http://www.168.am/am/articles/27900-pr
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
www.168.am
Բեռնատար մեքենայի խցիկի նման փոքր ու անդուր վագոն-տնակի մարդաշատությունն Արամին շփոթեցնում է: Անօգնական շարժումներ է անում, թրխկալով կպչում է վագոնի փայտե պատին: Մոլորված փորձում է գլխի ընկնել` ինչո՞ւ են անծանոթ մարդկանց ձայներ արձագանքում: 11-ամյա տղան լսողությունն այնպես է լարել, որ կորցրել է տնակի դռան տեղը, որին շոշափելով վարժվելու համար տասնյակ տարի պայքարել է: «Արա՛մ ջան, մի վախեցի, ես ուղղակի ձեզ հյուր եմ եկել»,- անհանգստացած տղային հորդորում եմ: Արամի վախը թափառում է վագոնի մեջ ու անցնում բոլորիս միջով: Լուսանկարելիս խնդրում եմ, որ գլուխը բարձրացնի, բայց մայրը, միջամտելով, ասում է, որ չի կարող: Գլխացավերից երբեմն «ոռնում» է ու գլուխը չի կարողանում բարձր պահել: Հետո փորձում եմ նրա հետ խոսել, որ ինձնից չվախենա: Արամն սկսում է ինձ վստահել, որովհետև ձայնիս ելևէջները համոզում են, որ իրեն չեմ վնասի: Ասում է` «Կյանքում ամենաշատը հեքիաթներ եմ սիրում: Ես ինչքան մեծանում եմ, էնքան զգում եմ, որ հեքիաթներին հավատում եմ: Հեքիաթ կարդալիս չեմ վախենում, էդ ժամանակ ուրիշ աշխարհներում եմ ապրում: Էդ ուրիշ աշխարհներում մեջս հույսեր են արթնանում, ու ես ինձ ուժեղ եմ զգում: Կուզեի հեքիաթում ծնվել»:
Արամի ծնողների գլխին կարծես վագոն-տնակը ցնցվում է: Ճիշտ այնպես, ինչպես սոսկալի ցնցումը զգացել են 1988-ի երկրաշարժին, երբ Սպիտակում գտնվող իրենց տունն անցել է հողի տակ: Հետագայում հողի տակ անցած տան մակերեսի վրա տեղադրել են այս վագոն-տնակը: Արամի ամեն մի խոսքից հետո հայրը վազում է դուրս` ծխելու, իսկ մայրը` թաց աչքերով, նրան շոյում է: Արամ Ղազարյանը մեկ էլ երազում է երբևէ հասկանալ` լույսն ինչ բան է և տեսնել, թե ինչպիսին են մարդիկ: Մարդկանց ճանաչում է ձայներից, իսկ իրերին տարիների ընթացքում վարժվում է: Ատում է փոփոխությունը, որովհետև երբ ինչ-որ բան փոփոխվում է` ինքն աննկարագրելի մոլորվում, տառապում է անօգնական վիճակից:
Սպիտակ քաղաքի Լենինականի խճուղի թիվ 58 վագոն-տնակի բնակիչ Արամի մայրը` Սվետան, պատմում է, որ որդու մոտ գլաուկոմա հիվանդությունն են ախտորոշել, որի պատճառով նա ընդհանրապես չի տեսնում: «Պարզվեց` ի ծնե է եղել, մեծանալու հետ հասկացանք, որ չի տեսնում: Շատ մասնագետների մոտ ենք տարել, բայց… անհնար են համարում ինչ-որ բան փոխելը: Եթե այսպես էլ մնա` Աստծուց շնորհակալ ենք: Ճնշումն ահավոր բարձրանում ա, մշտական երևույթ ա, գլխացավերից գալարվում ա երեխես»,- ասում է 31-ամյա Սվետան, ով խոսում է հոգնած ու տառապած ծեր կնոջ պես:
