիճակում։
Հասունացած պտուղները պարունակում են 6-9 տոկոս մրգաշաքար, 2,8-3,3` խաղողաշաքար, 1,2-2,6` բուսաշաքար, 0,4` ճարպ, 0,1 տոկոս սպիտակուց, կիտրոնի, գինու, խնձորի եւ այլ օրգանական թթուներ, դաբաղանյութ, եթերային յուղ, B1, B2, B6, E վիտամիններ, երկաթ, պղինձ, կոբալտ եւ այլն, ընդամենը 17 միկրոտարրեր։ 100 գրամ պտղամսում պարունակվում է մոտ 8 մգ մագնիում, 11 մգ կալցիում, 17 մգ ֆոսֆոր, 144 մգ կալիում, 4 մգ նատրիում, 15 մգ ասկորբինաթթու, 0,2 մգ նիացին, 27 մգ ենթավիտամին A։
Կեղեւը պարունակում է բուրումնավետ նյութեր, հյութը` մինչեւ 3,5 տոկոս խնձորաթթու։
Սերմը մթերում են պտղի վերամշակման ժամանակ, չորացնում հատուկ ջեռոցներում` 40-50 C ջերմաստիճանի տակ։ Պատրաստի հումքը ծածկված է սպիտակ թաղանթով, անհոտ է։ Պարունակում է մինչեւ 22,8 տոկոս լորձ, 8 տոկոս ճարպ, դաբաղանյութ, սպիտակուց, ներկանյութ, պեկտին, ֆերմենտ էմուլսին, հանքային աղեր, 0,53 մգ ցիանոգեն գլյուկոզիդ ամիգդալին։ Վերջինը թունավոր նյութ է։
Ամբողջական սերմից պատրաստում են եփուկ եւ թուրմ, լուծված լորձանյութն ունի լուծողական, պարուրող, հակաբորբոքային, փափկեցնող, խորխաբեր հատկություններ։
Կիրառում են աղեստամոքսային համակարգի եւ շնչառական ուղիների հիվանդությունների, այրվածքի, մաշկի ճաքերի, կոպերի բորբոքման, սնկային հիվանդությունների դեպքում։
Սերկեւիլի պտուղն ունի կապող, միզամուղ, արյունարգել հատկություն։ Կիրառվում է լուծի, դիզենտերիայի, որպես միզամուղ` սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։ Եփված վիճակում օգտակար է լյարդին, կանխում է սրտխառնոցը։ Լավացնում է ախորժակը եւ մարսողությունը, իջեցնում խոլեստերինի մակարդակը, հեռացնում օրգանիզմից ծանր մետաղները եւ ռադիոակտիվ տարրերը։ Օգտագործվում է ճառագայթային թերապիայի ընթացքում եւ որպես կանխարգելիչ միջոց` երիկամային քարերի առաջացման դեմ։
Տերեւի պատրաստուկներն օգտակար են հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության, ստենոկարդիայի, առիթմիայի դեպքում։ Ա. Ամասիացին զգուշացրել է. «Սերկեւիլը վնաս է նյարդերի համար։ Նրա վնասակար ներգործությունը կչեզոքացնի մեղրը»։
Սերկեւիլի պտուղը հում վիճակում վնասակար է աղիներին։
Ներգանգային ճնշման համար. 12-15 մանրացրած տերեւը 12 ժամ թրմեք 3 լիտր եռջրի մեջ, խմեք ջրի փոխարեն։
Հիպերտոնիայի դեպքում. 100 գ մանրացրած տերեւը 1 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ։ Խմեք 1-2 թ/գ` սնվելու ընթացքում։
Ստամոքսի խանգարման դեպքում. 2թ/գ սերմը 8 ժամ թրմեք ջերմապահում, 500 մլ եռջրում, պարբերաբար թափահարեք։ Խմեք 60-70 մլ` օրը 3 անգամ։
Հաստ աղիի ճաքերի դեպքում. Դրեք թրջոցներ սերկեւիլի գոլ հյութով։
Բրոնխային ասթմայի դեպքում. 1 թ/գ չորացրած, մանրացրած սերկեւիլի տերեւը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Շաքարային դիաբետի դեպքում. 2 ճ/գ սերկեւիլի մանրացրած տերեւների եւ ճյուղերի խառնուրդը (1։1) 15 րոպե եփեք 200 մլ եռջրի մեջ։ Թրմեք մինչեւ հովանալը, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Լյարդի, լեղապարկի հիվանդությունների դեպքում. 10 գ սերկեւիլի տրորած սերմը 10 ժամ թրմեք 1 լ սառը ջրում։ Քամեք։ Խմեք 100-200 մլ` օրը 3-4 անգամ, 1 թ/գ մեղրի հետ։
Սրտամկանն ամրացնող միջոց. Տարբեր տարաներում եփեք սերկեւիլի եւ դդումի պտղամիսը։ Տրորեք քամիչի օգնությամբ, խառնեք։ Ավելացրեք 2 թ/գ մանրացրած ընկույզ եւ 1 թ/գ ծիրանի չիր։ Կերեք 1 թ/գ` առավոտյան սնվելուց 30 րոպե առաջ։
Առատ դաշտանը կարգավորող միջոց.
– Եփեք 100 գ թարմ (կամ 50 գ չորացրած) սերկեւիլի պտղամիսը 200 մլ եռջրի մեջ։ Թրմեք 30 րոպե։ Խմեք օրը 2 անգամ։
– Օրը 3 անգամ խմեք 1-ական գրամ սերկեւիլի սերմի փոշի` կաթի հետ։ Օգտագործեք դաշտանը սկսվելուց 1 շաբաթ առաջ։
Գեղարարության մեջ սերկեւիլն օգտագործվում է որպես մաշկը հարթեցնող արդյունավետ միջոց։
Կորյակների դեպքում. Հասած սերկեւիլն անցկացրեք քերիչի մանր հատվածով եւ շիլայատիպ զանգվածը քսեք դեմքին, պահեք 15-20 րոպե։ Մաքրեք գոլ ջրում խոնավացրած բամբակե խծուծով, լվացեք տաք ջրով։
Թառամող մաշկի համար
– Մանր կտրատեք հասած սերկեւիլը, ավելացրեք այնքան տաք ջուր, որ ծածկի հումքը, 2-3 ժամից քամեք։ Յուրաքանչյուր 100 մլ հեղուկին ավելացրեք 10-ական մլ օղի, շփեք դեմքի մաշկը լվացվելուց հետո։
– Մերսեք դեմքը հասունացած սերկեւիլի մաքրած պտղամսի կտորով։
Մաշկը սնուցող դիմակներ
– Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 1 ճ/գ սերուցք եւ սերկեւիլի քերվածք։ Պահեք դեմքին 15-20 րոպե։
– Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 1-ական ճ/գ մեղր եւ բուսայուղ, 1 թ/գ սերկեւիլի հյութ։ Պահեք դեմքին 15-20 րոպե։
Դիմակներ չոր եւ նորմալ մաշկի համար
– Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1 թ/գ մեղր, մեկական ճ/գ կարագ եւ տրորած սերկեւիլ` մինչեւ ստացվի համասեռ զանգված։
– Թրջեք բամբակե խծուծը սերկեւիլի հյութի մեջ, մաքրեք դեմքի մաշկը։ Սերկեւիլի հյութն ունի պեպենները սպիտակեցնող հատկություն։
Մազերն ամրացնող միջոց. Պատրաստեք սերկեւիլի տերեւների թուրմ (2ճ/գ հումքի վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 45 րոպե, քամեք) եւ դրանով ցայեք մազերը։