Արամի աչքերի կառուցվածքը շատ անսովոր է` բացակայում են աչքերի բիբերը, ու կարծես սպիտակ գնդեր տեղադրված լինեն երեսին: Սվետան ասում է, որ ճնշումը կարգավորելու համար բժիշկը «Տրուսոպտ» դեղամիջոցն է նշանակել և տեղեկացրել է, որ մինչև կյանքի վերջ Արամը պետք է այն օգտագործի, հակառակ դեպքում… Մայրը պահարանի դարակից մի ցելոֆան է հանում ու ցույց է տալիս դեղերի տուփերը: Ասում է` «Ինքը շատ թանկ ա, մի տուփը` 7.000 դրամ ($ 18), բայց մեկ ամսվա համար անհրաժեշտ է երկու տուփ: Պիտի կաթացնեմ աչքերին, որ ճնշումը չբարձրանա: Հիմա, քանի որ փող չկար, տատիկն ա թոշակով առել, բայց այդ դեղի փոխարինողը: Հասկանո՞ւմ ես, երեխուս դեղը չեմ կարողանում առնեմ, դա ահավոր, դա մահացու բան ա ծնողի համար: Ոչ կարողանում ես երեխուդ գլխացավը մեղմել, ոչ էլ` դեղ առնել: Որպես մայր` ուզում ես մեռնել»:
Տատիկի գնած «Տորսոպտ» դեղամիջոցի ավելի էժան փոխարինողը չի օգնում Արամին, ու նա խավարի, ցավերի մեջ խեղդվում է: Պետության տրամադրած ցմահ հաշմանդամության 10.000 դրամ ($ 26) թոշակով Արամի համար անգամ երկու տուփ դեղ չեն կարողանում գնել:
Հայրը` Սերոբ Հովակիմյանն, ամբողջ խոսակցության ընթացքում դուրս է գալիս բակ ու անխնա ծխում է: Խնդրում եմ, որ ներս գա, բայց մի տեսակ անտարբեր հայացքով` չի արձագանքում հարցերիս: Սվետան սկսում է երկար-բարակ նկարագրել, թե ծնողի համար ինչ դժբախտություն է կույր երեխա ունենալն ու նրան օգնել չկարողանալը: Հետո ասում է, որ ամուսինը` Սերոբը, երկու տարի առաջ խելագարվել է: 38-ամյա այս տղամարդու մոտ բժիշկներն ախտորոշել են շիզոֆրենիա հիվանդությունը: «Չգիտեմ, պատճառներ ման գալ պետք էլ չի, որովհետև նման հիվանդության համար Սպիտակում պատճառների պակաս չկա: Կանայք ավելի պինդ են, իսկ տղամարդիկ տառապանքին չեն դիմանում: Հիմա դուք Արամի վիճակից ազդված եք, վստահ եմ, երկար կտանջվեք, դե՛ պատկերացրեք, թե ոնց կարող են տանջվել հայրն ու մայրը: Էլ չեմ ասում, որ մեր մեջ երկրաշարժը նստած է, ու ամեն մի մանրուքից վախը արթնանում ա»,- պատմում է Սվետան, ով ամեն վայրկյան սպասում է, որ հարազատները Սերոբի հոգեմետ դեղորայքը հասցնեն: Արամի ամենօրյա, մշտական հոգսը Սվետային ստիպում է ամուսնու խնամքի հարցում դիմել հարազատներին: Ասում է` «Կհավատա՞ք, չգիտեմ` ո’ր հիվանդիս հարցերով զբաղվեմ: Խնդրել եմ, որ Սերոբի դեղերը մեր բարեկամները վերցնեն: Եթե դեղորայք չխմի` կվատանա, իսկ հոգեկան հիվանդներին զսպել, գիտեք, էլի, չի լինում: Ինքը լավ տղա ա, բայց չգիտեմ… Էս ինչ ա` դժբախտություն դժբախտության հետևից…»:
Հարևանուհին` Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Վալյան է ինձ խնդրել, որ Արամենց տուն այցելեմ: «Մի օր տեսա, թե հայրը ոնց ա կույր տղայի հետ թոշակի համար հերթ կանգնել, որ երկու կոպեկ ստանա, դեղ առնի: Կհավատա՞ս, էդ տեսարանից գիշերները քուն չունեմ, եկել եմ տուն ու տեղս չեմ գտնում, տանջվում եմ: Ասում եմ` ի՞նչ անեմ, որ մի բանով էս մարդկանց օգնենք: Սիրտս կտոր-կտոր ա լինում, չեմ կարում հանգիստ քնեմ»,- ասում է:
Սվետան հիվանդների խնամքի պատճառով չի կարող աշխատել, դրա համար էլ` ապրում են 26.000 դրամ ($ 67) նպաստի և տան երկու հաշմանդամություն ունեցող անձանց 25.000 դրամով ($ 65): Հաճախ նախընտրում են չուտել և ունեցած գումարով Արամի գլխացավերը հանգստացնող դեղորայք գնել: Սվետան ընդհանրապես չի բողոքում, չի դժգոհում, բայց ներսում փոթորիկ է: 6-րդ դասարանցի Արամը հինգ գովասանագիր ունի: Սովորում է Երևանի թիվ 14 կույրերի դպրոցում: Թեև գերազանցիկ է, այդուհանդերձ ատում է դպրոցը: Հարցնում եմ` «Ինչո՞ւ…»: Պատասխանում է` «Որովհետև դու չես հասկանա, թե ինչ բան ա ամիսներով մամայիդ ու պապայիդ չտեսնելը: Ինձ Սպիտակից տանում են Երևան ու թողնում են էնտեղ: Ուզում եմ սովորել, իրավաբան դառնալ, բայց էդ զգացումը, որ ծնողներս մոտս չեն… Երբ ինձ տանում են Երևան ու թողում են դպրոցում` ես վախենում եմ, որովհետև գիտեմ, որ մամաս ու պապաս ինձնից շատ հեռու են: Ես չգիտեմ` Սպիտակը ինչ քաղաք ա, Երևանը որտե՞ղ ա, բայց գիտեմ, որ ծնողներս շատ հեռու են»: Արամի մշտապես դեպի հատակ նայող աչքերից կլոր-կլոր թաց գնդեր են թափվում: Խոշոր-խոշոր… անսովոր, որոնք սովորական արցունքի պես չեն: Ծնողներին տեսնում է ամանորյա տոներին, մեկ էլ` ամառային արձակուրդներին:
Մեկ-մեկ Արամը զղջում է, որ ինքը խելացի ու ընդունակ աշակերտի համբավ է ձեռք բերել, որովհետև ուզում է սովորելը փոխել ծնողների հետ լինելու թանկ զգացումով: Սվետան խեղդվում է, ասում է` «Սպիտակում համապատասխան դպրոց չկա: Ստիպված եմ, ի՞նչ անեմ: Երևանի դպրոցն էլ շատ լավն ա, դասատուներն էլ, բայց երեխաս շատ ա կարոտում»: Ներս է մտնում Արամի եղբայրը` 9-ամյա Դավիթը, ու հեկեկալով լաց լինելով` բոլորին կշտամբում է: «Ցիրկ ա եկել Էրևանից, սաղ գնացին, բացի ինձնից»,- ասում է վագոն-տնակի երկայնքով մեկ նյարդային վազելով ու լաց լինելով: Մայրը սաստում է` «Ոչի՛նչ, առանց ցիրկի կդիմանաս»: «Չեմ դիմանա, սաղ գնում են, բացի ինձնից: Գնում եմ ցիրկ, դե կտեսնես, մենակովս գնալու եմ…»,- հեկեկալով բղավում է Դավիթը: Սվետան բարկանում է ու դուրս վազող Դավիթի ետևից կանչում է` «Դավո՛, արի՛, ցիրկն ի՞նչ ա, շատ գիտե՞ս: Ցիրկ ա, էլի, մեր օրից չի տարբերվում, արի տղաս, որ տեսնես` կհասկանաս, որ ցիրկը հատուկ բան չի, կյանքն էլ իսկը ցիրկ ա»: Տեսողությունից զուրկ փոքրիկ Արամը լարել է լսողությունն ու փորձում է երևակայել «ցիրկի» էությունը, որի համար եղբայրը «կոտորում» է իրեն: